Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«ՌԴ հայ երիտասարդության գիտակից մասը փորձում է ամեն կերպ աջակցել իր հայրենիքին»

«ՌԴ հայ երիտասարդության գիտակից մասը փորձում է ամեն կերպ  աջակցել իր հայրենիքին»
17.03.2015 | 00:06

Հասարակական գործիչ, Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսի (ՌՀԵԿ) նախագահ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ծնվել է Գյումրիում, ապրել է այնտեղ մի քանի տարի, սակայն երկրաշարժից հետո, քանի որ քաղաքում հնարավոր չէր աշխատանք գտնել, ընտանիքով տեղափոխվում են Մոսկվա, որտեղ և Անդրանիկն ընդունվում է ՌԴ ԱԳՆ միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ: Շարունակել է ուսումը մագիստրատուրայում «Միջազգային ֆինանսներ» ուղղությամբ, իսկ այժմ սովորում է նույն համալսարանի ասպիրանտուրայում՝ «Միջազգային տնտեսություն» ուղղությամբ: Հայկական հարցերով հասարակական գործունեությամբ զբաղվում է համալսարանի երկրորդ կուրսից սկսած:
Խոսելով Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդների մասին, նշելով լավ ու վատ կողմերը, առանձնահատկությունները՝ հայ երիտասարդը նշում է, որ բավականին դժվար է այդ համեմատությունը տանել, քանի որ երիտասարդությունը բազմատեսակ է և ընդգրկում է ինչպես տաղանդավոր երիտասարդների, այնպես էլ նրանց, որոնք պարապ են անցկացնում իրենց օրը՝ ոչ մի դրական գործ չանելով ո՛չ իրենց համար, ո՛չ էլ հասարակության:
«Եթե խոսենք անմիջապես հայ երիտասարդության մասին, ապա ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում մեր ավանդույթները մեծ ազդեցություն ունեն երիտասարդների շրջանում: Ռուսաստանում հայ ընտանիքներն ավելի շատ հնարավորություն ունեն երեխաներին լավ կրթությամբ ապահովելու, սակայն այստեղ մենք կանգնած ենք կարևոր մի խնդրի՝ մշակութային ձուլման առջև: Ոչ տեղաբնիկների համար դա բնական գործընթաց է, և պայքարելն էլ դրա դեմ դժվար է՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ Ռուսաստանում չկա այնպիսի մի կառույց, որը արդյունավետ կաշխատեր այս հարցի լուծման գործում: Ռուսաստանի հայ երիտասարդության գիտակից մասը փորձում է ամեն կերպ աջակցել իր հայրենիքին, և եթե այդ երիտասարդությունն իր սահմանափակ հնարավորությունների պատճառով չի կարողանում Հայաստանի համար անել հնարավորինս շատ բան և այն ամենը, ինչ ցանկանում է, ապա, համոզված եմ, մոտակա ապագայում այդ հնարավորությունները միայն կընդլայնվեն, և գործն էլ կշատանա: Եթե ճիշտ օգտագործվի այդ ներուժը, ապա դժվար կլինի գերագնահատել այդ ամենի դրական ազդեցությունը Հայաստանի ճակատագրի հարցում»,- նշում է Անդրանիկ Հովսեփյանը:
Մեր զրուցակիցը ցավով է նշում, որ Հայաստանում երիտասարդության զգալի մասը ցանկանում է լքել հայրենիքը՝ սխալ կարծիք ունենալով՝ իբր այլ երկրներում լավ կյանքն իրենց համար երաշխավորված է։ «Չնայած դժվար է նրանց մեղադրել դրա մեջ, քանի որ արտագաղթի խնդիրը Հայաստանում բավականին սուր է, և պետական մասշտաբով դրա դեմ ոչ մի լուրջ պայքար չի մղվում: Եթե Հայաստանում լուծվեն մի շարք սոցիալական հարցեր, որից հետո երկրի երիտասարդությունն ավելի քիչ կմտածի կյանքի նյութական բաղկացուցչի մասին, ապա համոզված եմ, որ մեր երիտասարդությունը կարող է յուրաքանչյուր հասարակության համար օրինակ դառնալ, քանի որ կմիավորի մեկ տեղ իր տաղանդը, հայկական ավանդույթներն ու ձգտումը դեպի լավագույնը»:
Անդրադառնալով Ռուսաստանում գործող երիտասարդական հայկական կառույցներին՝ Անդրանիկ Հովսեփյանը նշում է, որ 2015 թվականի փետրվարի սկզբին հիմնել են Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսը (ՌՀԵԿ): Դա մի կազմակերպություն է, որտեղ բոլոր որոշումները կայացնում է պատասխանատու երիտասարդությունը՝ հիմք ունենալով համամարդկային արժեքները՝ սերն իր ազգի և պետության նկատմամբ, ազնվությունը, փոխադարձ հարգանքը միմյանց հանդեպ և փոխօգնությունը: Նորաստեղծ կազմակերպությունը ունի լուրջ հեռանկար, քանի որ այն բաղկացած է Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների հայկական երիտասարդական միավորումներից, որոնց անդամները ունեն մեծ փորձ և ամենակարևորը՝ ունեն զարգացման ուղու ճիշտ պատկերացումը: «Չնայած մենք դեռ ամբողջությամբ չենք վերջացրել կազմակերպության կառուցվածքի կայացման աշխատանքները, բայց արդեն 17 կազմակերպություններին ցանկացել են միանալ ևս 5 երիտասարդական կառույցներ: Մենք անպայման աշխատելու ենք բոլոր այն մարդկանց և կազմակերպությունների հետ, որոնք կիսում են հայ երիտասարդության համախմբման և զարգացման այս նպատակը»,- նկատում է մեր զրուցակիցը:
Անդրանիկը համոզմունք է հայտնում, որ Հայաստանի երիտասարդությունը կարող է լինել մրցունակ ոչ միայն Ռուսաստանում, այլև այլ երկրներում, քանի որ մենք՝ հայերս, ունենք հզոր ներուժ և շատ ժամանակ, ցավոք, այն չենք օգտագործում: Բանն այն է, որ համացանցում կան բազմաթիվ կրթական աղբյուրներ, որոնք բաց են յուրաքանչյուրի համար, կարևոր է՝ ունենալ դրանց ծանոթանալու, ինքնակրթման և ինքնազարգացման ցանկություն, իսկ կրթական համակարգն էլ պետք է տա երիտասարդին աճի հարկավոր ուղղությունը և ընդարձակի սերը կրթության նկատմամբ:
Խոսելով Ռուսաստանի հայկական համայնքի մասին՝ Անդրանիկը նշում է, որ սխալ մի կարծիք է տարածված, համաձայն որի՝ Ռուսաստանում գոյություն ունի հայկական սփյուռք: Իրականում կան բազմաթիվ հայկական կազմակերպություններ, որոնք իրենց մակարդակով որոշ հարցեր են լուծում, որոնք առաջանում և նույնպես անհետանում են՝ անելով միայն այն նեղ գործը, որը տվյալ պահին իրենց հարկավոր է՝ հաշվի չնստելով Ռուսաստանի հայ բնակչության կարիքների և շահերի հետ: Երկրում չկա արդյունավետ համառուսաստանյան հայկական որևէ կազմակերպություն, քանի որ չեն լուծվում տեղի հայ բնակչության լուրջ և համապետական նշանակություն ունեցող հարցերը: Միգուցե կան առերևույթ բաներ, կան թվեր և գեղեցիկ խոսքեր, սակայն փաստը մնում է փաստ՝ կան չլուծված խնդիրներ: «Մեր նոր կառույցի միջոցով մենք դնում ենք ապագայում այդ հարցերի լուծման հնարավորության հիմքը՝ երիտասարդությանը տալով սեփական ճակատագիրը ճիշտ ուղղությամբ տանելու կարողությունը, քանի որ մեր փոխարեն այստեղ ոչ ոք չի լուծելու մեր խնդիրները: Ընդհանուր համակարգի շնորհիվ մենք տալիս ենք մեր երիտասարդներին օգնելու և օգնություն ստանալու հնարավորությունը: Մշակութային ձուլման խնդիրը շատ լուրջ է, որի հետևից էլ մի քանի տասնյակ տարի հետո գալու է ֆիզիկական ձուլման և անհետացման խնդիրը: Խնդիրներ շատ ունենք, և կարևոր է` ճշտորեն հասկանանք դրանց էությունը և այդ խնդիրները լուծելու համար կայացնենք հավասարակշռված և արդյունավետ որոշումներ»,- ասում է Անդրանիկը՝ ավելացնելով, որ ռուսների հիմնական մասը բավականին բաց է վերաբերվում հայերին: Առավել դրական է տրամադրված ռուսների մտավոր և գիտակից շերտը, որը կարողանում է ճիշտ գնահատել ինչպես հայերի դերը համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ, այնպես էլ հայ համայնքի կարևորությունը Ռուսաստանի անցյալի և մեր ժամանակների գործընթացների մեջ: Բայց կա հարցի նաև մյուս կողմը՝ հասարակական գործունեության մշակույթը այստեղ այնքան էլ զարգացած չէ, որի պատճառով շատերը տարբեր կառույցների, այդ թվում` հայկական կազմակերպությունների, վերաբերվում են որպես փակ ակումբների: Եվ իրենց օրինակով հայ երիտասարդները փորձում են կոտրել այդ կարծրատիպն ու ցույց տալ, որ իրականում իրենք բաց են յուրաքանչյուրի համար և պատրաստ համագործակցելու տարբեր անձանց և կազմակերպությունների հետ:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ