Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Առաջատարներն ընթացիկ տուրում

Առաջատարներն ընթացիկ տուրում
30.10.2012 | 12:04

Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններից այս անգամ մեր ուշադրության կենտրոնում են հայտնվել Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի առաջատար ակումբների ելույթները, թեպետ եղել են նաև որոշակի բացառություններ:
Իսպանիայի առաջնության իններորդ տուրում հերթական հաղթանակը տարավ «Բարսելոնը»: «Ռայո Վալեկանոյին» հյուրընկալված բարսելոնցիները հինգ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը` սեփականը պահելով չոր: Կատալոնցիները քսանհինգ միավորով գլխավորում են աղյուսակը: Իր հերթական գոլերն է խփել Լիոնել Մեսին` դրանց թիվը հասցնելով տասներեքի ու միանձնյա գլխավորելով ռմբարկուների ցուցակը: Նույնպիսի հաշիվ է գրանցվել և «Մալյորկա»-«Ռեալ» (Մադրիդ) դիմակայությունում: Մեսիի հետ հեռակա մրցավեճում Ռոնալդուն նույնպես դարձել է երկու գոլի հեղինակ ու ներկայումս ակտիվում ունի տասնմեկ գնդակ:
Հաղթելու դեպքում «Բարսելոնին» հավասարվելու հնարավորություն ուներ միայն Մադրիդի «Աթլետիկոն»: Այս ակումբը գերազանց է մեկնարկել ընթացիկ առաջնությունում ու հաճելիորեն ներքաշվել լիդերության համար «Բարսելոն»-Մադրիդի «Ռեալ» ավանդական մրցակցության մեջ: «Օսասունայի» հետ պայքարում սեփական հարկի տակ «Աթլետիկոն» վաստակեց հերթական երեք միավորը (3:1): Իր հերթապահ գոլը խփեց Ֆալկաոն` դրանց թիվն ընթացիկ առաջնությունում հասցնելով տասի:
Շնորհիվ իսկապես ոսկե Զլատան Իբրահիմովիչի` Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն արտագնա խաղում առավելության հասավ «Նանսիի» նկատմամբ ու քսաներկու միավորով գլխավորեց առաջնությունը: Հաղթելու դեպքում նրան հասնելու հնարավորություն ունի «Մարսելը», որը երեկ հյուրընկալեց իրենից մեկ միավորի հեռավորությամբ գտնվող «Լիոնին»:
«Կատանիա»-«Յուվենտուս» դիմակայությունն Իտալիայի առաջնության առաջատարի համար հեշտ չստացվեց: Դա բավականին լարված ու նյարդային պայքար էր: Այստեղ գրանցվեց ընդամենը մեկ գոլ (Արթուրո Վիդալ, 57-րդ րոպե), ինչն էլ հնարավորություն տվեց «Յուվեին» շարունակելու վստահորեն գլխավորել երկրի ներքին առաջնության մրցավազքը:
Պորտուգալիայի առաջնությունում «Բենֆիկան» շարունակում է մնալ առաջին հորիզոնականում: «Ժիլ Վիսենտեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո ակումբն այժմ ունի տասնյոթ միավոր: «Էշտորիլին» նրա իսկ դաշտում հաղթելուց հետո (2:1) նույնքան միավոր ունի և պորտուգալական ֆուտբոլի մյուս հեղինակավոր ակումբը` «Պորտուն»:
Եվրոպական առաջատար ակումբների խաղերի մեջ, պիտի խոստովանենք, այնուամենայնիվ «Չելսի»-«Մանչեստր Յունայթեդ» հանդիպումն առանձնահատուկ էր: Խնդիրը բնավ էլ այն չէր, որ տանտերերին հաղթելու դեպքում մանկունիացիները կարող էին առաջատարից հետ մնալը հասցնել մեկ միավորի և հասնել նախօրեին հաղթանակ տարած «Մանչեստր Սիթիին»` նրա հետ կիսելով երկրորդ-երրորդ տեղերը: Խնդիրն ավելի շատ Ալեքս-Ֆերգյուսոն-Ռոբերտո դի Մատեո դիմակայությունն էր` տակտիկական մտածողությունում ի՞նչն ավելի ճկուն կգտնվի` փո՞րձը, թե՞ երիտասարդությունը:
Արդեն տասներկուերորդ րոպեին մանչեստրցիներն առջևում էին 2:0 հաշվով: Սա հսկայական առավելություն է «Յունայթեդի» պարագայում, որը գիտի հաշիվ պահել: Սակայն տուգանայինից Խուան Մատայի գերազանց գոլը «Չելսիի» առաջ հույսի դռներ բացեց: Կարևորն այն էր, որ խաղի հաշիվը կրճատվեց առաջին խաղակեսում, ինչը երկրորդ քառասունհինգ րոպեներին ավելի պակաս նյարդային գործելու հնարավորություն կտար: Ռամիրեսը խաղի հավասարակշռությունը վերականգնեց արդեն հիսուներեքերորդ րոպեին: Թե դրանից հետո ինչ մոծակ խայթեց խաղի մրցավարին, անգլիացիները երկար ժամանակ են հիշելու և քննարկելու: Մարկ Կլատենբուրգից ընդամենը հինգ րոպե պահանջվեց «Չելսիին» ինը հոգով թողնելու համար, իսկ նրա «գլուխգործոցը» եղավ խաղից դուրս վիճակից Չիչարիտոյի խփած գոլը հաշվելը: «ՄՅ»-ն կարողացավ հաղթական հաշիվը պահպանել մինչև խաղավերջ` լրացուցիչ ինտրիգ հաղորդելով երկրի առաջնությանը: Ինչևէ: Անկախ ամեն ինչից, խաղը չափազանց գեղեցիկ ստացվեց, բացառիկ դիտարժան, որտեղ հաղթանակի էր արժանի կողմերից յուրաքանչյուրը:
«Չելսիի» պես պարտություն կրեց գերմանական առաջնության առաջատարը (1:2)` նույն «Չելսիի» պես շարունակելով մնալ աղյուսակի առաջին հորիզոնականում: Մյունխենցիների նյարդերը սղոցողը «Բայերն» էր, որը վերջին անգամ մրցակցին արտագնա խաղում հաղթել էր սրանից մեկ էլ քսաներեք տարի առաջ: Ասենք, որ հաղթական գոլի հեղինակը «Բավարիան» ներկայացնող Բոատենգն էր, ով ճակատագրի քմահաճույքով դարձավ ինքնագոլի հեղինակ ու ընդհատեց սեփական թիմի ութ խաղ անընդմեջ ձգվող հաղթական խաղերի ընթացքը:
«Շալկեն» հյուրընկալելիս նվազագույն հաշվով հաղթեց «Նյուրնբերգին» ու բարձրացավ երկրորդ հորիզոնական, իսկ երկրի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում հաղթեց «Ֆրայբուրգին» (2:0):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ