«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց նախաձեռնած քաղաքական քննարկումների ընթացքի և արդյունքների մասին հարցին ի պատասխան ասաց.
-Արտախորհրդարանական քաղաքական ուժերի մի ստվար մաս, որ իր ներդրումն է ունեցել Հայաստանի երրորդ Հանրապետության կայացման գործընթացում, համամիտ է «Հանրապետության» տեսակետներին` Եվրամիության հետ ասոցացման և խոր, համապարփակ, ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման անհրաժեշտության վերաբերյալ. սա քաղաքական խորհրդակցությունների առաջին և կարևոր արդյունքն է: Հաշվի առնելով, որ իշխանական և ոչ միայն իշխանական քաղաքական ուժերը Մաքսային միության, ապա նաև Եվրասիական միության անդամակցության ուղղությամբ համակարգված են գործում, համակարգված պետք է գործեն նաև եվրաինտեգրման կայացման և Եվրամիության հետ ասոցացման կողմնակիցները: Արդյունք ունենալու համար համակարգի դեմ պետք է պայքարել համակարգով, իսկ դա լուրջ և ժամանակ պահանջող գործ է, ոչ մեկ օրվա խնդիր, վայրկենական արդյունքներ չի խոստանում: Պատմության մեջ էլ չկան նման օրինակներ: Քանի որ գաղափարական տարաձայնություններ չկան, ուստի հիմա քննարկման առարկան համատեղ գործողությունները և դրանց կազմակերպման ժամկետները ճշտելն է: Նպատակը մեկն է` գործընթացները տանել հասարակության համախմբման ուղղությամբ: Մեր մինիմում խնդիրն է հասնել նրան, որ 2014-ի մայիսին Մաքսային միությանն անդամագրվելու համաձայնագիրը չստորագրվի, իսկ մաքսիմումը` Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որ հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը ժամանակի ընթացքում դառնալ Եվրամիության լիիրավ անդամ: Առաջիկայում համախոհ քաղաքական ուժերի հետ մեր խորհրդակցությունները կունենան հրապարակային արդյունքներ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ