Սեպտեմբերի 1-ից հասարակական կազմակերպությունների համար հայտարարվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող հերթական դրամաշնորհային մրցույթը՝ 21 անվանակարգում: Անվանակարգերը բազմոլորտ են՝ ծխելու դեմ պայքար, բնապահպանություն, վերարտադրողական առողջություն, գյուղական համայնքների խնդիրներ, մերօրյա հերոսների փառաբանում, Ցեղասպանության հարյուրերորդ տարելից:
Դրամաշնորհային մրցույթները մեկ տարի է, ինչ իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն: Այս ընթացքում մրցույթին մասնակցելու համար Հայաստանի երիտասարդական հիմնադրամին ներկայացվել է ՀԿ-ների մոտ 150 հայտ: 70 ՀԿ արժանացել է դրամաշնորհների:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ նշում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհը հասարակական սեկտորը զարգացնելու, ակտիվացնելու նպատակ ունի: «Այս դրամաշնորհը խթան է հանդիսացել նաև նոր ՀԿ-ների ստեղծման համար: Շատ հասարակական կազմակերպություններ ընկնում են դռնեդուռ՝ ռեսուրսներ հայթայթելու համար, սակայն նրանք կարող են մասնակցել մեր դրամաշնորհային մրցույթներին և ծրագրեր իրականացնել: Գումարներն էլ շոշափելի են աշխատանքներ կատարելու համար»,- նշեց Կարեն Ավագյանը:
Որոշ ՀԿ-ներ Հայաստանում այսօր սնվում են արևմտյան աղբյուրներից: Արդյոք նրանք դիմո՞ւմ են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին: Կարեն Ավագյանը նկատում է, որ իրենց համար որևէ նշանակություն չունի՝ հասարակական կազմակերպությունը նախկինում ինչ միջոցներով է իր ծրագրերն իրականացրել. «Մենք ունենք հստակ չափորոշիչներ, և եթե ՀԿ-ն ու նրա ներկայացրած ծրագիրը տեղավորվում են այդ չափորոշիչների մեջ, դրամաշնորհ հատկացվում է»:
Ի՞նչ է արվում՝ հնարավորինս շատ հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային մրցույթի մասին տեղեկացնելու համար: Երիտասարդական հիմնադրամի համակարգողը նկատում է, որ այսօր չկա ինֆորմացիա հայթայթելու խոչընդոտ, եթե տվյալ անձը ցանկանում է գտնել այն. «Տեղեկության տարածման համար օգտագործվում են բոլոր հնարավոր ձևերը: Բացի այդ, «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության հետ համագործակցաբար Հայաստանի երիտասարդական հիմնադրամն առաջիկայում հասարակական սեկտորի ներկայացուցիչների համար կանցկացնի նաև եռօրյա դասընթաց, որի ընթացքում ՀԿ-ների անդամները կիրազեկվեն դրամաշնորհային մրցույթի մասին, կբարձրացվեն ՀԿ-ների կարողությունները և պրակտիկ հմտությունները ծրագրի առաջարկների պլանավորման, մշակման, իրականացման ոլորտներում»:
Խոսելով ՀԿ-ների կողմից ներկայացվող ծրագրերի բովանդակության և որակի մասին՝ Կարեն Ավագյանն անկեղծացավ՝ նշելով, որ իրենց սպասելիքներն ավելի մեծ էին: Նա նշեց, որ ծրագրերի ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են համապատասխան ոլորտների անվանի փորձագետներ, ներկայացուցիչներ ՀԿ սեկտորից: Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ դրամաշնորհ ստացող կազմակերպությունների ծրագրերի ընթացքը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մշտական դիտարկման ներքո է անցնում: Հիմնադրամի մասնագետները մանրազնին հետևում են ծրագրերի կատարողականին:
Տեղեկացնենք, որ հասարակական կազմակերպությունների համար հայտարարված դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ