Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ֆրենկ Կապրիո՝ արդարության ու մարդկային բարության ձայնը

Ֆրենկ Կապրիո՝ արդարության ու մարդկային բարության ձայնը
21.08.2025 | 13:27

Դատավոր Ֆրենկ Կապրիոն այլևս մեր կողքին չէ։

Նրա մահվամբ աշխարհը կորցրեց ոչ միայն մի բացառիկ իրավաբանի, այլև մի մարդու, ով կարողացավ դատական դահլիճը վերածել մարդկայնության կենդանի դասարանի։

Ես երկար տարիներ մեծ հետաքրքրությամբ ու սիրով հետևել եմ նրա հեռուստատեսային նիստերին եւ մեկ անգամ էլ եղել եմ վերջնական վճիռը կայացնող ժյուրիի անդամ։

Դրանք երբեք պարզապես դատավարություններ չէին։ Դրանք պատմություններ էին մարդկանց մասին՝ իրենց խեղճություններով, ցավերով, անօգնականությամբ կամ անգամ՝ իրենց սխալներով։

Իսկ Կապրիոն այդ պատմությունների մեջ միշտ գտնում էր մարդկային փրկօղակը։

Նա չէր տեսնում միայն օրենքի խախտումը․ նա տեսնում էր այն մարդուն, ում կյանքում երբեմն պատահում էր մի փոքրիկ վրիպում։ Եվ այդ մարդուն նա երբեք չէր դատում, նա փորձում էր հասկանալ, ներել, օգնության ձեռք մեկնել։

Կապրիոն դատավոր էր, բայց առաջին հերթին՝ Մարդ։ Նրա խոսքերը երբեմն ավելի շատ թեթևություն էին բերում մարդկանց, քան արդարադատության ամբողջ համակարգը։ Նա մեզ սովորեցրեց, որ օրենքը չի կորցնում իր ուժը, եթե զուգորդվում է բարությամբ։ Նա ապացուցեց, որ խստությունը չի հակասում կարեկցանքին։

Երբ դիտում էի նրա նիստերը, հաճախ մտածում էի՝ որքան մեծ է տարբերությունը դատավոր լինելու և պարզապես «դատելու» միջև։ Կապրիոն երբեք մարդկանց չէր դատում։ Նա պարզապես կատարում էր իր աշխատանքը՝ հավատարիմ մնալով արդարությանը, բայց ոչ մեկի մարդկայնությունը չվերցնելով նրանից։ Այդ պատճառով էլ նրա դահլիճում մարդիկ դուրս էին գալիս ոչ թե միայն վճիռ ստացած, այլ նաև՝ լսված ու հասկացված։

Նրա մահը ցավալի կորուստ է։ Բայց նրա թողած ուղերձը հավերժ է․ մարդուն երբեք մի դատիր՝ փորձիր հասկանալ։

Եվ այդ ուղերձը շատ ավելի հզոր է, քան ցանկացած դատավճիռ։

Դատավոր Ֆրենկ Կապրիոն եզակի օրինակ էր՝ մարդկային անսահման բարության, սրտացավության և ծառայության։ Նա ապացուցեց, որ մարդը կարող է լինել պրոֆեսիոնալ, պահանջկոտ և միևնույն ժամանակ՝ անկեղծորեն բարի։ Նրա հիշատակը կշարունակի ապրել միլիոնավոր սրտերում, որոնց նա դիպավ իր խոսքով ու իր ժպիտով։

Եվ վերջում… երբեւէ չէի մտածի, որ մի օր կգրեմ այսպիսի տողեր դատավորի մասին եւ երբեւէ, դատավարությունից ջերմությամբ կհեռանամ։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ