Նախօրեի լրահոսի հիմնական առանցքը Չինաստանում տեղի ունեցող իրադարձություններն էին, որտեղ հերթական անգամ կայանում էր ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) գագաթնաժողովը։ Ահա հենց այս միջոցառման շրջանակներում Հայաստանը, ի դեմս Միրզոյան Արարատի, Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարություն ստորագրեց:
Թերևս առաջին հայացքից տեղի ունեցածը կարող է ներկայացվել որպես «նոր դիվանագիտական ձեռքբերում», սակայն իրականում այն պարունակում է հակասական և վտանգավոր ենթատեքստեր ու խորքային ռիսկեր։
Անհրաժեշտ է ընդգծել, որ Պակիստանը մինչ օրս չէր ճանաչել Հայաստանի անկախությունը (միայն 34 տարի անց)՝ պատճառաբանելով իր բացարձակ համերաշխությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ավելին, 44-օրյա պատերազմի ժամանակ հենց Պակիստանը հանդիսացավ Ադրբեջանի հիմնական զենք մատակարարողներից մեկը․ բացի այդ, տարբեր հավաստի աղբյուրներ փաստում են, որ պակիստանցի բավական մեծ թվով զինյալներ մասնակցել են Արցախում հայկական կողմի դեմ ռազմական գործողություններին։ Այսինքն՝ Պակիստանը ոչ միայն քաղաքական, այլև ռազմական մակարդակում հանդես է եկել որպես Հայաստանի թշնամի պետություն։
Բացի դրանից, թերևս քչերին է հայտնի, որ Պակիստանի քաղաքականությունը կառուցված է պանթուրքիստական օրակարգի վրա, որտեղ Հայաստանն ընկալվում է ոչ թե որպես հավասարազոր պետություն, այլ որպես խոչընդոտ «Թուրան» կոչվող աշխարհաքաղաքական նախագծի համար։ Այս պարագայում Երևանի որոշումը հարաբերություններ հաստատելու ուղղությամբ լուրջ հարցեր է առաջացնում՝ արդյո՞ք սա Հայաստանի ինքնիշխան և իր շահերից բխող քայլ է, թե՞ հերթական զիջում է Բաքվի և Անկարայի դաշնակիցների հետ հարաբերությունների կեղծ «կարգավորման» անվան տակ։
Տրամաբանական է նաև նկատել ժամանակային համընկնումը․ հենց այն պահին, երբ Նիկոլը ՇՀԿ շրջանակում հանդիպում էր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, Արարատը ստորագրում է փաստաթուղթ Պակիստանի հետ։ Հիշեցնենք, որ Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը Ասիայում ամենախորքային և անզիջում հակամարտություններից է։ Երևանը վերջին տարիներին փորձում էր զարգացնել ռազմավարական գործընկերություն Հնդկաստանի հետ, հատկապես՝ պաշտպանական ոլորտում։ Հետևաբար, Պակիստանի հետ այս քայլը ոչ միայն հակասում է այդ ուղղությանը, այլ նաև կարող է ընկալվել Նյու Դելիում որպես Հայաստանի անվստահելիության և երկերեսանիության ազդակ։
Այսպիսով, Հայաստանի կողմից Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ոչ թե առաջընթաց է, այլ արտաքին քաղաքական ճգնաժամի դրսևորում։ ՀՀ կառավարիչները ոչ թե դիվանագիտությամբ են զբաղված, այլ՝ քաղաքական արկածախնդրությամբ։ Այն ցույց է տալիս, որ Երևանը շարունակում է առաջնորդվել «բոլորի հետ և ամենուր» թափթփված տրամաբանությամբ՝ կորցնելով հստակ ռազմավարական ուղղություն։ Թշնամական և պանթուրքիստական օրակարգով շարժվող պետության հետ հարաբերությունների հաստատումը լեգիտիմացնում է վերջինիս հակահայկական դիրքորոշումները և վտանգում է Հայաստանի իսկական դաշնակցային հնարավորությունները։ Իսկ Հնդկաստան-Պակիստան հակամարտության պայմաններում այս քայլը միայն թուլացնում է Երևանի վստահելիությունը և վեր է հանում այն դառը իրականությունը, որ Հայաստանը մնում է առանց հստակ դաշնակցային տեսլականի ու ազգային շահերից բխող արտաքին քաղաքականության։
Այս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր Հայաստանը ղեկավարվում է ոչ թե ազգային շահերի հաշվարկով, այլ խառնաշփոթ, անպատասխանատու և կործանարար մանևրներով՝ սպասարկելով պանթուրանական օրակարգ:
Արմեն Հովասափյան