ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

«Պիտի ազատվել «հղի» պաշտոնյաներից»

«Պիտի ազատվել «հղի» պաշտոնյաներից»
16.05.2013 | 18:22

Հայրենական ԶԼՄ-ներն օրնիբուն դժգոհում են, թե Հայաստանի քաղաքական կյանքում նոր, թարմ դեմքեր չկան, չկա քաղաքական սերնդափոխություն: ՈՒ թեև տեղից վերկացողն իր պարտքն է համարում հեգնել «քյարթու» քաղաքական գործիչների խոսքն ու գործը, այդուհանդերձ, վերջիններիս ասուլիսները ավելի պատրաստակամությամբ են լուսաբանում, քան նոր ու հետաքրքիր դեմքերի: «Իրատես de facto» ակումբում հյուրընկալված hartak.am կայքի գլխավոր խմբագիր ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ասուլիսն ասվածի լավագույն օրինակն էր: Երիտասարդ գործիչը նախաձեռնել է «Քաղաքական սերնդափոխություն» շարժումը, որի նպատակը ոչ միայն երիտասարդներին հուզող խնդիրների բարձրաձայնումն է, այլև պետական կառավարման մարմիններում նրանց ներգրավմանն աջակցելը:

«Այսօր երիտասարդներն աշխատատեղեր ունենալու, գործատուների հետ հարաբերություններում պաշտպանված լինելու խնդիր ունեն: Մենք ցուրտ ու մութ տարիներ ենք տեսել, դժվար պայմաններում դպրոց գնացել, բայց այսօր մերժված սերունդ ենք»,- ասաց Անի Հովհաննիսյանը, հավելելով, որ այս պարագայում շատ երիտասարդներ բռնում են երկրից հեռանալու ճանապարհը: Ըստ նրա, մրցունակ երիտասարդները Հայաստանում իրենց տեղը չեն գտնում, քանի որ կառավարման համակարգը թույլ չի տալիս նրանց հնարավորություններն արդյունավետ օգտագործել: «Առաջին հերթին պիտի ազատվել «հղի» պաշտոնյաներից, որովհետև պաշտոն ստանալուց հետո «ժառանգում» են փորը: Պիտի ազատվել նրանցից, որովհետև պաշտոն ստանձնելը նրանք հասկանում են ոչ որպես պարտականություն, այլ որպես սնունդ: Պետական ոլորտում անհրաժեշտ են խնդիրներ լուծողներ: Իսկ երիտասարդներն առավել պետականամետ են ու գիտակցում են` ինչ պետք է անել»,- ընդգծեց ակումբի հյուրը` շեշտելով, որ իրենց շարժմանը կարող են անդամակցել բոլոր կուսակցությունների երիտասարդները, ովքեր նպատակ ունեն իրենց ապագան կապելու Հայաստանի հետ և պայքարելու խնդիրների դեմ:
Անդրադառնալով իրենց շարժմանը` Անի Հովհաննիսյանը նկատեց, որ քաղաքական սերնդափոխությունը պետք է բնականոն ճանապարհով ընթանա, այնինչ հներն իրենց աթոռներին «ամուր կառչած» են: «Մրցունակ երիտասարդները մեր երկրում չեն նկատվում: «Քաղաքական սերնդափոխություն» շարժումը նրանց բոլորին` և՛ գյուղի, և՛ քաղաքի երիտասարդներին, հավաքելու է իր շուրջը: Մենք նաև համաոլորտային ուսումնասիրություններ ենք անում և բարձրաձայնում խնդիրները, առաջարկում դրանց լուծման եղանակները: Ստեղծվելու է հզոր երիտասարդական ճակատ, որը կադրեր կապահովի բոլոր ոլորտներում: Մենք ենք որոշելու մեր երկրի ապագան»,- ասաց շարժման նախաձեռնողը` թվարկելով այսօրվա ներքաղաքական խնդիրների ողջ գունապնակը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ