1990-ի հունվարի 13-ին Բաքվում սկսվեց հայերի ջարդը, որը տևեց մեկ շաբաթ: Այն դադարեցվեց զանգվածային ջարդերի միայն 7-րդ օրը, երբ քաղաք մտան խորհրդային զորքերը։ Մինչ օրս Բաքվում զոհված հայերի ստույգ թիվը հայտնի չէ: Բաքվում բնակվում էր ավելի քան 250 հազար հայ, սակայն մի քանի օրվա ընթացքում այնտեղ հայ չմնաց: Հայերը փախչում էին` թողնելով ամեն ինչ։ Բաքվի դեպքերն Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էին Արցախի հայերի ազգային-ազատագրական շարժմանը:
Այս օրերին Բաքվում հայերի ջարդերի տարելիցի մասին կարծես մոռացել են։ Թուրքագետ Կարեն Սիրունյանը դա կապում է Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցելու հանգամանքի հետ։ Մեր զրուցակիցը նկատում է, որ Ռուսաստանը նոր համագործակցություն է սկսել Ադրբեջանի հետ, ուստի հայկական հասարակական-քաղաքական շրջանակները հավանաբար կարծում են, թե այդպիսով կարող են վնասել Ադրբեջանի հետ գործակցող Ռուսաստանին։
Պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր, երբ խոսում ենք արցախյան խնդրի կարգավորման մասին, այս խնդիրը չենք բարձրաձայնում, ինչը մեծ բացթողում է մեր կողմից։ «Քանի դեռ Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի կոտորածները չեն դատապարտվել միջազգային կազմակերպությունների և Ադրբեջանի կողմից, ոչ մի երաշխիք չունենք, որ դրանք չեն կրկնվի։ Զորի Բալայանը, «Կարգավորում՝ առանց Ադրբեջանի դեմ դատի» վերտառությամբ հոդվածում անդրադառնալով այս հարցին, նշել է, որ չի կարող լինել արցախյան խնդրի կարգավորում առանց այս հանցագործությունների դատապարտման։ Անցել է 25 տարի, և մենք ականատես ենք լինում, որ Բաքվի հայերի կոտորածն աստիճանաբար մատնվում է անտարբերության։ Մեր հիշողության մեջ այս հարցը չպետք է մարի, քանի դեռ Ադրբեջանում շարունակվում է հակահայ քաղաքականությունը, քանի դեռ նրանք հերոսացնում են մարդասպաններին։ Մյուս կողմից էլ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանի և Թուրքիայի քարոզչությունը 2015 թ. համախմբվում հայերի դեմ։ Դրա վառ օրինակը նախագահ Էրդողանի հրավերն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Թուրքիա՝ նշելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը»,- նշեց Գևորգ Մելքոնյանը։
Ըստ պատմաբանի՝ ոչ ոք չէր սպասում, որ Էրդողանն այդպես ցինիկաբար կպատասխանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու ՀՀ նախագահի հրավերին. «Եթե կարճ ամփոփելու լինենք Էրդողանի հաղորդագրությունը հայերին, ապա կարող ենք արձանագրել, որ Թուրքիայի նախագահն ասում է՝ ձեր Ցեղասպանության օրը մեզ համար հաղթանակի օր է։ Գալիպոլիի ճակատամարտը նշելու օրը Թուրքիայի նախագահի կողմից ընտրվել է մեր վիշտը նսեմացնելու համար։ ՀՀ նախագահի պատասխանը շատ դիպուկ էր՝ հիմնված պատմական անհերքելի փաստերի վրա։ Նախագահ Սարգսյանի պատասխանում հղում կար նաև օտար հեղինակներին, ինչը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայոց ցեղասպանության մասին խոսում է ամբողջ միջազգային գիտական հանրությունը»։
Թուրքագետ Կարեն Սիրունյանն էլ ընդգծեց, որ ՀՀ նախագահի պատասխանը շատ դիպուկ էր և փայլուն դիվանագիտական. «Լավ կլիներ, որ ՀՀ նախագահն ավելացներ նաև, որ Թուրքիա իր այցը կլինի միայն Ծիծեռնակաբերդ Էրդողանի այցելությունից հետո, որտեղից երկու նախագահները կուղևորվեն Գալիպոլիի մարտերին նվիրված միջոցառմանը մասնակցելու։ Թուրքիայի ուղեգիծը հասկանալի է՝ ներողություններ, որոնք մեզ հետաքրքիր ու հասկանալի չեն։ Ներողության տակ մենք հասկանում ենք հստակ գործողություններ. պետական պաշտոնական շրջանակների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում, փոխհատուցման հարցի քննարկում»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ