«Անդրանիկ ճի՛շդ ժամանակին կը հասնի Նախիջևան՝ սանձելու տեղական խաներու ջարդարար ձեռքերը, ու անկե ալ իրեն հետ ժողովուրդ կցած, կարգ մը թշնամի գյուղեր պատժելե հետո կանցնի Գողթան գավառը, Զանգեզուրի երկայնքի գավառները, որոնք կը փութան Անդրանիկի պաշտպանությունը խնդրելու։ Ան կը դառնա այդ գավառներու հայության հողին, ինչքին և կյանքին պահապան հրեշտակը։
Պետք չէ սպասել ժողովուրդներու երախտագիտության։ Ամեն անգամ որ Զանգեզուրցին վտանգը հեռացած կը սեպե, ծանր կը գտնե Անդրանիկի բանակը, մանավանդ գաղթականները կերակրելու բեռը։
«Դաշնակից»ներու՝ Կովկաս հանդիսավոր մուտքեն անմիջապես հետո, ուրեմն, Անդրանիկ Հայաստանի նորածին հանրապետության իշխանության կը հանձնե իր պաշտպանած ժողովուրդն ու գավառները, Էջմիածնի մեջ կը ցրվե իր բանակը, անցնելու համար Կիլիկիա, ուր ավելի անկախ հողամասի մը տիրանալու հույսեր ծլած են։
Անդրանիկ կրնա՞ր մնալ Երևանի մեջ, նույնիսկ ոսկի գահու վրա, երբ տակավին ուրիշ տեղ իր ներկայությունը փրկարար կը գտնեն։ Ո՛չ և ո՛չ։
Տրամաբանակա՞ն էր Կիլիկիա անցնելու ծրագիրը։ Այո՛։ Պետք էր փորձել։
Թե Անդրանիկ չէ ուզած Հայաստան մնալ, ատիկա Թիֆլիսի մեջ բնակող, Հայաստան բնակիլ չուզող խեղճ մարդու մը նենգամիտ զառանցանքն է, որ հարցուփորձերու նյութ կը փնտռե և չանդրադառնար իր անհարմար և պարսավելի կացության։
Անդրանիկ երբ Էջմիածինը կը թողուր վերջնականապես, կովկասյան ժողովուրդներն ու Հայաստանը կը գտնվեին երկու կարելիություններու եզրին վրա, և ինք հոն դեր չուներ կատարելիք։ Ակնհայտ էր, որ Անգլիացիք փորձեցին և կը ջանային ստեղծել Անդրկովկասյան դաշնություն մը, միացյալ ուժերու թումբ մը՝ Ռուսերու վերադարձն արգիլելու։ Ատոր մեջ Հայն ու Հայաստանը անկարևոր մասնիկ մըն էին ա՛յն «դաշնային» պետության, որուն պիտի գար միանալու վերանորոգյալ Թուրքիան՝ իբրև առաջնորդող և տիրակալ ուժ։ Դժվար չէր ուստի հոն նախատեսել Հայաստանի մը ապագան և զայն հաշտեցնել մեր ակնկալություններուն հետ՝ մեր զոհերուն չափանիշով։
Ան ուստի կը մեկներ Հայաստանեն դեպի Կիլիկիա, անկորնչելի փառապսակ մը իր ճակտին, այն նվերին բերմամբ, զոր ըրած էր իր ա՜յնքան սիրած հայրենիքին՝ Գավառներ և Ժողովուրդ։
Հայրենիքը հավետ երախտապարտ է իրեն։
Իրապե՞ս գոյություն ունեցած է Հայկ Նահապետը՝ կը տարվինք հարցնելու այսօր։ Վաղը գուցե նույն հարցումը՝ Անդրանիկի մասին։
Երկարակեցության մաղթանք մը իր սիրական ազգին համար»։
Վազգեն ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Ֆրանսահայ ճարտարագետ, օդանավաշինարար (1903-1995)
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԲ էջից