Ֆուտբոլիստների անվտանգությունը վաղուց է դարձել միջազգային մասնագիտացված կազմակերպությունների օրակարգային խնդիր: Պատճառը մարզաձևի վայ-երկրպագուների կողմից վիրավորական բառամթերքից «սահուն» անցումն է ֆիզիկական հաշվեհարդարի փուլ: Ընդ որում` արդեն զենք-զինամթերքի կիրառմամբ:
Վերջին «քաջագործության» հեղինակները Մոսկվայի «Դինամոյի» երկրպագուներն են, ովքեր մի շաբաթ առաջ հրազենային նշանառության տակ են առել իրենց թիմի խաղացողներին: Գնդակոծելուց զատ, նրանք դաշտ են նետել Կևին Կուրանիին, Բալաջ Ջուջակին, Քրիստիան Նոբոային, Լեանդրո Ֆեռնանդեսին ու մյուս լեգեոներներին հասցեագրված սպառնալից արտահայտություններով թռուցիկներ: Զարգացումների այս հենքի վրա բնավ էլ պատահական չէ, որ դրսեկ ֆուտբոլիստներն սկսել են իրենց համար նոր աշխատատեղեր փնտրել:
Կատարվածի առնչությամբ իր տագնապն է փոխանցել FIFPro-ն` Ֆուտբոլիստների ու մարզիչների միջազգային արհեստակցական միությունը, որը Ռուսաստանի ֆուտբոլային չինովնիկներին կոչ է արել լրջորեն մտահոգվել ֆուտբոլիստների անվտանգության հարցերով` խնդիրը դիտարկելով նաև այդ երկրում 2018 թվականին կայանալիք աշխարհի առաջնության ենթատեքստում: «Ֆուտբոլասերները կրակել են իրենց խաղացողների վրա: Սա երևակայության սահմաններից դուրս է,- ասվում է FIFPro-ի գլխավոր քարտուղար Թեո վան Սեգելենի հայտարարությունում:- 2018-ին Ռուսաստանը հյուրընկալում է աշխարհի առաջնությունը: Չեմ կարծում, թե շատ խաղացողներ անհամբերությամբ են սպասում մրցաշարին` իմանալով, որ իրենց անվտանգությունն ապահովված չէ: Սա ևս մեկ ազդանշան է, որ ՌՖՄ-ն (Ռուսաստանի ֆուտբոլային միությունը- Մ. Հ.) ու իշխանության պետական մարմիններն իրենց ջանքերն ուժեղացնեն ֆուտբոլային խուլիգաններից բոլոր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներին պաշտպանելու համար: Կարծում եմ` մեր բախտը բերել է, որ այս անգամ խաղացողներից ոչ ոք լրջորեն չի տուժել: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանում ֆուտբոլիստները դառնում են ֆանատների շարժման զոհ»:
Իր հերթին Մոսկվայի «Դինամոյի» նախագահ Գենադի Սոլովյովը նշել է, որ միջադեպից հետո ակումբի բազայի պաշտպանությունն ուժեղացված է, միջադեպի մասին տեղյակ է պահվել ոստիկանությունը, հարուցվել է քրեական գործ «Խուլիգանություն» հոդվածով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ