Չասենք, թե իսպանական ֆուտբոլից իր մեծ ախոյանի հեռանալը վերքի կամ սպեղանու պես նստեց ամբիցիաների ակնհայտ ավելցուկ ունեցող Ժոզե Մոուրինյոյի սրտին, սակայն փաստ է, որ ընթացիկ մրցաշրջանից սկսած, պորտուգալացի մասնագետի համար այլևս գոյություն չունի տրամադրություն փչացնող, նյարդեր քայքայող Պեպ Գվարդիոլա անհաղթահարելի արգելքը:
Այո, չկա Գվարդիոլան, սակայն Մոուրինյոյի համար «Բարսելոնն» ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ հոգեխանգարմունքի հասցնող գործոն: Այս անգամ արդեն ի դեմս Տիտո Վիլանովայի:
Չենք առարկում` գուցե և չի պատշաճում վերջինիս իր մեծ նախորդի ստվեր անվանելը` Տիտոն դեռ պիտի իրեն ցույց տա, իսկ դրա համար ժամանակ է պետք, սակայն գործելու հսկայական օպերատիվ տարածություն ստացած Ժոզե Մոուրինյոն առայժմ շոշափելի արդյունքի չի հասել և նրա հետ մրցակցությունում: Մեկ հաղթանակը, մեկ ոչ-ոքին, մեկ պարտությունը որքան էլ գցում-բռնում ես, տեղերը փոխում, դրական բալանսի տպավորություն չի թողնում:
Սակայն սա էլ չէ այդքան կարևորը, որքան էլ որ լույս հինգշաբթի կայացած գավաթային խաղի արդյունքը ֆորմալ առումով միանգամայն դիտարկելի է սկիզբ առած Վիլանովա-Մոուրինյո դիմակայության շրջանակներում. հարկավ գիտեք, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող Տիտոն կիսաեզրափակչի առաջին խաղին հետևում էր հեռավոր Նյու Յորքից, ինչի պատճառով էլ «պատերազմական» գործողությունները նրա փոխարեն վարում էր օգնականը` Ռոուրան:
Այն էլ` մրցակցի հարկի տակ:
Արդյունքն ինչ եղա՞վ:
Իրականում բրիգադային գեներալ, սակայն սեփական բացառիկության անհաղթահարելի ուժով իրեն միայն ու միայն մարշալ ճանաչող Մոուրինյոն մարտը չկարողացավ շահել:
Հանդիպումը դիտածները հարկավ ինձ կմեղադրեն ու երևի թե ճիշտ կլինեն խաղին տված` «չկարողացավ շահել» որակման համար, որովհետև ի՞նչ շահելու մասին է խոսքը, երբ «Ռեալն» իրականում փրկվեց պարտությունից:
Կլինեն և լավատեսներ, ովքեր կասեն` առանց Կասիլյասի, առանց Սերխիո Ռամոսի (առաջինը հանդիպումը բաց էր թողնում վնասվածքի, երկրորդը` որակազրկված լինելու պատճառով), առանց… մասնակցության սա շատ էլ լավ արդյունք է:
Առանց բազմակետերի մեջ ներառվածների անվան հիշատակման` ուզում եմ անմիջապես հակադարձել հնարավոր ընդդիմախոսներիս. Կասիլյասին ես էի՞ նախորդ խաղերում նստեցնում պահեստայինների նստարանին, ես էի՞ Արդանին նրա փոխարեն հանում խաղադաշտ` համարելով, որ նա առավել հուսալի դարպասապահ է: Չեմ չարախնդում, բայց և չեմ կարող հարց չտալ` եթե Արդանն այդքան հուսալի էր, կրակի բերան ինչո՞ւ տրվեց շտապ կարգով թիմ հրավիրված Լոպեսը, ով, դարպասաձողի հետ միասին, կարծում եմ, գերազանց անցկացրեց հանդիպումը:
ՈՒրեմն, ինչպես տեսնում եք, խնդիրն այնքան էլ Կասիլյասի մեջ չէ ու Կասիլյասը չէ:
Որքան էլ փորձում են ծածկադմփոցի անել, ակնհայտ է, որ արքայական ակումբում լուրջ խմորումներ կան, ու մամուլ սողոսկող այն խոսակցությունները, թե Կասիլյասն ու Ռամոսն ակումբի ղեկավարության առջև բարձրացրել են գալիք մրցաշրջանից թիմից դուրս գալու հարցը, առավել քան իրական հիմքեր ունի:
Սակայն Կասիլյասն ու Ռամոսը սառցալեռան տեսանելի մասն են միայն:
Իրականում թիմը ներսում նման է եռացող լավայի: Այն բացահայտ երկատված է: Այնտեղ չարության դևն է խոսում:
Բերե՞մ փաստեր, որոնք այս պահին անուղղակի վկայության տպավորություն կարող են գործել:
Բերե՛մ:
Նախախաղյա ասուլիսում Քրիշտիանու Ռոնալդուն, ով հանդիպմանն ավագի երանելի թևկապով էր (պիտի որ հիշեք, թե Մոուրինյոն ժամանակ առաջ որքան էր ջանում ավագությունը Կասիլյասից վերցնելու հարցում), նշել էր, որ «Բարսելոնը» ֆանտաստիկ թիմ է և իրենց նկատելիորեն դժվար կլինի առաջիկա հանդիպումում` այդ դժվարությունները բացատրելով «որոշ խաղացողների» (իր արտահայտությունն է) հանդիպմանը մասնակցել չկարողանալով:
Լավ, թող իր ասածը լինի, բայց դե կներեք, որքան էլ «որոշ խաղացողներ», բայց «Ռեալի» խորհրդանիշ համարվող Կասիլյասը, նույն Ռամոսն այդքան «որո՞շ» են թիմի համար, որ անունները չեն տրվում:
Ի՞նչ եք կարծում` սա գիտակցվա՞ծ, թե՞ ակամա վրիպում է:
Փոխարենն ինչ է կատարվո՞ւմ:
Կատարվում է այն, որ, ի դեմս Մեսիի, «Բարսելո՛նն» է պաշտպանության տակ առնում «բազմաթիվ խաղեր փրկած» Կասիլյասին (չակերտվածը Մեսիի արտահայտությունն է), «Բարսելո՛նն» է ընդգծում նրա մեծությունը: Նկատեք` ի դեմս Մեսիի, և ոչ թե Չավիի, ով հայտնի է «Ռեալի» դարպասապահի հետ ունեցած իր մեծ բարեկամությամբ, ինչ է թե (ենթադրում ենք) Բացառիկը չմտածի կամ չբարձրաձայնի` ընկերն ընկերոջն է առնում պաշտպանության տակ:
Մանրո՞ւք է:
Մի լավ կոնկրետացեք, հետո նոր եզրակացրեք:
Շարունակենք:
Հանդիպում է: Ընկնել էլ է լինում, վեր կենալ էլ է լինում, իրար բշտբշտել էլ է լինում (կոնտակտային խաղ է, բա ի՞նչ եք կարծում): Վերջինս` բշտբշտելը, հիմնականում` ջահել-ջուհուլների ձեռամբ է լինում. չմոռանանք` տաք արյան գործոն կա: Ի հակակշիռ` փորձառուները, իրենց հաստատած հեղինակությունները սովորաբար իրենց այլ կերպ են պահում. նրանք հստակ գիտեն իրենց գինը:
Արդ` գեթ մեկ անգամ տեսա՞ք, որ «Բարսելոնից» որևէ մեկը խաղի ընթացքում, զորօրինակ, Ռոնալդուի թանին թթու ասեր կամ գետներ, եթե դա խաղային ծայր անհրաժեշտի պարտադրանքով չէ:
Չտեսաք:
Փոխարենը, կարծում եմ, լիուլի տեսաք, թե ինչպես երկուսով (անունները չտամ, մեկ է, իրենք են ամաչելու իրենց գործիք դառնալուց) քիչ էր մնում ուտեին Մեսիին:
Սա բարձրակարգ ֆուտբոլիստին պատշաճո՞ղ բան է:
Իհարկե` ոչ:
Կրկնում եմ` բարձրակարգ ֆուտբոլիստները գիտեն իրենց արժեքը:
Ցավոք, նրանք կարող են երբեմն օգտագործվել:
Անգիտակցաբար կամ ուղղորդմամբ:
Չխորանանք: Սակայն նյութն ավարտելուց առաջ, այնուամենայնիվ, ուզում ենք հարցնել` ի՞նչ է կատարվում «Ռեալում»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ