Ձյուն-տոմս-քաղաքապետարան-բնակչություն հակամարտության մեջ ամենակարևոր հատվածը բաց ենք թողնում։
Քաղապետարանը, որպես ինստիտուցիոնալ կառույց, պետք է լինի խնդիրներ ձևակերպող և դրանց իրականացումը վերահսկող համակարգ, ոչ թե ինքն իր առջև խնդիրներ դնող, ինքն իր դրած խնդիրները իրականացնող, և ինքն իրեն վերահսկող կառույց։
Համակարգային խոտանը շատ լավ երևաց ավտոբուսների անվադողերի հարցում։ Երբ պարզվեց, որ դրանք ձմեռային չեն, քաղաքապետարանը, որը միաժամանակ հանդիսանում է թե՛ ծառայություններ մատուցող, թե՛ ինքն իրեն վերահսկող կառույց, անմիջապես անցավ արդարացման ռեժիմի։ Եթե տրանսպորտային ընկերությունը քաղաքապետարանին չպատկաներ, այն անմիջապես կտուգանվեր կամ նույնիսկ կզրկեին լիցենզիայից։ Իսկ այս դեպքում քաղաքապետարանը չի կարող ինքն իրեն տուգանել կամ լիցենզիայից զրկել, ինչի հետևանքով, խնդիր լուծելու փոխարեն, սկսվում է «կռուտիտը»։
Քաղաքապետարանը փաստացի վերածվել է համակարգային մոնստրի՝ իր մեջ ներառելով բազմաթիվ բիզնես գործառույթներ՝ կանաչապատում, աղբահանություն, տրանսպորտ և բազմաթիվ այլ ծառայություններ, որոնք բնույթով բիզնես ծառայություններ են։
Մյուս կողմից, միջազգային փորձը ցույց է տալիս երկու ապացուցված իրողություն. պետական բիզնեսները միշտ կոռուպցիայի որջեր են, իսկ որակական ցուցանիշներով էլ նրանք միշտ զիջում են իրենց ոլորտում մասնագիտացված մասնավոր ընկերություններին։
Ի հակադրություն սրան, եթե քաղաքապետարանը լիներ խնդիրներ ձևակերպող և վերահսկող կառույց, ապա կստանաինք երկու մեծ առավելություն:
Առաջինը՝ կանաչապատումից սկսած՝ աշխարհի լավագույն փորձը կներմուծեինք Երևան։
Երկրորդը՝ նույնիսկ աշխարհի ամենաոչկոմպետենտ քաղաքապետ Տիգրան Ավինյանը չէր կարողանա ամենասովորական ձյան պարագայում քաղաքը վերածել ապոկալիպտիկ ֆիլմի թրեյլերի, որովհետև համակարգը, իր ավելի ինստիտուցիոնալ լինելու պատճառով, անկախ անձերից՝ կիրականացներ իր գործառույթները։
Վահրամ Մարտիրոսյան