Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Առաջատար եռյակներում տեղաշարժերի ժամանակն է

Առաջատար եռյակներում տեղաշարժերի ժամանակն է
05.03.2013 | 12:05

Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններում անցած հանգստյան օրերը նշանավորվեցին Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի play off-յան հանդիպումների շնչի սաստկացումով, թեպետ առաջնություններ էլ կային, որտեղ առանց այդ շնչի էլ ամեն ինչ չափից ավելի էլեկտրականացած էր:

Իտալիայի առաջնությունում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունել էր «Յուվենտուսին»` փայլուն հնարավորություն ստանալով գործնականում ապացուցելու չեմպիոնական իր հավակնությունները. չէ՞ որ հաղթանակն առաջատարի նկատմամբ նախ երեք միավորի կհասցներ նրանից հետ մնալը, երկրորդ` վստահության լրացուցիչ գործոն կդառնար մնացած տասնմեկ խաղերում: Սակայն հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ հանդիպման արդեն տասներորդ րոպեից նեապոլցիները հայտնվեցին հետապնդողի դերում: Ի պատասխան ամենահաս Պիռլոյի հրաշալի փոխանցումից հետո Կելինիի խփած գոլի, Իկլերը խաղակեսի ավարտին մոտ վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն «ծեր սինյորան» ավելիի հնարավորություն չտվեց մրցակցին, ու այստեղ առանձնապես մեծ էր Բուֆոնի գործոնը, ով պատահականորեն չի հինգ անգամ ճանաչվել աշխարհի լավագույն դարպասապահ:
Նախորդ արտագնա խաղում ոչ-ոքի խաղալով «Ինտերի» հետ` «Միլանը» երկու օրով նույնիսկ բարձրացավ աղյուսակի երրորդ հորիզոնական, սակայն, սեփական հարկի տակ «Պեսկարային» հաղթելուց հետո, «Լացիոն» վերադարձրեց զիջած դիրքերը: Կշարունակե՞ր նա մնալ երրորդ հորիզոնականում, պատասխանն իմանալու էինք կողմերի առերեսման ժամանակ: Իր երբեմնի լավագույն մակարդակին սրընթացորեն մոտեցող «Միլանը» հույսի նշույլ իսկ չթողեց մրցակցին` սեփական գերազանցությունը վերածելով երեք գնդակի առավելության (դուբլի հեղինակ է դարձել Պացինին, մեկ գոլի հեղինակ էլ դարձել է Բոատենգը): Ճիշտ է, ամբողջ 73 րոպե «Լացիոն» խաղաց տասը հոգով, սակայն եկեք չմոռանանք, որ Կանդրևան խաղից հեռացվել է «վերջին հույսի խախտման» համար:
«Միլան»-«Լացիո» դիմակայությունում հատկանշականը, թերևս, միլանցիների ո՛չ աղյուսակի երրորդ հորիզոնականում ամրապնդվելն էր, ո՛չ էլ 2009-ից այս կողմ հռովմեացիներին առաջին անգամ հաղթելը: Առջևում, գիտեք, «Միլանը» մեծ փորձություն ունի Չեմպիոնների լիգայի շրջանակում «Բարսելոնի» հետ «Նոու Կամպում» սպասվելիք խաղում: Կատալոնյան ակումբն ավելի քան չարացած է ոչ միայն ապագա մրցակցից կրած 0:2 հաշվով պարտությունից, այլև վերջին երկու խաղում «Ռեալի» հասցրած անպատվությունից: Վիրավորվա՞ծ է «Բարսելոնը», վիրավորվա՞ծ, իսկ Չեմպիոնների լիգայում միլանյան արգելքը չանցնելու դեպքում, բնականաբար, կզրկվի ոչ միայն հեղինակավոր այս մրցաշարի պատվավոր տիտղոսի համար պայքարելուց, այլև մադրիդցիների հետ հանդիպելու, ևս մեկ անգամ նրա հետ հարաբերություններ պարզելու հնարավորությունից: Չմոռանանք, որ Չեմպիոնների լիգայում այդպիսի տարբերակ կարող է գործել:
Մեկ որ արդեն խոսեցինք «Բարսելոնից» ու «Ռեալից», ուղղակիորեն, թե անուղղակիորեն անդրադառնալով նաև Չեմպիոնների լիգային, այստեղ ճիշտ կլինի հյուր գնալ Իսպանիայի առաջնություն, որտեղ շաբաթ օրը կայացավ ոչ միայն այս երկրի, այլև համաշխարհային ֆուտբոլի թիվ մեկ հանդիպումը: Որքան էլ սկսած որոշակի փուլից Մոուրինյոն սկսել է չկարևորել երկրի առաջնությունը, համարելով այն տանուլ տված, որքան էլ, աչքի տակ ունենալով Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակում երեքշաբթի «Օլդ Տրաֆորդում» «Մանչեստր Յունայթեդի» հետ գերկարևորության հանդիպումը, «Բարսելոնի» հետ խաղում հանել էր ոչ ամբողջական մարտական կազմ, այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում հարկադրված էր դաշտ դուրս բերել իր հարվածային թիվ մեկ ուժին` Քրիշտիանու Ռոնալդուին, քանի որ չէր կարող իրեն զրկել կատալոնյան ակումբին վերջին շաբաթվա ընթացքում ևս մեկ անգամ խոցելու հաճույքից: Խոստովանենք` պորտուգալացուն դա վիրտուոզ ձևով հաջողվեց` խաղի մեջ խաղ փոխելու հաշվին, ինչին բարսելոնյան իր վիզավին նորից անպատրաստ գտնվեց: Արդյունքում «Ռեալը» հաղթեց 2:1 հաշվով, հաղթեց լարված, նյարդային, կոշտ պայքարում, ինչի ուղղակի վկայությունն են խաղի մրցավար Միգել Անխել Պերես Լասայի առատորեն շաղ տված տասը դեղին և մեկ կարմիր քարտերը, մրցավար, ով, այնուամենայնիվ, իր զգալի ներդրումն ունեցավ հանդիպման ելքի վրա: Ինչևէ, մադրիդցիները հաղթեցին, ինչը, սակայն, չեմպիոնության համար պայքարում նրանց մրցակից չի դարձնում նույն «Բարսելոնին» (տասներեք միավորի տարբերությունը չեզոքացնելը գործնականում անհնարին է), սակայն նյարդային ցնցումների մեջ է պահում «Աթլետիկոյին», որն առայժմ իր ձեռքում է պահում երկրորդ հորիզոնականը:
Մինչ «Բարսելոն»-«Ռեալ» էջը փակելն ասենք, որ մադրիդցիներն էլ անկարող եղան Մեսիի դեմն առնելու: Արգենտինացին երկրի առաջնությունում անցկացրեց գոլային տասնվեցերորդ անընդմեջ հանդիպումը, իսկ էլ կլասիկոյում խփեց իր տասնութերորդ գոլը` կրկնելով լեգենդար Ալֆրեդո դի Ստեֆանոյի ռեկորդը: Ահա այսպիսի փոքրիկ ուրախություններ Լիոնել Մեսիի հանճարի սիրահարների համար, ուրախություններ, որոնք եթե ոչ դարերի, ապա առնվազն մի քանի տասնամյակի հաշվարկ ունեն իրենց մեջ:
«Մալագայի» հետ հանդիպումում հաղթանակի հասնելու դեպքում Մադրիդի «Աթլետիկոն» կարող էր դեռևս պահպանել «Ռեալից» չորս միավորով առաջ լինելու հնարավորությունը, սակայն Դիեգո Սիմեոնեի սաների արձանագրած առավելագույնը միավոր վաստակելն էր արտագնա գոլազուրկ հանդիպումում: Այսպիսով, «Ռեալն» արդեն երկու միավորի հեռավորության վրա է մայրաքաղաքային մյուս թիմից, իսկ նրանից առաջ անցնելը խիստ մոտ ապագայի հարց է:
Անգլիայի առաջնությունում դեռևս նախորդ տուրից մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը «զավթած» «Տոտենհեմը» «Արսենալի» հետ խաղում էլ ցույց տվեց, որ ամենայն լրջությամբ է տրամադրված առաջնության մեդալներից մեկը ձեռք գցելու հարցում: Հասկանալի է` սա «Տոտենհեմի» գլխավորը պատրաստ է անելու առանձնակի սիրահոժարությամբ ու նուրբ քինախնդրությամբ. չէ՞ որ առաջնության երրորդ թիմի ակնկալիքներ ունեցող «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը Վիլաշ-Բոյաշին ակումբից հանեց փողից կուրացածի թեթևամիտ անհոգությամբ` անդառնալիորեն խոցելով պորտուգալացի մասնագետի նրբազգաց սիրտը, հընթացս կասկածի տակ դնելով նրա մասնագիտական կարողությունները: Մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով տոնած հաղթանակը «Տոտենհեմին», համենայն դեպս, հնարավորություն տվեց պահպանելու նվաճած բնագիծը:
Ինչ վերաբերում է «Մանչեստր Յունայթեդին», առաջատարը տարավ հերթական հաղթանակը` Սինձի Կագավայի երեք գոլով ու ՈՒեյն Ռունիի դիպուկ հարվածով ձևակերպելով խաղի հաշիվը: Հանդիպման 66-րդ րոպեից Ալեքս Ֆերգյուսոնը հանգստանալու հնարավորություն տվեց փայլուն մարզավիճակում գտնվող Ռոբին վան Պերսիին, ում ծառայություններից պատրաստվում է հնարավորինս լիարժեք օգտվելու երեքշաբթի կայանալիք հանդիպման ժամանակ: Մոռացկոտներին հիշեցնենք, որ այսօր Անգլիայում միմյանց են սրածելու, թրատելու, խողխողելու, մորթոտելու «Մանչեստր Յունայթեդն» ու Մադրիդի «Ռեալը», որտեղ, ի հաշիվ «Սանտյագո Բեռնաբեուում» խաղացած 1:1-ի, կես գոլի առավելություն ունեն մանկունիացիները: Ի դեպ, Չեմպիոնների լիգայի շրջանակներում կա ևս մեկ վճռորոշ խաղ` Դորտմունդի «Բորուսիան» ընդունելու է Դոնեցկի «Շախտյորին», այնպես որ, պատրաստ եղեք, օրն այսօր սուր զգացումներով հագեցած է լինելու:
Դորտմունդի «Բորուսիային» հիշելով` մենք, կամա, թե ակամա, եկանք-հասանք Գերմանիայի առաջնություն: Քսանչորսերորդ տուրի խաղերը բունդեսլիգայի առաջատար եռյակը կազմած թիմերի դասավորությունում փոփոխություն չմտցրին, քանզի թե «Բավարիան», թե նույն «Բորուսիան», թե «Բայերը» հաղթել են իրենց մրցակիցներին: Արտագնա խաղում մյունխենցիները նվազագույն հաշվով առավելության են հասել «Հոֆենհայմի» նկատմամբ, մյուս երկուսը սեփական հարկի տակ համապատասխանաբար գերազանցել են «Հաննովերին» (3:1) ու «Շտուտգարտին» (2:1):
Եթե Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի առաջնություններում աղյուսակը գլխավորող ակումբները չեմպիոնության հարցում գործնականում օլիմպիական հանգստություն կարող են պահպանել, Իտալիայում էլ «Յուվենտուսը» կարող է հարաբերականորեն ապահովված զգալ իրեն, ապա ֆրանսիական առաջնությունում մշտապես առկա է չհանգած հրաբուխի էֆեկտը: Նախորդ տուրում 2:0 հաշվով առավելության հասնելով երրորդ տեղում ընթացող «Մարսելի»` իր հավերժական մրցակցի նկատմամբ, ՊՍԺ-ն կարողացավ երեք միավորի առավելությունը պահել երկրորդ տեղում գտնվող «Լիոնի» նկատմամբ: Թվում էր` ի՛նչ մեծ բան է աղյուսակի հետնամասում գտնվող «Ռեյմսի» նկատմամբ առավելության հասնելը կամ գոնե մեկ միավոր վաստակած տուն դառնալը, սակայն, արի ու տես, որ մեծ բան է: Փարիզցիները «հաջողեցրին» պարտվել մրցակցին անգամ վերջինիս` տասը հոգով խաղալու պարագայում: Ի դեպ, «Ռեյմսը» հաղթական միակ գոլը խփել է իր խաղացողի` դաշտից հեռացվելուց հետո: Ահա և քեզ գլխավոր փորձ` «Վալենսիայի» հետ պատասխանատու հանդիպումից առաջ: Ինչ վերաբերում է «Լիոնին», ապա այն արտագնա խաղում «Բրեստի» հետ հանդիպման ժամանակ գոնե միավոր վաստակեց (1:1): Փաստորեն, առաջատար եռյակից միակ հաջողակը «Մարսելն» էր, որը 2:1 հաշվով առավելության հասավ «Տրուայի» նկատմամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ