ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Այլակրոն հայեր

Այլակրոն  հայեր
17.10.2024 | 19:04

Գուցե երկար ժամանակ մեզնից շատերը, և մանավանդ Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրերը չեն ընդունել նրանց հայոց մեջ՝ փաստարկելով, որ մեր ավանդական հավատի աշխարհընկալումից դուրս են նրանք:

Գուցե պակաս նշանակութուն չի ունեցել նաև մի ծանր իրողություն. մեր ազգի թշնամին, մեր հայրենիքը բռնազավթած, մեր ժողովրդի հանդեպ դարերով դաժան եղած թուրքի կերպարը թույլ չի տվել, որ առաքելական դավանանքի հայը այլակրոն՝ մահմեդական հային ընդունի որպես արյունակից:

Սակայն մարդկության պատմությունը վաղուց է ապացուցել, որ կրոնն ու դավանանքը ազգություն չեն որոշում, և պետությունները երբեք կրոնական պատկանելությամբ դաշնակից չեն ընտրում:

Իմ ընկերներից ոմանք փորձում են ինձ հակաճառել, որ քրիստոնեական կրոնը մեր ազգի հոգեկերտվածքի հիմքում է, որ մեր եկեղեցին դարերով պահպանել ու պաշտպանել է մեր ազգային ինքնությունը, գիր ու գրականությունը, մեծ հաշվով ՝ մշակույթը:

Իհարկե դրանում կա ճշմարտություն։

Բայց Հայկ Նահապետը, Արամ Արքան, Արտաշես արքան, Տիգրան Մեծը հավատով քրիստոնյաներ չէին, ի՞նչ է, ուրեմն

հայ չէ՞ին:

Կան միլիոնավոր սևամորթ, կարմրամորթ և դեղնամորթ տարբեր ազգերի քրիստոնյաներ, հա՞ յ են: Ո ՛չ:

ՈՒրեմն մենք, այս իրողությունից ելնելով, մեր արյունակից քույրերին ու եղբայրերին պետք է չվանենք մեզանից, մանավանդ որ նրանք կրոնափոխ կամ դավանափոխ են եղել ոչ թե խաղաղ պայմաններում, զուտ աշխարհայացքային և հավատքի փնտրտուքի պայմաններում կամ նյութական ապահովության ակնկալիքով, այլ բռնությունների հետևանքով:

Ես ուզում եմ ձեզ ներկայացնել մի ուշագրավ հրապարակում, որը եղել է 2014 թ. Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում ՝ Ռուսաստանի թյուրքալեզու ժողովուրդների ֆորումում (հոդվածը և քննարկումը հրապարակվել են ռուսական Aftershock․news բլոգում):

Նյութն իմ ձեռքն ընկավ պատահականորեն: Համացանցում մի նյութի տակ մեկնաբանություն էի գրել մոտավորապես վերը ասված բովանդակությամբ, որ Թուրքիայում մոտ 300-400 տարի է ՝ այլևս շեղաչք սելջուկ թուրք չկա. այդ երկրի բնակիչները թրքացած հայեր, հույներ, ասորիներ, լազեր, չեչեններ, չերքեզներ են և այլն:

Իմ այդ մեկնաբանությանը մի օգտատեր դրել էր մի հրապարակում ՝որպես մեկնաբանություն իմ մեկնաբանությանը:

Դա Մահթուրք անունով «թուրք» ազգագրագետ պրոֆեսորի չափազանց հետաքրքիր, համարձակ, ծավալուն հոդվածն էր ՝ նկարազարդված տարբեր ժամանակների գեղանկարիչների յուղաներկ դիմանկար գործերով, որոնք բացահայտում են թուրքերի, այսպես կոչված ՝ կերպարափոխությունը դարերի ընթացքում:

«Թուրք» ազգագրագետ պրոֆեսորը թուրք ազգի արմատներին վերադառնալու գիտական պրպտումներով մեկնում է Ռուսաստանի թյուրքալեզու ժողովուրդներով բնակեցված Սիբիրի շրջաններ՝ Յակուտսկ,Ալթայ և այլ մարզեր և Միջին Ասիա, որտեղից սելջուկ թյուրքերը գաղթել են, ճիշտ կլինի ասել` արշավել են դեպի քաղաքակրթության օրրան Փոքր Ասիա և Հայկական լեռնաշխարհ։

Ես չեմ անդրադառնա «թուրք» ազգագրագետի պատմական ակնարկին, որովհետև դա նրա համար է եղել հայտնություն, իսկ մենք լավ գիտենք սելջուկ թուրքերի անցած ուղին:

Ազգագրագետը շրջում է Ալթայի, Յակուտսկի և այլ շրջանների և միջինասիական հանրապետությունների ամենախուլ գյուղերում, ծանոթանում և գրի է առնում ազգագրական հարուստ նյութ ՝ թյուրքալեզու ժողովուրդների բանահյուսական ողջ համալիրը՝ հեքիաթները, ծեսերը, ավանդությունները, երգերն ու պարերը, երաժշտական գործիքներն ու դրանց լադային համակարգը, տան ներսի կառուցվածքն ու ձևավորում-հարդարանքը, տան ճարտարապետական լուծումն ու կառուցվածքը և այլն:

Հայտնի է, որ թյուրքալեզու ժողովուրդներից տափաստանաբնակները մինչև հիմա ապրում են իրենց ազգային համարվող թաղիքե յուրտերում, մինչդեռ թուրքիայում գոնե վերջին հարյուր տարիներին յուրտերում են ապրել միայն խաշնարած քրդերն ու թուրքերը՝ այն էլ ամռան ամիսներին ՝ ոչխարի հոտը արոտավայրեր տանելու ժամանակ:

«Թուրք» ազգագրագետը զարմանում է ահռելի տարբերությունից, որ կա իր խոսքերով՝ Անատոլիայի թուրքերի և իրենց բուն հայրենիքում ապրող թյուրքալեզու ժողովուրդների միջև: Դա նախ նրանց՝ մարդաբանական տեսակի տարբերությունն է․ Թուրքիայի թուրքերը եվրոպոիդ են, իսկ նրանք ՝ մոնղոլոիդ:

Բացի լեզվից, որն այնքան է հեռացել այսպես կոչված մայր լեզվից՝ պարսկերենից, արաբերենից, հայերենից, ֆրանսերենից փոխառությունների պատճառով, որ հաճախ դժվար է եղել միմյանց հասկնալը:

Ազգագրագետը իրավացիորեն հարց է տալիս, որ եթե իրենք նման չեն թյուրքալեզու մյուս բոլոր ազգերին ո՛չ իրենց մարդաբանական տեսակով, և ո՛չ այստեղից բխող ազգային-ազգագրական, հոգեբանական, մշակութային, բանահյուսական և երաժշտական մտածողությամբ, երաժշտական նվագարաններով և դրանց լադային համակարգով, ծեսերով և սովորույթներով, ժողովրդական ավանդություններով, մի խոսքով, այն ամենով, որոնց շնորհիվ ձևավորվում է առանձին էթնոսը, ուրեմն իրենք՝ Թուրքիայի քաղաքացիները, թուրք չեն…

Իսկ եթե իրենք թուրք չեն, ապա ո՞վ են իրենք: Եվ նա վերլուծում է սելջուկ թուրքերի պատմությունը Փոքր Ասիայում և Հայկական լեռնաշխարհում, որը, ըստ էության, բնիկ ժողովուրդների դեմ թուրք- սելջուկների բռնությունների պատմությունն է:

Հայտնի իրողություն է, որ առանց հզոր, մեծաթիվ բանակի, մանավանդ միջին դարերում, երբ ռազմական հիմնական ուժը մարդկային գործոնն է եղել, պետությունը պարզապես գոյություն չէր ունենա:

Փոքր Ասիա և Հայկական լեռնաշխարհ եկած օրվանից թուրք-սելջուկների առաջ ժողովրդագրական անլուծելի խնդիր է առաջանում. դաժան կռիվներում մեծագույն զոհերի գնով ձեռք բերված նոր-նոր կազմավորվող պետականությունը կարող էին կորցնել զինվոր չունենալու պատճառով:

Անընդհատ պատերազմները հյուծում էին թուրք-սելջուկների բանակը. հազարավոր զինվորների մահը ռազմական արշավանքներում այնքան էին նվազեցրել նրանց մարդկային բնական ներուժը, որ գրեթե դադարում է նրանց բնական վերարտադրողականությունը:

Բանակը համալրելու ամենաարագ ձևը հպատակ ազգերից պատրաստի երեխաներ վերցնելն էր: Եվ տևական ժամանակ օսմանյան պետությունը հպատակ ազգերի աղջիկներին և մանավանդ տղաներին բռնությամբ տանում էր: Այդպիսի տղաներից էին կազմված ենիչերիների ռազմական կազմավորումները․նրանք քրիստոնյաների երեխաներն էին, որոնց առանձնակի դաժանության դասեր էին տալիս:

Ի դեպ, պատմության մեջ հայտնի է նման մի այլ իրողություն ևս. թաթար-մոնղոլները, երեք հարյուր տարի իշխելով Ռուսաստանում, դարերով երեխայի տուրք են հավաքել ռուսներից. յուրաքանչյուր ռուս ընտանիք ՝ որպես հարկ, պարտավոր էր երկու երեխա վճարել հորդային ՝ թաթար զինվորներից ծնված: Ոսկե հորդան նույնպես բանակը համալրելու խնդիր է ունեցել:

Թվում է, թե օսմանյան պետությունը կարողացել էր լուծել և՛ շարքային բնակչի ՝ որպես բնական վերարտադրողի, և՛ բանակը ապագա զինվորներով համալրելու խնդիրը: Սակայն հարազատ միջավայրից կտրված 5-8 տարեկան այդ երեխաներին պահել-մեծացնելու համար շատ ժամանակ և նյութական ծախսեր էին պահանջվում պետությունից. պակաս կարևոր չէր նաև ծնողներից, ազգային-մշակութային, բարոյահոգեբանական և կրոնական միջավայրից բռնությամբ հեռացված այդ երեխաներին նոր պայմաններին հարմարեցնելը, իսկ դրա համար հազարավոր խնամակալներ էին պետք:

Եվ թրքացման քաղաքականությունը կտրուկ փոխվում է, մշակվում է նոր հայեցակարգ, որը միաժամանակ երկու խնդիր է լուծում ՝
ա. ժողովրդագրական, այսինքն ՝ թրքախոս կամ թրքացած բնակչության թվի ավելացում. ապա դրանից ածանցյալ ՝
բ. լուծվում էր բանակի անխափան համալրման խնդիրը:

Հզորացող օսմանյան կայսրությանը պետք էին հնազանդ և նվիրված բնակիչներ, իսկ այդպիսիք չէին կարող համարվել նույնիսկ նվաճված ոչ քրիստոնյա ազգերը: Երկարատև պատերազմներից հյուծված թուրքական բանակը նվաճված քրիստոնյա ազգերի տղամարդկանցով ևս չէր համալրվում, քանի որ պետությունը նրանց հուսալի չէր համարում.

չէ ՞ որ քրիստոնյաները մի այլ՝ նվաճվող քրիստոնյա բախտակից ազգի դեմ երբեք չէին կռվի այնպիսի դաժանությամբ, ինչպես կկռվեին օսմանյան ռազմական և հոգեբանական դաստիարակություն ստացած, այսպես կոչված, «թուրքերը»:

Կայսրության հսկայական տարածքում թուրքական պետությանը հարկավոր էին ոչ այնքան հնազանդ կամ հպատակ, որքան անվերապահորեն և մոլեռանդորեն նվիրված բնակիչներ։

Եվ սուլթանական Թուրքիան «հաջողությամբ» լուծում է ժողովրդագրական այդ դժվարին խնդիրը:

Թրքացման քաղաքականությունը քրիստոնյա ազգերի հանդեպ իրականացվում էր ամենադաժան դրսևորումներով և ծանր հարկերով: Շատ քրիստոնյաներ՝ հայերը, հույները, ասորիները, սլավոնները, չէին կարողանում վճարել այն ժամանակների համար չափազանց ծանր հարկերը: Պետությունը՝ բնամթերքից զատ, դրամական գանձումներ էր անում, իսկ գյուղացին կանխիկ փող չուներ: Նա իր առևտուրն իրականացնում էր պարզ ապրանքափոխանակությամբ:

Դրամական հարկերը չվճարող քրիստոնյաները ենթարկվում էին դաժան ծեծի, սպանության, չվճարած հարկի դիմաց տանում էին նրանց երեխաներին, կնոջը: Շատերը հեռանում էին երկրից կամ հարկադրված իսլամ էին ընդունում և որոշ ժամանակ հետո դառնում էին թրքախոս կամ պարզապես թուրք, հետո նաև մահմեդական:

Այս ամենի մասին կան մեծ թվով պատմական փաստեր, պարզապես Թուրքիայի բնակիչներին պաշտոնական թուրքական պատմագիտությունը բնականաբար չի տեղեկացնում․ օսմանյան կայսրության պատմությունը ներկայացվում է ամենադրական գույներով, ասել է թե՝ կեղծված:

Թուրք ազգագրագետին հետաքրքրում է, արդյոք Թուրքիայի պես հսկա երկրի մոտ 80 միլիոն բնակչության մեջ պահպանվե՞լ են սելջուկ թուրքերի անմիջական ժառանգորդները մարդաբանական տեսակետից: Եվ նա սկսում է ճանապարհորդել, իր խոսքերով՝ ողջ երկրով մեկ և կրկին բացահայտումներ է անում: Այդուհանդերձ, թուրք-սելջուկների և թուրքմենական ցեղերի խառնածին ժառանգորդները, որոնց մարդաբանական արտաքինը առավելապես մոնղոլոիդ է, քան եվրոպոիդ, մինչև այսօր էլ պահպանվել են ժամանակակից Թուրքիայի որոշ շրջաններում:

Եվ դա բնական է, քանի որ նրանք չէին կարող ամբողջովին ոչնչանալ, այլ մնալով նվաճած երկրներում ՝ բռնությամբ կնության էին տանում տեղաբնիկների կանանց, այսպիսով երկու տարբեր ռասաների սերումից ծնվում էին երեխաներ, որոնք կրում էին թեև երկու ռասաների հատկանիշները, սակայն նրանց մեջ գերակայում էր մոնղոլոիդ ռասայի մարդաբանական տիպը:

Սակայն պրոֆեսորն իր հոդվածում մատնացույց չի անում այդ շրջանները, համարելով, որ դա անազնիվ կլինի իր կողմից․ չէ՞ որ նրանք ոչնչով մեղավոր չեն, որ թուրք-սելջուկների կենսաբանական հետնորդներն են, այն էլ՝ ոչ զտարյուն:

Նրանք նույն պետության քաղաքացիներն են, և եթե իրենցից որևէ մեկը ազգային ինքնության ճանապարհին ճանաչում, ընդունում և հարգում է իր ազգակից նախնիների արյունը, ոգին և հիշողությունը, ապա ազատ է իր ազգային պատկանելությունը ընտրելիս:

Գիտնականի կարծիքով, այս միտքը շատերին կարող է հանդուգն և անգամ սադրիչ թվալ, քանի որ նրանցից յուրաքանչյուրի մեջ հեքիաթի անտեսանելի հրեշի պես նստած է սարսափը, վախը, որ ունեցել են դարերով սելջուկ թուրքի բարբարոսական դաժանությունների հանդեպ:

Եվ դա բնական է, որովհեսև այդ վախը բռնությամբ թրքացված իրենց պապերից է փոխանցվել ոչ միայն նրանց պատմություններից, այլև ենթագիտակցության մակարդակով, և նրանց հնազանդ ու օրինապահ լինելը սոսկ ներքին վախի հետևանք է:

Նրա կարծիքով, սակայն փոխվել են ժամանակները, և փոխվել են իրենց՝ բռնի թրքացած ազգերի օգտին, հետևաբար պետք է թոթափել այդ վախը և համարձակ նայել իրողությանը, իսկ իրողությունը պահանջում է վերադարձ դեպի ազգային ինքնություն․ այսօր Թուրքիայում և՛ ղեկավար այրերը, և՛ շարքային մարդիկ ազգային ինքնության բացահայտման խնդիր ունեն:

Գուցե շատերը հարցնեն պրոֆեսորին, թե ինչու՞ է ինքը հիմա խոսում իրենցից յուրաքանչյուրի և բոլորի ազգային ինքնության մասին:

Պատասխանն ավելի քան պարզ է․ վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ և համարձակ են խոսում Թուրքիայում բնակվող հայերի, հույների, ասորիների և այլ ազգերի կոտորածների ու տեղահանության, նրանց բռնի թրքացման մասին:

Նրանց շրջապատում հանդիպում են մարդկանց, ովքեր չեն թաքցնում իրենց հայկական, հունական, ասորական ծագումը, շատերը պատմում են, որ իրենց մեծ մայրը, մայրը, անգամ պապը հայ է եղել:

Հիշենք Ֆաթիե Չեթինի մեծ մոր պատմությունը։ Քանի՜ - քանի՜ այդպիսի աղջնակներ են բռնի թրքացվել․ գաղթի ճանապարհին ինչ-որ թուրք կամ քուրդ դաժանորեն խլել են նրանց հարազատներից: Այլակրոն հայերի մասին է գրում իր՝«Սիրտս քեզնով է խայտում» գրքում թուրք գրող Քեմալ Յալչընը։Այս գրքին առանձին հոդվածով կանդրադառնամ։

Իր հոդվածի վերջում պրոֆեսոր Մահթուրքը դիմում է իր հայրենակիցներին, որպեսզի նրանք գրեն իրենց ընտանիքի պատմությունը, գրեն անկեղծորեն, սրտացավորեն, գրեն պատասխանատվության մեծ զգացումով:

Նրանց ամեն մեկի նախնիների հոգիները անհանգիստ են և թափառում են տիեզերքի անհունի մեջ, նրանք հարկադրված դավանափոխ և լեզվափոխ են եղել, որպեսզի փրկվեն կոտորածից ու ստույգ ցեղասպանությունից իրենց զավակներն ու զավակների զավակները, հակառակ դեպքում, այսօր չէր լինի նրանցից յուրաքանչյուրը:

Նա հիշեցնում է, որ իրենց երակներում հոսում է իրենց պապերի արյունը, և գիտնականը հորդորում է նրանց վերադառնալ հարազատ արմատներին:

Ահա այսպիսի հեղաշրջում է սկսվել Թուրքիայի բնակիչների հոգիներում՝ ինքնաճանաչման դժվարին ճանապարհին:
Հիմա բնական հարց է առաջանում․Թուրքիայում ապրող իսլամադավան, թրքախոս, քրդախոս, ալևի դավանանքի զազայախոս մեր հայրենակիցներին մենք կընդունե՞նք որպես հայերի, երբ նրանք հաղթահարեն համընդհանուր վախը և հասկանան, որ,պրոֆեսոր Մահթուրքի մեկնաբանությամբ, այդ պետության մեջ վաղուց թուրքեր չեն ապրում, հետևաբար պետությունն էլ չպետք է կրի պետության մեջ գոյություն չունեցող ազգի տիտղոսը, ուրեմն ինչու՞ պիտի հույնը՝ հույնից, հույնը՝ հայից, հայը՝ հույնից, ասորին՝ հայից և այլ ազգեր իրարից վախենան:
Եվ դարձյալ մեզ մտահոգող հարց` եթե մեր հայրենակիցները ցանկանան վերադառնալ հարազատ ազգի գիրկը, մենք՝որպես ժողովուրդ, նաև Հայ առաքելական եկեղեցին, պիտի մերժե՞նք նրանց:
Մի փաստ, թեև երբեք հրեաներին օրինակ չեմ բերում, բայց այս դեպքը մասնակի նմանություն ունի մեր խնդրի հետ։

Աֆրիկյան սևամորթ մի ցեղախումբ ինչ-որ ժամանակ ընդունել է հուդայականություն, և մի քանի տարի առաջ դիմել էր Իսրայելի կառավարությանը՝ ներգաղթի իրավունք և քաղաքացիություն ստանալու խնդրանքով։ Իսրայելի կառավարությունն անտեսում է մարդաբանական այլ խմբի նրանց պատկանելը, ընդունում է նրանց և ձևակերպում որպես հայրենադարձություն:
Մենք ռասայական տարբերության խնդիր չունենք, մեր ազգակիցները հիմնականում ապրում են մեր հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում:

Եկե՛ք, մտածենք․Ցեղասպանությունից հետո նրանք մեծ զրկանքների գնով մնացին իրենց/մեր հայրենիքում, հոգեկան ծանր ընկճվածությունը հաղթահարելով, շարունակեցին ապրել հայրենի հողի վրա, վերականգնեցին հային հատուկ աշխատասիրությունը, շնորհն ու տաղանդը և ապացուցեցին, որ հայը հայ կմնա նաև դժոխային պայմաններում և իր աստվածատուր տաղանդով դարձյալ ու վերստին օգտակար կլինի աշխարհին ու մարդկությանը:

Նոբելյան մրցանակակիր Տարոն Աջամօղլուի (Տարոն-Մուշի հիշողությունը պահած) հաղթանակը դրա ապացույցն է:

Մենք պիտի կարողանանք հաղթահարել կրոնա-դավանանքային մասնատվածության քաղաքական շինծու արգելքները:
Սա համազգային մեծ խնդիր է:

Ամեն խնդիր ունի իր լուծման բանաձևը:

Մենք կգտնենք այդ բանաձևը:

Մարի ԲԱՂՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 8134

Մեկնաբանություններ