Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«ԱՄՆ-ն ավելի շատ պաշտպանում է Իրաքի նավթի հանքերը, քան եզդի ժողովրդին»

«ԱՄՆ-ն ավելի շատ պաշտպանում է Իրաքի նավթի հանքերը, քան եզդի ժողովրդին»
09.09.2014 | 00:07

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» («Իսլամական պետություն») ծայրահեղական կազմակերպությունը, որը, ըստ որոշ լուրերի, աջակցություն է ստանում Թուրքիայից, հունիսի վերջին Իրաքի և Սիրիայի մի հատվածի վրա հռչակեց Իսլամական խալիֆայության ստեղծումը։ Կազմավորումն իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտարարեց շարիաթի օրենքների գերակայություն և սկսեց ակտիվորեն աշխատել դրանք կյանքի կոչելու ուղղությամբ: Իրաքի Իսլամական պետության վերահսկողության տարածքում դաժան ճնշման են ենթարկվում կրոնական և էթնիկ փոքրամասնությունները` քրիստոնյաներն ու եզդիները:
Շանգալ մարզի եզդի բնակչությունը տեղահանվել է, և այսօր հազարավոր եզդիներ մնում են Շանգալի լեռներում: 60 կմ երկարությամբ և 11 կմ լայնությամբ Սինջար լեռը եզդիների համար թաքստոց է դարձել: Նրանց անհասանելի են ջուրն ու սննդամթերքը: Արևապաշտ եզդիներին ստիպում են անվերապահորեն ընդունել իսլամ: Հրաժարվողներին սպանում են տեղում: Ըստ որոշ տեղեկությունների` մի քանի հազար եզդի տղամարդիկ արդեն իսկ ոչնչացվել են, իսկ կանայք` ստրկության վաճառվել:
Եզդիների միության փոխնախագահ ԽԸԴՐ ՀԱՋՈՅԱՆԸ նշում է, որ այս պահին մարտերը եզդիների դեմ շարունակվում են: Նրա տեղեկացմամբ, Իրաքի քրդական ջոկատները պարտավոր էին պաշտպանել եզդիներին և վերցնելով եզդիների զենքերը` խոստացել էին պաշտպանել, սակայն իրադարձությունների սրացումից հետո հետ են քաշվում` եզդիական համայնքը թողնելով անզեն ու անպաշտպան: Մեր զրուցակիցը չի բացառում, որ Իրաքի քրդական փեշմերգա զորքը իրականում համագործակցել է «Իսլամական պետություն» խմբավորման հետ:
Խըդր Հաջոյանը նշում է նաև, որ այս օրերին եզդիների ջոկատներ են ուղևորվում Իրաք` իրենց եղբայրներին ու քույրերին ծայրահեղականներից պաշտպանելու և պատմական հայրենի տարածքը թշնամու ձեռքից ազատագրելու համար: ՈՒ թեև արևմտյան լրատվամիջոցները ահազանգում են եզդիների ցեղասպանության, նրանց նկատմամբ բռնությունների մասին, սակայն գրեթե անտեսվում է դեռևս ողջ և իսլամիստների ձեռքում գտնվող եզդիների հարցը, որոնց հնարավոր է փրկել գերությունից. «Ես խոսում եմ ավելի քան 2700 կանանց ու երեխաների մասին, որոնք գտնվում են Մոսուլի տարածքում: Նրանցից 300-ին տեղափոխել են Սիրիա` վաճառելու համար, որոնց նկատմամբ 700-800 ԱՄՆ դոլարին համարժեք գին է սահմանված»:
Խըդր Հաջոյանը նկատում է, որ իրականում միջազգային հանրությունը խոսում, բարձրաձայնում է խնդիրը, փորձում է հումանիտար օգնություն ցուցաբերել (մասնավորապես, Գերմանիան մոտ 25 միլիոն եվրոյի աջակցություն է ցուցաբերել), սակայն եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ զրուցելիս հասկանում ես, որ օգնությունն ամբողջությամբ հասցեատերերին չի հասնում: Նույնիսկ տրամադրված սնունդը շատ դեպքերում փչացած է լինում: Այս ամենն արդեն քրդական իշխանության և Իրաքի կառավարության մեղքն է: Խըդր Հաջոյանը նաև պնդում է, որ մի շարք գերտերություններ զենք են տրամադրում Իրաքի քրդական ջոկատներին, որոնք, ի դեպ, փախան և սատար չկանգնեցին եզդի ժողովրդին, սակայն իրականում ցանկալի կլիներ, որ նույն զենքերը տրամադրվեին եզդիական ջոկատներին, որոնք այս պահին կռվում են և արդեն մի քանի բնակավայր ազատագրել են:
Մեր զրուցակիցը նաև ընդգծում է, որ բոլոր երկրներն իրենց շահն ունեն, ԱՄՆ-ն ավելի շատ պաշտպանում է Իրաքի նավթի հանքերը, քան եզդի ժողովրդին: Շատ դեպքերում էլ Արևմուտքի խոստումները կյանքի չեն կոչվում: ԱՄՆ-ի կողմից Իրաքի հյուսիսում զինյալ խմբավորման դիրքերին հասցված ավիահարվածներն իրականում քրդական իշխանության տարածքների ուղղությամբ են, այն տարածքների, որոնք մոտ են նավթի հանքերին, այսինքն, պաշտպանում են քրդական իշխանության տարածքները, որտեղ գտնվում են նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչները, պաշտոնյաները, ինչը փաստել է ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբաման. նա արտոնել է ավիահարվածները, քանի որ վտանգված է ԱՄՆ-ի քաղաքացիների կյանքը, որոնք այնտեղ գործունեություն են ծավալում, և հետո միայն եզդի ժողովրդին ցեղասպանությունից փրկելն է շեշտում: Նշեմ նաև, որ վերոնշյալ խմբավորման կողմից ԱՄՆ-ի երկու լրագրողների սպանությունից հետո է միայն ԱՄՆ-ը «զայրացել» և դուրս եկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ` խնդրելով մի շարք միջազգային կառույցների ու երկրների միանալ իրեն:
Խըդր Հաջոյանը նշում է, որ աշխարհի եզդիական համայնքն այսօր համախմբված է: Տարբեր երկրներից կամավորականների խմբեր են գնում մարտնչելու. «Բնականաբար մեզ համար կա երկու գերխնդիր` պաշտպանել Շանգալը, տարածքներն ազատագրել և մարդկանց ապահովել սննդով ու առաջին անհրաժեշտության պարագաներով»:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ