Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Կապրենք նաև այսօր ու առհասարակ

Կապրենք նաև այսօր ու առհասարակ
21.12.2012 | 11:21

Ինչպես հայտնի է, ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության անցկացումը վերապահվել է Ռուսաստանին:
Այս կախարդական խաղի պատմության մեջ՝ առաջին անգամ:
Առաջին անգամ՝ նաև երկրի:
Այդ թվում` Խորհրդային Միություն կոչված նախահոր կտրվածքով:
Սա իսկապես մեծ պատիվ է ու մեծ պատասխանատվություն:
Այս իրավունքը նվաճելը, այո, քրտնաջան, համբերատար, հետևողական աշխատանքի, երկար մաքառումների արդյունք էր:
Այդ թվում՝ քաղաքական, տնտեսական բնույթի:
Էլ չենք ասում գլխավորը՝ աշխարհաքաղաքական զարգացումների ու այդ զարգացումների մեջ ունեցած հանգուցային դերի:
Ինչի համար էին այս մանրամասնե՞րը:
Պարզունակ պիտի լինել կարծելու համար, որ աշխարհի, այն էլ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելը հենց այնպես է վստահվում որևէ երկրի: Դրա համար բավարար չեն սոսկ երկրի բարի համբավի կամ այդ ճանապարհով ընթանալու կամքի, մարզաձևում ունեցած ավանդույթների, անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը (ժամանակակից մարզադաշտեր, հյուրանոցային տնտեսություն, հասարակական սննդի ցանց, հաղորդակցության ուղիներ, կապի միջոցներ և այլն): Աշխարհը վաղուց քաղաքական խնդիրներ է լուծում ոչ միայն զենքի, ոչ միայն ֆինանսների, ոչ միայն տնտեսական ներուժի, ոչ միայն այլ հայտնի ու անհայտ միջոցներով: Ցավալի է (իսկ գուցե առանձին դեպքերում նաև երջանկությո՞ւն է), բայց փաստ՝ սպորտը վաղուց դարձել է այդ միջոցներից մեկը:
Ինչևէ: Չերկարացնենք՝ այդ թվում նկատի ունենալով և մեր ընթերցողի ինտելեկտուալ կարողությունները:
Ռուսաստանը շահեց ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու իրավունքը, և նույն այդ պահից սկսվեց այն բոյկոտելու քաղաքականությունը: Իսկ առիթներ՝ որքան ուզեք. միտումնավո՞ր, թե՞ ոչ այնքան, խորապես պլանավորվա՞ծ, թե՞՝ հանպատրաստից: ՈՒ, որքան էլ տարօրինակ է, երբեմն դրանց նախաձեռնողի դերում հանդես է գալիս այդ նույն Ռուսաստանը:
Շատ հետ չգնանք փաստերի վկայակոչման հետևից, անդրադառնանք դրանցից վերջինին, որը լայն շրջանառության մեջ է մտել «Զենիթ» ֆուտբոլային ակումբի մի խումբ երկրպագուների «Մանիֆեստ» հորջորջյալ անվանումով:
Ի՞նչ է պահանջվում առաջին հայացքից լոկալ բնույթի ընկալում ունեցող սույն փաստաթղթով:
Թվում է` այնքան էլ ոչ մեծ բան: Պարզապես սոսկական սրտացավություն ռուսական ֆուտբոլի զարգացման համար ու այդ նպատակով կոչ՝ «ձեռնպահ մնալ սևամորթ ֆուտբոլիստների գնումից», ու սրան նրբորեն ագուցված մի մանրամասն՝ «ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներից», որը չի կարող չշոյել իրեն դեռևս տղամարդ զգացող արական սեռի յուրաքանչյուր ներկայացուցչի լսելիքը (կներեք, բայց պիտի ասեմ. եթե համամարդկային արժեքների մեջ մտնում է սույն պարտադրանք-հանդուրժողականությունը, ես այդ արժեքներն ընդունողների ցանկում չկամ):
Արդ՝ համաշխարհային լրատվամիջոցներն ինչպե՞ս են արձագանքել սույն մարտակոչին:
Մանիֆեստը գնահատելով որպես «անհանդուրժողականության ամոթալի ակտ», The New York Times-ը գրում է. «Հակառասիստական կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչները սույն դրվագը համարում են 2018 թվի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստման ընթացքում հերթական ամոթ-անհարմար դրությունը Ռուսաստանի ու «Գազպրոմի»՝ պետական ընկերության, որը «Զենիթի» սեփականատերն է ու Եվրոպայի ակումբային գլխավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի հովանավորը: Ռասայական մաքրության հակվածության քաղաքականությունը լոկ նեղացնում է ակումբի հնարավորությունները պոտենցիալ նորեկների փնտրտուքի ժամանակ, հանգեցնելու է մեկուսացման ու տապալման»:
«2018 թվին աշխարհի առաջնությունն ընդունող երկրին համակած ռասիզմի հերթական դեպք,- փաստին այսպես է արձագանքել բրիտանական Daily Mail-ն ու հավելել.- «Զենիթը» ռուսական միակ ակումբն էր, որտեղ մինչև Հալկին ու Աքսել Վիտսելին գնելը չի եղել սևամորթ խաղացող: Որոշ սևամորթ ֆուտբոլիստներ արդեն ասել են, որ «Զենիթի» որոշ ֆանատներ ռասիստներ են:
Խնդրո առնչությամբ Ռուսաստանի առաջնության երբեմնի լավագույն ռմբարկու Վագներ Լավը բրիտանական թերթին ասել է, որ Ռուսաստանի ամենառասիստական թիմը «Զենիթն» է, ԲԿՄԱ-ում խաղալու յոթ տարիներին միայն պիտերյան երկրպագուներն են վիրավորել իրեն»:
Սակայն համաշխարհային մամուլը գործն ավարտված չի համարել միայն թարմ լրատվության ապահովումով: Հիշել են նաև հինգ տարի առաջ տեղական թերթին տված «Կռիլյա Սովետովի» ֆուտբոլիստ Սերժ Բրանկոյի հայտարարությունը, որում ի մասնավորի ասվել է, թե «իսկական ռասիստները» աշխատում են ակումբի ղեկավարությունում, քանի որ նրանք ոչ մի կերպ չեն պայքարում հիմնախնդրի դեմ ու ավելացրել, որ «ֆանատների պահվածքի պատճառով քաղաքակիրթ երկրում իրենց վաղուց կիջեցնեին երրորդ դիվիզիոն»:
«Դուք վստա՞հ եք, որ աշխարհի առաջնությունը պիտի կայանա Ռուսաստանում, պարոն Բլատեր»՝ նման վերգրությամբ է լույս տեսել բրիտանական ամենաընթերցվող թերթերից մեկը:
«Ներկայումս Բլատերը ծիծաղելի է ներկայանում այն բանի համար, որ Ռուսաստանին շնորհեց մրցաշարն անցկացնելու իրավունքը: Ինչո՞ւ նա աշխարհի ֆուտբոլային մեծագույն մրցաշարի անցկացումը վստահեց մի երկրի, որտեղ մոլեգնում է դաժան ռասիզմը: Բլատերը բախվել է մղձավանջի հետ, որը, հավանաբար, կդառնա 2018-ի աշխարհի առաջնության գլխավոր թեման»,- գրում է The Sun-ը:
Զենիթյան մանիֆեստի կապակցությամբ մեջբերումները կաթիլներ են ծովից: Փաստերի հեղեղ է վկայակոչում ամերիկյան NBG-ին, BBC-ն հարցազրույց է վերցրել «Անժիի» պաշտպան Քրիստոֆեր Սամբայից, ում վրա «Լոկոմոտիվի» հետ խաղից հետո անցած տարի բանան նետեցին՝ հայտնի թափանցիկ ակնարկով:
Հասկանալի է, որ զանգվածային լրատվամիջոցները թեման կտաքացնեն ու կտաքացնեն նաև, օրինակ, այսպիսի հարցադրումով՝ իսկ եթե 2018-ի աշխարհի առաջնությունում հաղթի Կամերունի հավաքակա՞նը…
Ռուսաստանում անհանդուրժողականության մթնոլորտն առկա է, ու դա, բառացի ընկալմամբ, երեկ չէ, որ միս ու արյուն է առել:
Ինչ-ինչ, գոնե ես հրաշալի հիշում եմ 1970 թիվը, երբ Կրոպոտկինում ազգայնական մոլագարները կանգնեցրել էին հարավից ուղևորվող գնացքն ու, մարդկանց վագոններից իջեցնելով, դաժան հաշվեհարդար տեսել բոլոր «սևերի» հետ իրենց տխրահռչակ «Խփեք սևերին՝ մինչև սպիտակեն» կարգախոսով:
Ես լավ հիշում եմ պապուտատերի հետ փոքրերիս դիրքավորվելը, ջահելների զրահավորվելը: Ի պատիվ իրենց, պիտի ասեմ, որ այդ թվում և` ռուս, որոնց հետ ընկեր էինք, հարևան ու բարեկամ, մի թաղի ու քաղաքի, երկրի բնակիչ:
Թափթփուկները՝ թափթփուկներ (ո՞ւմ մեջ չկան դրանցից), սակայն դեպքը, չնայած նստվածքին, չի խանգարել, որ իմ պատկերացումների մեջ Ռուսաստանը լինի ու մնա մեծ մտավորականության երկիր, Ֆյոդոր Դոստոևսկու, Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի, Անդրեյ Սախարովի, Դմիտրի Լիխաչովի, մարդկության ու մարդկայնության մեծագույն այլ կորիֆեյների երկիր:
Կհաղթահարի՞ արդյոք Ռուսաստանը առաջին հայացքից լոկալ թվացող ռասիզմի այս պոռթկումը, ցույց կտա ժամանակը, բայց որ չի կարելի թողնել, որ այն արմատավորվի ու «բոյ քաշի», աներկբա է: Մարդկությունը տևական ժամանակ է ծախսել քարանձավից դուրս գալու վրա, մինչդեռ քարանձավ մտնելը վայրկյանի խնդիր է: Այդ վայրկյանը պիտի ժամանակացույցի միջից վերացնել: Շատ էլ թե, ըստ մայաների օրացույցի, այսօր աշխարհի վերջն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ