Մի անգամ տանից դուրս գալուց նկատեցի մի փոքրիկ տղայի, որ կանգնած կամաց ծեծում էր դիմացի հաևանի դուռը:
- Տղաս, ու՞մ ես փնտրում,-հարցրի:
- Հայրիկիս եմ փնտրում, դուք չե՞ք տեսել նրան:
Կանգնած ուղիղ նայում էր աչքերիս, լացակումած աչքերով այդ փոքրիկ տղան, մոտ 6 տարեկան, ակնկալելով պատասխան։
Ես ընկա մտածմունքի մեջ, քանի որ այդ բնակարանում արդեն մի քանի տարի է ոչ-ոք չէր բնակվում։
- Տղաս, փոքրիկս, բայց այս բնակարանում ոչ ոք չի բնակվում:
Ի պատասխան տղան սկսեց արտասվել ու նստեց աստիճաններին։
- Քեռի ես գիտեմ նա այստեղ է, մայրս ասաց, որ հայրդ մեր հին տանն է ապրում, ես շատ եմ ուզում տեսնել իմ հայրիկին, մենք շատ կարոտում ենք նրան:
Այդ ժամանակ զանգեց հեռախոսս:
- Տղաս, չգնաս մինչև գամ:
Վերցրեցի հեռախոսը ու սկսեցի խոսել, իսկ երբ շրջվեցի տղան այլևս չկար։
Ամբողջ երեկո այդ փոքրիկ տղան դուրս չէր գալիս իմ մտքից։
Որոշեցի հարցնել հարևանուհուս, թե ովքեր էին ապրում այս բնակարանում:
- Բայց այդտեղ արդեն մոտ 5 տարի է ոչ ոք չի ապրում: Հա՜ա՜ա՜ հիշեցի դա երևի Գոհարի տղան կլինի, ամուսնու զոհվելուց հետո չկարողացավ ապրել այդ տանը, որտեղ ամեն ինչ Սամվելին էր հիշեցնում, տեղափոխվեցին: Կարծեմ՝ կողքի մուտքում վարձով են ապրում։
Անցան օրեր, ժամանակի հետ սկսեցի մոռանալ այս պատմության մասին, երբ
նոր տարվա նախօրեին լսեցի նորից նույն դռան կամաց թակոցը, ակամայից հիշեցի այն երեխային ու շտապ բացեցի իմ դուռը։
Փակ դռան մոտ նորից արտասուքն աչքերին կանգնած էր նույն տղան ու շատ կամաց թակում էր դուռը, շշնջալով.
- Հայրիկ, պապա բաց արա դուռը, ես եմ՝ Դավիթը, շատ եմ կարոտել քեզ, բաց արա դուռը:
- Տղաս ի՞նչ է պատահել, ու՞ր է մայրդ:
- Մայրս տանն է, ես հայրիկիս եմ փնտրում:
Խնդրեցի որ գա իմ տուն, իսկ ես գնացի հարևանուհուս կանչեցի, մինչև վերադարձա բազմոցին կուչ եկած քնել էր երեխան։
- Ես գիտեմ նրանց տունը գնամ մորը կանչեմ,-
ասաց հարևանուհիս։
Ծածկեցի երեխային ու նստած նայում եմ այդ փոքրիկին, արցունքները ակամայից թափվում էին աչքերիցս։
Դուռը զանգեցին, բացեցի ու ապշեցի տեսնելով երեխայի մորը:
-Աստվա՜ծ իմ:
Ճանաչեցի:
1992 թիվն էր, կատաղի մարտեր էին ընթանում Հաթերքի ձորակում, նահանջ ժամանակ նկատեցի մի վիրավոր երիտասարդի:
- Կամանդիր, խնդրում եմ, ինձ դուրս բեր էստեղից, գիտեմ չեմ ապրի, տղա եմ ունեցել չեմ տեսել, օգնիր, գոնե տեսնեմ նոր…
Քանի որ ես էլ ոտքից վիրավոր էի, մի կերպ գրկեցի դուրս բերեցի ու մեկ ուրիշ վիրավորի հետ վիլիսով հասցրեցի Մարտակերտի հոսպիտսլ։
Բժիշկ Արցախ Բունիաթյանն առաջին օգնությունը ցուցաբերեց ու նայելով ինձ գլուխը տարուբերելով ասաց.
- Չի ապրի,Ահարոն ջան, ամենաշատը մի շաբաթ։
«Շտապ օգնության» մեքենան վառելիք չուներ: Երջանկահիշատակ Մանվել Գրիգորյանը Մեծ-Շենում էր, կապով վառելիք խնդրեցի, 20 լիտր ուղարկեց ու «Շտապ օգնության» մեքենան մեզ հասցրեց Ստեփանակերտ։
ՈՒղղաթիռով հասանք Երևան, Մուրացանի հոսպիտալ, արդեն գիշեր էր։
Ես անմիրջապես մեքենա ուղարկեցի այդ վիրավոր տղայի հարազատների հետևից, բերեցին կնոջը՝ նորածին երեխան գրկին, ու մորը։
Ես դուրս եկա սենյակից թողնելով նրանց միասին: Միջանցքում ծխում էի, երբ բուժքույրը եկավ, թե.
- Ձեզ կանչում են։
Մտա հիվանդասենյակ ուր Սամվելն էր պառկած։
Մայյրն ու կինը կողքին նստած էին, իսկ երեխան նրա գրկում։
Սամվելն արդեն չէր կարողանում խոսել։
Բացեց աչքերն ու ձեռքը երկարացրեց դեպի ինձ, ես չհասցրեցի բռնել, ձեռքն ընկավ երեխայի բարուրի վրա։
Ես լուռ դուրս եկա հիվանդասենյակից։
Տեսա Գոհարին ճանաչեցի ուզում էի ինչ-որ բան ասել, բայց խոսքեր չգտա։
Գոհարը չճանաչեց ինձ:
- Կներեք, Ձեզ անհանգստացնելու համար։
Գրկեց փոքիկ տղային ու արցունքն աչքերին դուրս եկավ:
Երկար նստած մտածում էի այս ամենի մասին։
Հիշողությունները մեզ հաճախ տանում են անցյալ, երբեմն էլ մի ամբողջ կյանք դառնում է հիշողություն: Հիշողության մեջ է այն ամենը, ինչը մեզ անընդհատ ստիպում է հետ նայել:
Այս դեպքը գրառելիս ոչ մի վայրկյան չէի կարողանում զսպել արցունքներս: Գրչիս կողքով կաթում ու թրջում էին թուղթը:
Փառք ազատատենչ զոհվածներին ու կրկնակի փառք այսօր կրակի բերան կանգնած անվախ մեր հայ մարտիկներին, ովքեր կուրծքը դրած խրամատի խոնավ թմբին, ծիծաղում են մահվան վրա։
Խնդրում եմ՝ տարածեք, գուցե այդ փոքրիկի մայրը՝ Գոհարը, կարդա ու արձագանքի:
ԱՀԱՐՈՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂ ՀՆԱԲԵՐԴ-ի ՖԲ ԷՋԻՑ