Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Արյունալի ու ողբերգական միջադեպեր

Արյունալի ու ողբերգական միջադեպեր
26.06.2018 | 00:43

Թուրքիայում հետընտրական զարգացումների մասին զրուցում ենք թուրք-քրդական հարաբերությունների փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։

-Պարոն Հովհաննիսյան, Թուրքիայում ավարտվեցին արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները։ Ի՞նչ արդյունքներ գրանցվեցին։
-Ըստ նախնական արդյունքների՝ նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվում գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ հավաքելով ավելի քան 25,5 մլն ձայն կամ 52,49 տոկոս: Երկրորդ տեղում Մուհարրեմ Ինջեն է՝ գրեթե 15 մլն ձայնով կամ 30,8 տոկոսով: Խորհրդարանական ընտրություններում նույնպես հաղթել է Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ ստանալով 42,49 տոկոս կամ 293 տեղ: Երկրորդ տեղում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն է՝ 22,67 տոկոս, 147 տեղով: Երրորդ տեղում քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցությունն է՝ 11,62 տոկոս, 67 տեղով, չորրորդ տեղում` 11,13 տոկոսով, 50 տեղով «Ազգայնական շարժում» կուսակցությունն է: Այս խորհրդարան մտավ նաև 2017 թ. նոյեմբերին ձևավորված «Բարի» կուսակցությունը, որը ստացավ 10,1 տոկոս ձայն կամ 44 տեղ:
-Արտահերթ ընտրություններ կազմակերպելով՝ Էրդողանը նպատակ ուներ ամրացնելու իր դիրքերը։ Հասա՞վ այդ նպատակին։
-Դեռ վաղ է խոսել՝ Էրդողանն արդյոք հասա՞վ իր նպատակին, թե՞ ոչ, բայց մեկ բան հստակ է՝ կարողացավ խորհրդարանում որոշակի հավասարակշռություն ապահովել, բայց, ա՛յ, նախագահական ընտրություններում, կարծես, նա խոցելի է:
-Քրդական ուժերը պահպանե՞լ են իրենց նախկին դիրքերը։ Ինչպե՞ս են քվեարկել քրդաբնակ շրջանները։
-Թուրքիայի հարավարևելյան և արևելյան նահանգները քվեարկել են քրդամետ կուսակցության և Դեմիրթաշի օգտին, իսկ հարավային քրդաբնակ նահանգները քվեարկել են Էրդողանի և Ինջեի օգտին: Պետք է նշեմ, որ արևելյան նահանգներից միայն Կարսն է, որ նախկինի պես քվեարկել է Էրդողանի օգտին: Ընդհանուր առմամբ այս ընտրությունները քիչ տարբերվեցին ձայների տեղաբաշխման քարտեզով:
-Լրատվամիջոցները հաղորդում են, որ ընտրություններն ընթացել են խախտումներով, եվրոպացի դիտորդների հետ միջադեպերով։ Այս առումով ընտրությունները կարելի՞ է ժողովրդավարական համարել։
-Հարավարևելյան նահանգներում դիտորդական առաքելություն իրականացնող տասը եվրոպացի դիտորդի է ձերբակալել թուրքական իշխանությունը, ընդ որում՝ ձերբակալվածներից մեկը ֆրանսիացի սենատոր է: Ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դիտորդներն իրենց նկատողություններն են արել և բարձրաձայնել ընտրակեղծիքների մասին: Ընտրությունները նաև զերծ չեն մնացել արյունալի ու ողբերգական միջադեպերից. հայտնի է, որ ընտրության օրն իրար վրա են կրակել տարբեր թիմակիցներ Էրզրում նահանգում, ինչի հետևանքով զոհվել է երեք հոգի: Կան նաև ձերբակալվածներ, որոնք մեղադրվում են կեղծարարությունների մեջ: Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունները հեռու են ժողովրդավարական լինելուց, քանի որ հատկապես հարավարևելյան նահանգներում ընթացել են զինված բախումների մթնոլորտում:
-Հետընտրական զարգացումներ Թուրքիայում կանխատեսվու՞մ են։
-Կարծում եմ՝ հետընտրական որոշակի գործողություններ տեղի կունենան Թուրքիայում, բայց ինչպիսի՞ երանգավորում կստանան, հստակ կարելի է ասել միայն վերջնական արդյունքների հրապարակումից հետո:


Զրույցը՝ Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ