Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Մենք պարտվում ենք տեղեկատվական պատերազմում»

«Մենք պարտվում ենք տեղեկատվական պատերազմում»
11.09.2012 | 02:22

Հետաքրքիր է, որ մենք արդեն վաղուց դադարել ենք հավասարակշռված ու լրջախոհ քայլեր կատարելուց: Պատճառն ավելի քան հասկանալի է. չկա համահայկական շահերը հաշվի առնող և տարածաշրջանային իրողությունները նկատի ունեցող ռազմավարական հստակ մշակված ծրագիր: Այս դառը ճշմարտության մեջ մենք մեկ անգամ ևս համոզվեցինք:
Խնդիրը վերաբերում է Ախալցխան զբոսաշրջային կենտրոն դարձնելու, Ռաբատի ամրոցը նորոգելու, մզկիթ բացելու և այդտեղ Շ. Ազնավուրի համերգ տալու հարցին: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ոչ մի արտառոց բան չկա: Բայց դա միայն հպանցիկ ակնարկից հետո:
Մինչդեռ սույն թվականի օգոստոսի 15-ին` համերգի նախօրեին, մի խումբ թիֆլիսահայեր փորձեցին մոտենալ մեծ շանսոնիեին և հորդորել` հրաժարվել ելույթ ունենալու գայթակղությունից: Բանն այն է, որ վրացիները, իրենց բնորոշ ճկունությամբ, բացելու էին մզկիթ և ուղղափառ եկեղեցի: Մեզ հայտնի չէ` Ազնավուրը գիտե՞ր այդ ծրագրի մասին: Այսինքն` մեր հարևանները հաջողությամբ շահարկում են հայկական միամտությունը:
Այս առումով ուշագրավ է համերգից հետո վրացական մամուլի արձագանքը. «Ասավալ-դասավալի» թերթը (20-26.08. 2012) գրեց, որ հայերը նպաստում են թուրքական ազդեցության տարածմանը: Չէ՞ որ մոտ 300 տարի Ախալցխան (թուրքերեն` Ախիսկա) փաշայության կարգավիճակով եղել է Օսմանյան կայսրության կազմում:
Բայց երբ հարցը դիտարկում ենք ճշմարտության և պատմական վավերականության տեսանկյունից, ապա սկզբնաղբյուրները վկայում են, որ Ախալցխան հազարամյակներ շարունակ մտել է Մեծ Հայքի Գոդերձական նահանգի Սամցխե գավառի մեջ: Այս քաղաքի վաղնջական հայկական անունն է Ախուխա: Ցավալի է, որ հայկական կողմը համերգի դիմաց չկարողացավ պահանջել տեղի հայոց եկեղեցիներից գոնե մեկը` Մարդայի Սբ Նշանը (Սբ Վարդանանց):
Ավելին, «Ռուսթավի-2» հեռուստաալիքն անընդհատ եթեր է հեռարձակում Շ. Ազնավուրի իբր ելույթի տեքստը. «Եթե ես ապրեի Վրաստանում, ապա վրացի կլինեի»: Տեսեք, թե ինչպիսի եղանակներով է աշխատում վրացական քարոզչամեքենան: Չէ՞ որ նման «սիրո խոստովանությունը» պարզապես հատուկ չէ Ազնավուրի նման անհատին: Միաժամանակ, վրացական կողմը նպատակ ունի դրանով սեպ խրելու հայության և մեծանուն երգչի միջև:
Իսկ քաղաքական գործընթացները Վրաստանում զարգանում են սրընթաց արագությամբ և այն էլ ի վնաս մեզ: Այսպես, արդեն ցավալի իրողություն է թուրքական ազդեցության հաղթանակն Աջարիայում: Այստեղ այժմ կառուցվել և գործում են 100-ից ավելի մզկիթ ու մեդրեսե: Բացվել են թուրքերենի ուսուցման բազմաթիվ դասընթացներ: Իսկ Բաթումի կենտրոնում արագ թափով կառուցվում է սուլթան Ազիզիեի մեծ մզկիթը: Չմոռանանք, որ Աջարիան ևս եղել է Մեծ Հայքի կազմում (Գոդերձական նահանգի Աճարա գավառ):
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բավականին եռանդուն ու գործնական ղեկավար է: Նրա բազմաթիվ մտահղացումներից մեկն էլ Լազիկա քաղաքի հիմնադրման գաղափարն է: Այն կհառնի Աբխազիայի սահմանին մոտ տարածքում և կունենա մոտ 0,5 միլիոն բնակիչ: Ըստ «Ասավալ-դասավալ» թերթի նույն համարի հավաստման` այս քաղաքն իբր կառուցում են սիրիահայ մեծահարուստները և գործարարները, որպեսզի հետագայում բնակություն հաստատեն այստեղ և Ջավախքում: Հետաքրքրական է, որ Մ. Սաակաշվիլու հրամանով Լազիկայի մուտքի մոտ` որպես «վրացական պատմական ժառանգություն», կառուցվելու է Տայքի նահանգի 7-րդ դարի քաղկեդոնական հայերի կառուցած Բանակ բնակավայրի (վրացերեն` Բանա) զվարթնոցատիպ տաճարը: Լավ է, չէ՞:
Մեր քաղաքականությունը իրավիճակային է` զուրկ ռազմավարական լուրջ հիմնավորումներից: Վաղուց ժամանակն է գիտական մակարդակով հայեցակարգային էական շտկումներ անելու հայոց պատմության մեթոդաբանության մեջ: Օրինակ` «վրաց» Բագրատիոնիների (հայազգի Բագրատունիներ) արքայատոհմի, «Կոլխիդայի» (հայկական` Կողքիս) վրացական պետության, Տայքի, Սամցխեի, Ջավախքի և այլ վայրերի քաղկեդոնական մշակույթի ազգային պատկանելության և այլ հիմնախնդիրների վերջնական լուծման հարցը:
Մեր հակառակորդի հաջողությունները պայմանավորված են հայկական կողմի անգործությամբ և կրավորականությամբ: Մարտահրավերները լուրջ են և սպառնալից, իսկ մենք խոսքի մակարդակից այն կողմ չենք անցնում. «Մենք պարտվում ենք տեղեկատվական պատերազմում»: Իսկ ո՞վ է խանգարում, որ հաղթենք: Հայկական կողմը երբեք նախաձեռնություն չի ցուցաբերում և լիովին անտեղյակ է տարածաշրջանային զարգացումներին ու վիրահայերի հիմնախնդիրներին: Իսկ համանման իրավիճակը կարող է շատ թանկ նստել: Իրավիճակային և տարերային քաղաքականությունը կարող է ծանր վնասներ հասցնել մեզ ու ակամա նպաստել թշնամական ծրագրերի իրագործմանը:


Ռուբեն ՆԱՀԱՏԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3191

Մեկնաբանություններ