Եվրոպական բարձրակարգ խաղարկությունների հերթական փուլի առաջին հանդիպումների քննությունն իրենց համար մասամբ կամ ամբողջապես դրական ելքով ավարտած գրանդ ակումբները (խոսքը, բնականաբար, չի վերաբերում Չեմպիոնների լիգայում հանդես եկող «Բարսելոնին», «Բավարիային» ու էլի վեց ակումբի, որոնք այս չորեքշաբթի-հինգշաբթի պիտի անցկացնեն play off-յան իրենց առաջին խաղերը) նորից լծվեցին առտնին խնդիրների լուծմանը: Ասել է թե` կենտրոնացան ներքին առաջնությունների, ուրիշներն էլ` գավաթային խաղերի վրա:
Երկրի գավաթի մեկ տասնվեցերորդի պատասխան խաղին «Չելսին» սեփական երկրպագուին ներկայացել էր արտագնա խաղում Եվրալիգայի խաղերի շրջանակում չեխական «Սպարտային» հաղթածի դիրքերից: Սակայն սույնը «Սթեմֆորդ Բրիջում» լոնդոնցիներին ոչնչով չէր ազատում «Բրեդֆորդին» հաղթելու պարտադրանքից, քանզի վերջինիս հարկի տակ ձեռք բերած միավորը (հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով) սպասվածից ավելի էր չարացրել ակումբի երկրպագուներին: Չմոռանանք, որ խոսքը մի մրցակցի մասին է, որն Անգլիայի երրորդ լիգայի ներկայացուցիչ է:
Պատասխան խաղում էլ «Չելսին» քիչ չխաղաց թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչի, երկրպագուների նյարդերի հետ` մինչև հիսունչորսերորդ րոպեն «հաջողացնելով» տհաճորեն առանձնանալ անկազմակերպ խաղով, մրցակցի դիմադրությունը կոտրելու անկարողությամբ: Ճիշտ է, հետո ինչ եղավ, նման էր առատության եղջյուրից թափվող... գնդակների: Նախ դարպասը գրավեց Մատան, այնուհետ հաջորդեցին Օսկարի, Լեմպարդի, Տերիի գոլերը, սակայն 4:0-ն ի՞նչ դեր կխաղա նույն Ռաֆայել Բենիտեսի կամ Ֆրենկ Լեմպարդի ճակատագրերում (ակումբը ձգձգում է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարացնելը), դժվար է ասել, քանի որ «Չելսիում» եղանակները վայրկյանը մեկ են փոխվում, իսկ դրա համար, փաստենք, ավելի քան ռեալ հիմքեր կան:
Մարզչի փոփոխության խնդիր կա նաև «Մանչեստր Սիթիի» ղեկավարության օրակարգում, չնայած Մանչինին համառորեն հակառակն է պնդում, նշելով, որ կատարյալ փոխհամաձայնություն ունի վերջիններիս հետ, բայց հո մենք գիտե՞նք, որ ամեն հավաստիացում չէ, որ հավաստիացում է: Ինչևէ: Ոչ հեռավոր ապագայում մարզչի փոփոխության դատապարտված այս թիմն էլ «Լիդսի» հետ գավաթային հանդիպումը շահեց 4:0 հաշվով ու դուրս եկավ մեկ քառորդ եզրափակիչ փուլ: Ինչ վերաբերում է երկրի առաջնությանը, փաստենք, որ «Մանչեստր Յունայթեդը» 65 միավորով ավելի քան վստահորեն առջևում է չեմպիոնության համար պայքարում, «Ման. Սիթին» երկրորդն է 53 միավորով, իսկ «Չելսին» եզրափակում է առաջատար եռյակը (49 միավոր):
Երկրի առաջնության քսանհինգերորդ տուրում արտագնա խաղում պարտվելով «Ռոմային» (Ֆրանչեսկո Տոտիի հարվածն այնպիսի ահռելի ուժգնության էր, որ անկարող էր որսալ անգամ Ջանլուիջի Բուֆոնի նման դարպասապահը)` «Յուվենտուսը» հրաշալի նվեր մատուցեց երկրորդ տեղում ընթացող ու իրեն ընդամենը հինգ միավորով զիջող «Նապոլիին», որը սեփական հարկի տակ ընդունել էր «Սամպդորիային»: Սակայն, ինչպես երևում է, նեապոլցիները չհավատացին բախտի իրենց աստծուն: Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ ակտիվում ունեցած հիսուն միավորն ավելացել է ընդամենը մեկով: Երրորդն այստեղ 44 միավոր ու մեկ բաց թողած հանդիպում ունեցող «Լացիոն» է:
Ի հաշիվ Ֆանիի խփած գոլի, «Մարսելը» «Վալանսիենի» հետ հանդիպման իննսուներորդ րոպեին միայն կարողացավ ձևակերպել երեք միավոր վաստակելու իր հավակնությունները: Քսանհինգերորդ տուրի հանդիպումը «Բորդոյի» հետ անհամեմատ թեթև ընթացք ունեցավ «Լիոնի» համար, որը մրցակցի դաշտում առավելության հասավ 4:0 հաշվով ու արդեն երեք միավորի հեռավորության վրա է գտնվում ՊՍԺ-ից: Ինչ վերաբերում է վերջինիս, այն տուրի իր հանդիպումն անցկացրեց երեկ` «Սոշոյի» դաշտում: Հաղթելու դեպքում Անչելոտիի թիմն առաջնության առաջատարի իր հավակնությունների մեջ միավորների առումով կարող է լինել առավել տպավորիչ:
Բունդեսլիգայի առաջնության առաջատար եռյակը կազմող երեք թիմերն էլ հաղթանակով ավարտեցին իրենց հանդիպումները: «Բավարիան» հյուրընկալվելիս գերազանցեց «Վոլֆսբուրգին» (2:0), Դորտմունդի «Բորուսիան»` «Այնտրախտին» (3:0, հեթ տրիկի հեղինակ է դարձել Մարկո Ռոյսը), Բայերը»` «Աուգսբուրգին» (2:1): Վերջին երկուսն իրենց հաջողություններն արձանագրել են հյուրընկալելիս:
Գերմանական առաջնության սցենարը բառացիորեն նույնությամբ կրկնվեց իսպանականում: Խաղասկիզբը 1:0 հաշվով տանուլ տալով` «Բարսելոնը», ի վերջո, գերազանցեց «Գրանադային», թեպետ այլ ելք չէր էլ սպասվում, որքան էլ վերջինս մեկ անգամ չէ, որ ճանաչված թիմերի համար եղել է աչք ծակող քար: Կատալոնյան ակումբի երկու գոլի հեղինակն էլ Մեսին էր` երկրի ընթացիկ առաջնությունում խփած արդեն 37, իսկ ընդհանրապես` 301 գոլով: Արգենտինացին թվով տասնչորսերորդ հանդիպումն է, ինչ առանց գոլի չի հեռանում դաշտից: Սա նույնպես բացառիկ արդյունք է: Հիշեցնենք, որ բարսելոնյան նախորդ ռեկորդը պատկանում էր Ռոնալդոյին` գոլային ինն անընդմեջ խաղ: Դառնալով թիմին` «Բարսելոնն» ակտիվում 65 միավոր ունի, և գործնականում անհնար է, որ որևէ մեկը կարողանա նրանից խլել ապագա չեմպիոնությունը:
Քսանչորսերորդ տուրը հաջողակ եղավ նաև առաջին եռյակում գտնվող մադրիդյան երկու ակումբների` «Աթլետիկոյի» ու «Ռեալի» համար: Առաջինն արտագնա խաղում 3:0 հաշվով գերազանցեց «Վալյադոլիդին» (իր 20-րդ գոլը խփեց Ֆալկաոն), երկրորդը հյուրընկալելիս առավելության հասավ «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ (2:0): «Աթլետիկոյի» միավորների քանակը 53 է, «Ռեալինը»` 49:
Առաջին հայացքից գուցե և կարող է տպավորություն ստեղծվել, որ ստորև հիշատակելիք փաստը նյութի տրամաբանությունից դուրս է, սակայն մեր պարտքն ենք համարում ընթերցողին տեղեկացնել, որ Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի առաջին խաղում «Բավարիան» փետրվարի 19-ին հյուրընկալվելու է «Արսենալին», իսկ մեկ օր անց Միլանում տեղի համանուն թիմը քննություն է հանձնելու «Բարսելոնին»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ