Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Առաջին քառյակն արդեն հայտնի է և, սկզբունքորեն, անակնկալներ չեղան

Առաջին քառյակն արդեն հայտնի է և, սկզբունքորեն, անակնկալներ չեղան
07.03.2013 | 14:54

Եվրոպայի չեմպիոնների լիգայի խաղարկության մեկ քառորդ եզրափակչի առաջին չորս թիմն արդեն հայտնի է: Երեկվանից Մադրիդի «Ռեալին» ու Դորտմունդի «Բորուսիային» միացան ֆրանսիական ՊՍԺ-ն ու իտալական «Յուվենտուսը»: Հաշվի առնելով այս թիմերի աստղային կազմը` սկզբունքորեն անվարան կարելի է ասել` եղավ այն, ինչ սպասվում էր: Իհարկե, բացառություն կարելի է անել միայն «Ռեալ»-«Մանչեստր Յունայթեդ» զույգին, որտեղ կողմերի հնարավորությունը գրեթե բացարձակապես հավասար էր:
«Ռեալ»-«Մանչեստր Յունայթեդ» պատասխան հանդիպման ու ընդհանրապես երկռաունդանոց դիմակայության վերջնական ելքի առումով ֆուտբոլային աշխարհն իսկապես երկվության մեջ էր (մոլի երկրպագուները հաշվի մեջ են): Միակ բանում, որ ֆուտբոլասերները գալիս էին մեկ ընդհանուր հայտարարի, ափսոսանքն էր, որ երկու զորեղ թիմ միմյանց են հանդիպել այդքան վաղ փուլում:
Հանդիպումն, ի տարբերություն մանկունիանցիների, մադրիդցիները սկսեցին մարտական կազմով ու միանգամից անցան գրոհների: Այդպիսին էր խաղի հրամայականն ու տրամաբանությունը, քանզի «Սանտյագո Բերնաբեուի» 1:1-ը պարտադրաբար պահանջում էր հնարավորինս արագ չեզոքացնել մրցակցի ունեցած կես գոլի առավելությունը, նրան մղել խաղաքարտեր բացելու: «Յունայթեդը» պատվով դիմացավ քննությանը, իսկ առաջին քսան րոպեներից հետո քննվողից անցած քննողի գործառույթներին` հրաշալի հասկանալով, որ արքայական ակումբի հետ խաղում միայն պաշտպանական գործողություններին ապավինելն անպտուղ զբաղմունք է:
«Ամպրոպը» որոտաց հանդիպման 48-րդ րոպեին ու ավարտվեց դարպասի գրավումով: Սակայն Սերխիո Ռամոսի ինքնագոլը սկզբունքորեն ոչինչ չէր փոխում, քանզի ցանկալիին հասնելու համար «Ռեալն» այսպես թե այնպես պարտադրված էր մրցակցի դարպասը գոնե մի անգամ դրոշմակնքել, ու դա անել հնարավորինս արագ, որովհետեւ սրընթացորեն ավարտին մոտեցող ժամանակը գնալով խաղը դարձնելու էր ավելի ու ավելի նյարդային իր անկանխատեսլի հետեւանքներով: Հենց այստեղ է, որ խաղի թուրք մրցավարը ամբողջ ձայնով հիշեցրեց իր մասին: Մինչ այդ իր քաղցր-մեղցր պահվածքով, հանդարտության կոչող ժեստերով ամբողջովին խաղաղության աղավնի Ջուննեթ Չաքըրը Նանիի գործողություններում տեսավ միտումնավոր կոպտության դրսեւորում ու ֆուտբոլիստին հեռացրեց խաղադաշտից: Մի կողմ թողնենք, որ թուրք մրցավարը պատմության մեջ ապահովեց իր տեղը եւ զուտ մարդկայնորեն նրա համար նշանակություն չունի, թե սերունդներն ինչ «քաղցր» բառերով կհիշեն իր մասին:
Արվել էր ամենակարեւորը: Կոտրվել էր խաղի մեջքը:
Այո, այո` կոտրվել էր խաղի մեջքը, որովհետեւ այլ բան չէր կարող նշանակել «Յունայթեդին» տասը հոգով «Ռեալին» դեմ-հանդիման թողնելը: Իսկ արդյունքն ուշացնել չտվեց: Ընդամենը տասը րոպե առաջ խաղադաշտ մտած Մոդրիչը ոչ միայն երկրորդ արագություն հաղորդեց թիմի գործողություններին, այլեւ ձեռքից բաց չթողեց իր աստեղային ժամը: Եւս երեք րոպե ու մադրիդցիներն արդեն առջեւում էին. ինչպես եւ առաջին խաղում, գոլի հեղինակ դարձավ Քրիշտիանու Ռոնալդուն: Հաղթանակը կորզելու համար մնացած քսանմեկ րոպեում երկու գոլ խփել թվային գերազանցություն ունեցող մրցակցին այն էլ նրա գերազանց խաղի պայմաններում, բացարձակապես ֆանտաստիկայի ոլորտից էր, որքան էլ Ֆերգյուսոնը ջանաց անել հնարավորը: 2:1` այսպիսին եղավ այդ բացառիկ լարված, հետաքրքիր, նյարդային խաղի վերջնարդյունքը:
Նույն օրվա երկրորդ խաղում Յուրգեն Կլոպի երիտասարդ, ամբիցիոզ թիմը ֆուտբոլ խաղալու պարզագույն դաս տվեց Դոնեցկի «Շախտյորին»` անպատասխան երեք գնդակ ուղարկելով նրա դարպասն այն դեպքում, երբ երկու գոլից պակաս ցանկացած ոչ-ոքին անգամ (առաջին հանդիպումն ավարտվել է 2:2) լիուլի բավարար էր հաջորդ փուլ դաս գալու համար:
Իսկ որ Դորտմունդի «Բորուսիան» մսաղացով էր անցկացնելու ուկրաինական ակումբին, գրեթե կասկած չկար: Յուրգեն Կլոպի թիմն ընթացիկ մրցաշրջանի հետ իր առանձնահատուկ խնդիրներն ունի: Գերմանիայի գործող չեմպիոնը ճակատագրից որոշակիորերեն խռոված է այն բանի համար, որ իր իսկ ձեռամբ ձախողել է թե երկրի առաջնությունը (ներքին առաջնությունում գործնականում արդեն անհնար է հասնել «Բավարիային»), թե գավաթի համար պայքարը: Ի դեպ` նույն «Բավարիայի» գործուն մասնակցությամբ: Փաստորեն ընթացիկ մրցաշրջանում նրա ինքնադրսեւորվելու միակ դաշտը մնացել է Չեմպիոնների լիգան, իսկ ակումբի ունեցած պոտենցիալը բավականաչափ է անգամ գերխնդրի լուծման համար: Այնպես որ` սպասեք, ամեն կարգի անակնկալ սպասեք «Բորուսիայից»:
Դեռեւս առաջին խաղից հետո էինք գրել, որ «Յուվենթուսը» գործնականում իր տեղն ապահովել է մեկ քառորդում: Իսկ ի՞նչ կհրամայեիք գրել մի թիմի առնչությամբ, ով մրցակցի դաշտում հաղթել էր 3:0 հաշվով: «Սելթիկն», իհարկե, խոստացել էր անել անհնարինը, սակայն ինքն էլ հրաշալի հասկանում էր, որ անհնարինի հոմանիշը «հնարավոր չէ»-ն է: Պատասխան խաղում կելտերի միակ ձեռքբերումն այն եղավ, որ մեկ գնդակ պակաս ընդունեցին սեփական դարպասը: Ինչ վերաբերում է մեկ ութերորդի խաղերն ավարտած քառյակի վերջին զույգին, ՊՍԺ-ի հետ խաղում «Վալենսիան» դեռ կարող էր արյուն պղտորել, սակայն նրան մեկ գոլ չբավարարեց Իսպանիայում կայացած հանդիպման հայելային անդրադարձին հասնելու, խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխելու եւ գոնե այնտեղ բեկումնային արդյունք գրանցելու համար: Գրանցված 1:1 հաշիվն երկու հանդիպման արդյունքով փարիզցիներին դուրս բերեց հաջորդ փուլ:
Ընդհանուր գծերով ահա այսքանը Չեմպիոնների լիգայի անցնող շաբաթ կայացած խաղերից` ում համար տխուր, ում համար էլ ուրախ նոտաներով: Սակայն Չեմպիոնների լիգա կոչված ֆուտբոլային փառահեղ այս համանվագն, ինչպես գիտեք, անցնող շաբաթով չի ավարտվում ու չավարտվեց: Արդեն իսկ եկող երեքշաբթի-չորեքշաբթի մյուս քառյակը կազմած զույգերի խաղերն են եւ դրանց մեջ առանձնակի հնչողությամբ է առանձնանում «Բարսելոն»-«Միլան» դիմակայությունը: Չէ, ես չեմ ստվերում «Բավարիա»-«Արսենալ», «Մալագա»-«Պորտու», «Շալկե»-«Գալաթասարայ» հանդիպումները: Դրանցից առնվազն վերջին երկուսը լուրջ ինտրիգներ ունեն իրենց մեջ, թեպետ մյունխենցիների դեմ խիզախելու քիչ բան չունի եւ «Արսենալը», որքան էլ լոնդոնյան հանդիպման 1:3 հաշիվն առանձնակի լավատեսության հիմքեր չի տալիս, եթե չօգտագործենք իմ հարգարժան գործընկեր Ռազմիկ Աբրահամյանի չափից ավելի սիրած «ընդհակառակը» բառը: Եկող շաբաթվա ամենախոշոր ինտրիգն, այո, ունի «Բարսելոն»-«Միլան» դիմակայությունը ու դա այն պարզ պատճառով, որ կատալոնյան ակումբն իր երկրպագուների համար անցած օրերին ապահովեց «փառահեղ» պարտությունների շարան` ի դեմս «Ռեալից» ունեցած երկու անպատվություների ու play off-յան առաջին հանդիպումից հետո միլանյան ստորացումի: Պատասխան խաղում ի՞նչ է անելու «Բարսելոնը», օր ծերության թողնելո՞ւ է մեզ գլխարկն առանց աչքերին քաշած ապրելու` դժվարանում եմ պատասխանել: Եթե կա մեկը, ով ստույգ ինչ-որ բան գիտի, խնդրում եմ, մի զլացեք, զանգեք` հանդիպենք: Մնամ բարի լուրի սպասումով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ