Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մեսիի ռեկորդային 88 գոլը

Մեսիի ռեկորդային 88 գոլը
14.12.2012 | 11:57

Ժամանակակից աշխարհում ամեն ինչ այնքան արագ է փոխվում, որ երեկվա իմացածդ նորությունը հաջորդ օրն իսկ վերածվում է հնության, և խոշոր հարց է՝ անցյալի պաշարով դինոզավրանման չե՞ս ներկայանա հանրությանը, եթե երեկվա տեղեկացվածությունդ միամտորեն փորձես փոխանցել այսօրվա գիտելիքներով զինված մարդուն: Ահա թե ինչու մեջս տագնապ կա, որ փոխված կլինի և համաստեղությունների իմացածս ութսունութ թիվը, ու կարող է ծիծաղելի դառնամ ընթերցողի համար, եթե Մեսիի ութսունութ գոլի ու համաստեղությունների ութսունութ թվի միջև փորձեմ կապեր տեսնել՝ անուղղակիորեն ուղղակի հաստատելով զարմանահրաշ այս ֆուտբոլիստի այլմոլորակային լինելու պարագան, ում այդպիսին լինելու փաստը, ի դեպ, ոչնչով ինձ հետ չի կապվում, որովհետև, ինչպես կասեր գյումրեցին իր առարկություն չընդունող տոնով, «ըդիկ ըդպես է»:

Անցած կիրակի Իսպանիայի առաջնությունում «Բետիսին» երկու գնդակ խփելով` Մեսին նախ կրկնեց, ապա և գերազանցեց գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ, դասական առումով կենտրոնական հարձակվող Գերդ Մյուլլերի` օրացուցային մեկ տարում խփած գոլերի ռեկորդը:
Հաշվի առնելով, որ մինչև տարեվերջ «Բարսելոնի» կազմում արգենտինացին դեռ երկու խաղ էլ ունի անցկացնելու (սեփական հարկի տակ՝ Մադրիդի «Աթլետիկոյի», արտագնա խաղում՝ «Վալյադոլիդի» հետ), ինչպես նաև նկատի ունենալով կախարդական այս ֆուտբոլիստի գոլային հիրավի անկոտրում պապակը, ավելի քան ռեալ է, որ այդ ութսունութը թվային այլ արտահայտություն ունենա: Սակայն սույնը որքան էլ կարևոր, համենայն դեպս, այնքան էլ առաջնային չէ դիտարկելիք այն հենքի վրա, որ ուզում ենք քննության առնել մեր այս հրապարակման մեջ: ՈՒ քանի որ հարկ եղածից ավելի քան երկար եղավ մեր խոսքի նախաբանը, հետայսու խոստանում ենք գնալ կարճ ճանապարհով` ասելիքից բխեցումներ ու հետևություններ անելը թողնելով Ձեզ:
Ռեկորդի անկմանն առաջինը արձագանքողներից մեկն եղավ Գերդ Մյուլլերը: Ի պատիվ իրեն, արձագանքեց համաչափ, կյանքի փորձառություն ունեցող մարդու խոհունությամբ, ով հրաշալի գիտակցում է, որ այս աշխարհում ոչինչ հավերժական չէ (ինքն էլ է, չէ՞, ուրիշ մեկի ռեկորդը գերազանցել): Լսենք նրան.
«Իմ ռեկորդը պահպանվում էր 1972 թվից: Շուրջ քառասուն տարի: Եվ ահա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը գերազանցեց այն: Նա անհավանական խաղացող է, գիգանտ: Սակայն սրա հետ մեկտեղ Լիոնելը նաև բարեհամբույր, համեստ երիտասարդ է: Հուսով եմ, որ 2012 թվին մնացած խաղերում նա ևս մի քանի գոլ կխփի: Թող նրա ռեկորդը ևս մնա քառասուն տարի»:
Կարծում եմ` ուշադրություն դարձրիք լեգենդար ֆուտբոլիստին լեգենդար ֆուտբոլիստի տված որակումներին` «աշխարհի լավագույն ֆուտբոլիստ», «անհավանական խաղացող», «գիգանտ»: Երևի ուշադրություն դարձրիք նաև նրա ցանկությանը. «Հուսով եմ, որ 2012 թվին մնացած խաղերում նա ևս մի քանի գոլ կխփի: Թող նրա ռեկորդը ևս մնա քառասուն տարի»:
Մարդկայի՞ն է: Մարդկայի՛ն է:
Գեղեցի՞կ է: Գեղեցի՛կ է:
Արդ, միջանկյալ մի հարց եմ ուզում տալ ու նոր անցնել առաջ. Մյուլլերի այս խոսքերից հետո փոքրացա՞վ նրա մեծությունը, թե՞ ավելի ընդգծվեց:
Մեսիի ռեկորդին անդրադարձավ նաև Զլատան Իբրահիմովիչը` ժամանակակից համաշխարհային ֆուտբոլի անվերապահորեն վառ անհատականություններից մեկը: Լսենք և նրան.
«Գիտե՞ք, եթե ինձ տային այնպիսի տասնմեկմետրանոցներ, որպիսիք նշանակում են «Բարսելոնի» հակառակորդների դարպասին, ապա ես իննսուն գոլ էլ կխփեի»:
Նախ, ավելի քան համոզված եմ, որ Մեսին ոչ միայն կխփի այդ իննսուն գոլը, այլև կգերազանցի երազային ներկայացող բնագիծը: Իսկ թե չխփի էլ, հավատացեք, ողբերգություն չի լինի, որովհետև ռեկորդները նրա համար են, որ գերազանցվեն: ՈՒ կգերազանցվեն: Սակայն այդ պատիվը հաստատ Իբրահիմովիչին չի վերապահված, որքան էլ նա տաղանդավոր ֆուտբոլիստ է: Ես մոլեռանդ հավատացյալ չեմ, բայց մի բան հաստատ գիտեմ՝ բաներ կան (եթե միամտորեն հավատանք՝ ոչ ամեն ինչ), որոնք որոշվում են վերևում: Ա՛յն վերևում, որից վերև այլևս ոչինչ կա: ՈՒրեմն եկեք անքննելին քննելիի հետ չխառնենք: Սա, ինչպես ասում են, նախ:
Դառնանք տասնմեկմետրանոցներին: Արգենտինացու ռեկորդային ցուցանիշի մեջ դրանք մեկուկես տասնյակ են կազմում: Գուցեև պատկառելի թիվ է, բայց դրանց գերազանց մասն իրացնելը Մեսին վաստակել է գերազանցապես իր նկատմամբ թույլ տրված տուգանքների համար, և հետո, ի՞նչ մի պարսավելի բան կա դրանք իրացնել կարողանալու մեջ:
Գուցե թե շատ ենք կոնկրետանում Իբրահիմովիչի անձի վրա՝ տուրք տալով մանր կրքերի արտահայտություններին, բայց, մյուս կողմից էլ, շնորհք չէ, չէ՞, որ մարդն այնքան էլ հստակ չի «հիշում», թե արգենտինացին լավագույն ֆուտբոլիստ երկո՞ւ, թե՞ երեք անգամ է ճանաչվել: Նման «մոռացկոտություն», կարծում եմ, կարող է իրեն թույլ տալ հավանաբար լոկ նա, ով առնվազն նույնքան անգամ ճաշակել է լավագույնի համարումը: Լավ, թող չլինի նույնքան, բայց գոնե մեկ անգամը պարտադի՞ր է:
Այո, գուցե առաջին հայացքից իսկապես հարկ եղածից ավելի սևեռվեցինք շվեդ հարձակվողի վրա, սակայն ցավն այն է, որ, վատ առումով, մեսիացավով հիվանդները քիչ չեն ֆուտբոլային աշխարհում: Մարդկայնորեն հասկանանք նրանց ու անցնենք առաջ, որովհետև արգենտինացին, որպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, գործող ֆուտբոլիստ լինելու օրոք է դարձել պատմությանը պահ տրված արժեք, իսկ նրան փնովողներից կամ ստվերել ցանկացողներից շատերը եթե այդ նույն պատմության էջերում հիշատակվեն էլ, հիշատակվելու են որպես մեծն Մեսիի ժամանակներում խաղացած ֆուտբոլիստ:
Այս նյութը գրելիս մենք ավելի շատ նկատի էինք ունեցել Մեսիի ու Մյուլլերի ռեկորդների կառուցվածքին անդրադառնալը (տես ստորև բերված աղյուսակը), սակայն որպեսզի վերն ասվածի տխուր տպավորությունը ցրենք, խնդրո առնչությամբ ականջալուր լինենք համաշխարհային ֆուտբոլի մեկ այլ վառ անհատականության ևս, նոր անցնենք առաջ:
Մեկնաբանելով թիմակցի անօրինակ արդյունավետությունը` կախարդական այս խաղում լավագույններից մեկի համարում ունեցող Ժերար Պիկեն ի մասնավորի նկատել է.
«Ֆուտբոլիստներին սովորաբար մեծագույնների կարգին են դասում, երբ նրանք արդեն ավարտած են լինում կարիերան: Սակայն Մեսին պատմության մեջ արդեն իսկ դարձել է լավագույնը, թեպետ նա դեռ պիտի խաղա ու խաղա: Այս ֆուտբոլիստն աճի վերին շեմ չունի: Պարզապես նրա խաղից պիտի ամեն օր, ամեն րոպե հաճույք ստանալ»:
Հասկանալի է, որ յոթանասունականների համեմատ մեր օրերի ֆուտբոլն էական փոփոխությունների է ենթարկվել: Եթե նախկինում թիմերն ունեին դասական առումով գոլահարներ, ում վրա աշխատում էր ողջ թիմը (միջանկյալ նկատենք, որ հենց այդ պատճառով Իբրահիմովիչը չկայացավ «Բարսելոնում), մեր օրերում այդպիսիք, նախ, քիչ են մնացել (սա այսօրվա ֆուտբոլի առանձնահատկություններից մեկն է), ու այդ քչերի դասում, խոշոր հաշվով, ուզենաս էլ, Մեսիին չես տեսնի: Սկզբունքորեն գրեթե անսխալականորեն կարելի է ասել` երևի թե Մեսին նույնքան գոլային փոխանցումով փոխհատուցում է խաղընկերներին (պիտի որ այնքան էլ չսխալվեմ՝ արգենտինացին շուրջ երեսուն գոլային փոխանցման հեղինակ է): Ասել է թե՝ նա տուգանային հրապարակում գոլային փոխանցման համար հերթի կանգած մեկը չէ: Նա աշխատող, տքնող, ստեղծող ֆուտբոլիստի տեսակ է: Ստեղծող` ոչ միայն իր համար, և չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է այս պնդմանը հակառակվել: Սա, ի դեպ, որքան Մեսի ֆուտբոլիստի տեսակի յուրահատկությունն է, մի այդքան էլ, եթե ոչ ավելի, խաղային այն ֆուտբոլի դավանաբանության արտահայտությունը, որի համահեղինակներից մեկը մեծագույն Պեպ Գվարդիոլան էր (չմոռանանք հավուր պատշաճը մատուցել «Բարսելոնի» խաղային ձեռագրի կայացման գործում անուրանալի ավանդ ունեցած լեգենդար մարզիկ ու մարզիչ Յոհան Կրոյֆին), իրավահաջորդը` Տիտո Վիլանովան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Հ. Գ. Այս նյութը գրել էի չորեքշաբթի, ցերեկը: Ասել է թե՝ մինչև «Կորդոբայի» հետ «Բարսելոնի» գավաթային հանդիպումը: Այս խաղում էր, որ, երկու գոլ խփելով, Մեսին դրանց թիվը հասցրեց ութսունութի՝ մղելով ինձ երկու անգամ խմբագրական միջամտության դիմելու: Չկեղծեմ՝ ընդհանուր տպավորության ամբողջացման համար կարող են լինել առանձին նյութեր, որոնք հարկ համարեմ հերթապահ աչքի համար ընթերցել մինչև տպագրվելը, բայց որ փոփոխությունների համար դա անեմ երրո՜րդ անգամ, բացառված է: Մինչև հիմա համոզված էի, որ «ծանր» տեղս թեթևացնելուն կարող է մղել միայն թոռնիկս՝ իր մանկական անմեղ պահանջատիրությամբ: Բայց դե, ինչպես տեսնում եք, ի դեմս Մեսիի, երկրորդ վերադաստիարակողն էլ ունեմ: Իսկապես որ, ինչե՜ր չես անի առանձնակի սիրելիների համար:

Դիտվել է՝ 2081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ż˝ďż˝ďż˝ďż˝ďż˝ďż˝ďż˝ďż˝ďż˝ďż˝ďż˝/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ