Եվրոպական առաջատար ֆուտբոլային տերությունների առաջնությունների առաջատար եռյակները կազմած ակումբների հանդիպումները մտել են այնպիսի մի փուլ, որտեղ յուրաքանչյուր խաղ, այսպես թե այնպես, աղերսվում է աշխարհամասի երկու գլխավոր խաղարկությունների հանդիպումների հետ: Եթե ոչ առաջընթաց գրաֆիկով, ապա առնվազն ոչ այնքան հեռավոր անցյալով:
Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Բարսելոնի» շաբաթ օրվա հանդիպումը «Դեպորտիվոյի» հետ ավելի շուտ հայացք էր Չեմպիոնների լիգայի խաղարկության մեկ ութերորդի շրջանակում «Միլանի» հետ այսօր կայանալիք պատասխան խաղին: Շատ մեծ պայմանականությամբ եթե մի պահ ընդունենք, որ «Դեպորտիվոն» կատալոնյան ակումբի այսօրվա մրցակիցն է, ապա երկու հանդիպումների արդյունքով խաղի հաշվի հավասարությունը վերականգնվեց, բայց ամբողջ հարցն այն է, որ այդ 2:0-ն «Բարսելոնին» հնարավորություն չի տալիս անցնելու հաջորդ փուլ: Սակայն եկեք վերացարկվենք պայմանականությունից ու տեղափոխվենք ժամանակային ռեալ չափում:
Իսպանիայի առաջնության հերթական տուրի հերթական հանդիպումում «Բարսելոնը» հաղթեց հերթական մրցակցին ու 71 միավորով ավելի ամրապնդեց առաջատարի դիրքերը, սակայն որակի առումով խաղը չտպավորվեց, որքան էլ, հասկանալի պատճառներով, Ժորդի Ռոուրան նախապատվությունը տվել էր պահեստային խաղացողներին: Ի դեպ, խաղն առանձնակի տպավորություն չթողեց նաև երկրորդ խաղակեսում` անգամ Մեսիի, Ինիեստայի, Բուսկետսի դաշտ դուրս գալուց հետո: Գուցե խիստ եմ դատում, սակայն եթե կա մեկը, ով կասի, թե այդ հանդիպումից բարսելոնյան խաղի համ ու հոտ առավ, ի՞նչ ասեմ, հալալ լինի իրեն: Բնականաբար, ի հակադարձումն, իրավունք ունեք հարցնելու` Մեսիի խփած գոլն էլ փաստարկ չէ՞: Չէ, բարեկամներս, փաստարկ չէ, թեպետ կատարյալ հաճույք ստացա այն բանից, որ երկրի առաջնության տասնյոթերորդ անընդմեջ խաղում ևս արգենտինացին չհեռացավ առանց դարպասի գրավման:
Մեկ, որ սկսեցինք խոսել Մեսիից, չեմ կարծում, որ Լեոն «Միլանին» գոլ խփելու առիթը ձեռքից բաց կթողնի: Գուցե գոլերը, պայմանով, որ ամբողջ թիմով չեն կախվի նրա ոտքերից: Սակայն, մի մոռացեք, եթե իտալացիները թեկուզ մեկ անգամ գրավեն կատալոնյան ակումբի դարպասը, այս դեպքում «Բարսելոնը» չորս անգամ պիտի գոլ հեղինակի, իսկ 4:1-ը նույնքան դժվար հաշիվ է, որքան երկու կամ երեք զրոն, մանավանդ որ պաշտպանությունում ներկայիս «Բարսելոնը» լուրջ խնդիրներ ունի: Ի՞նչ ասեմ: Սատանի բան է` երբ պետք չէ, որ վայրկյաններն անցնեն, ժամերն են վազում, երբ պետք է, որ ժամերն անցնեն, վայրկյաններն են կապիկություն անում: Հետո էլ ասում եք` երկիրը երկիր չէ: Երկիրն ի՞նչ կապ ունի, երբ մոլորակդ մոլորակ չէ, մոլոր ակ է:
«Սելտա»-Մադրիդի «Ռեալ» դիմակայությունում կողմերն իրենց մտահղացումները գոլերի կարողացան վերածել միայն երկրորդ խաղակեսում: Առավելության հասնելով 2:1 հաշվով (մադրիդցիներից դուբլով առանձնացել է Ռոնալդուն)` «Ռեալը» բարձրացավ առաջնության երկրորդ հորիզոնական, սակայն կմնա՞ր նա այնտեղ, թե՞ ոչ, պատասխանը հայտնի էր դառնալու բառացիորեն երկու ժամից, որովհետև այդ հանդիպումից անմիջապես հետո Մադրիդի «Աթլետիկոն» սրերը խաչաձևելու էր «Ռեալ Սոսեդադի» հետ: Հոգեբանական գործո՞նն իր բացասական դերակատարությունն ունեցավ, թե՞ լրջորեն մեկ այլ բան խանգարեց «Աթլետիկոյին», միանշանակ դժվար է պատասխանելը, սակայն փաստը մնում է փաստ, որ մրցակիցը, շնորհիվ Պիետրոյի գոլի, երեք միավոր խլեց Սիմեոնեի գլխավորած թիմից` թողնելով թե՛ քիթը կախ, թե՛ գլխահակ:
Բունդեսլիգայի առաջնությունում «Բավարիան» թեպետ դժվարությամբ (խաղի ընթացքում երկու անգամ պարտվում էր), այնուամենայնիվ, հաղթեց «Ֆորտունային» (մյունխենցիներից գոլերը խփել են Մյուլլերը, Ռիբերին, Բոատենգը) ու շարունակում է վստահորեն գլխավորել աղյուսակը` հընթացս հեռակա կարգով հասկացնելով «Արսենալին»` Չեմպիոնների լիգայից իր մրցակցին, որ առանձնակի հույսեր չփայփայի այսօրվա հանդիպումում (պիտի որ մոռացած չլինեք կողմերի լոնդոնյան հանդիպման 1:3 արդյունքը): Ինչ վերաբերում է նույն Չեմպիոնների լիգայից գերմանական մյուս հաջողակին, ապա «Շալկե-04»-ը Դորտմունդի «Բորուսիային» սեփական դաշտում ցույց տվեց, որ 2:1-ը բավականին էլ տպավորիչ հաշիվ է հաղթանակի հասնելու համար (տանտերերից գոլերը խփել են Դրաքսլերն ու Հունտելարը, հյուրերից` Լևանդովսկին): Դորտմունդցիների պարտությունը լեվերկուզենցիներին առաջատար եռյակում խմբագրումներ անելու հրաշալի հնարավորություն ընձեռեց, սակայն «Մայնցը» «Բայերին» ստիպեց գլխիկոր հեռանալ Մայնցից, ու դրան միանգամայն բավարարեց խաղի նվազագույն հաշիվը:
Գերմանականի նման Ֆրանսիայի առաջնությունում էլ հաղթանակն առաջատարին դժվարությամբ տրվեց: «Նանսիի» գոլին փարիզցիները կարողացան պատասխանել միայն երկրորդ խաղակեսում: Դուբլի հեղինակ դարձավ Զլաթան Իբրահիմովիչը` ռմբարկուների աղյուսակը գլխավորելով արդեն 24 գոլով: Հաղթանակը ՊՍԺ-ին հնարավորություն տվեց վաստակել 57 միավոր ու «Լիոն»-«Մարսել» խաղից առաջ լիոնցիներից առաջ անցնել հինգ միավորով: Ինչ վերաբերում է «Լիոն»-«Մարսել» դիմակայությանը, զավեշտը չասենք, ինտրիգն այն էր, որ ֆուտբոլում մայրաքաղաքայինների «դասակարգային» թշնամու համարում ունեցող մարսելցիները կարող էին նրան օգնել ավելի վստահ զգալ առաջատարի դերում: Սակայն լիոնցիների նկատմամբ հաղթանակը նախ և առաջ հենց իրեն` «Մարսելին» էր պետք, քանի որ այդ դեպքում ակումբը կարող էր հասնել 52 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Լիոնին»: Ավաղ, «Մարսելը» չկարողացավ օգտվել առիթից, ու կողմերը բաժանվեցին մեկական միավոր վաստակած (0:0):
Իտալիայի առաջնությունում «Յուվենտուսը», թող որ խիստ ուշացումով (Ջակերինի, 90-րդ րոպե), այնուամենայնիվ, հաղթանակի հասավ «Կատանիայի» նկատմամբ` ունեցած միավորները հասցնելով 62-ի: Փոխարենը դրական ոչնչով աչքի չընկավ նրան հետապնդող «Նապոլին», որն արտագնա խաղում 2:0 հաշվով զիջեց «Կիևոյին» ու առաջատարից հետ է մնում արդեն ինը միավորով: Երրորդն այստեղ 51 միավոր ունեցող «Միլանն» է, որը նախօրեին արտագնա խաղում 2:0 հաշվով (Պացինի, Բալոտելի) գերազանցել էր «Ջենովային»:
Եվ վերջապես, Անգլիայի առաջնության մասին, որի առաջատար եռյակի համար, բացառությամբ աղյուսակի երրորդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմի», հանգստյան օրերը գավաթային էին:
«Մանչեստր Սիթին» իր հեղինակությամբ անգլիական ֆուտբոլի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Բարնսլին» հաղթեց 5:0 հաշվով (երեք գոլ հեղինակել է Տևեսը) ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Անհամեմատ ծանր ստացվեց մեկ քառորդը մանչեստրյան մյուս թիմի` «Յունայթեդի» համար, որի մրցակիցը եվրագավաթի խաղերից իր բախտակիցն էր: Հիշենք, որ երկուսն էլ դուրս են մնացել հեղինակավոր այդ խաղարկությունների հետագա պայքարից, առաջինը` Մադրիդի «Ռեալից» կրած պարտության, երկրորդը` բուխարեստյան ակումբի հետ անհասկանալի խաղի պատճառով: Ինչևէ, ակումբների վերքերը չփորփրենք, միանգամից անդրադառնանք օրվա հանդիպմանը:
Առաջին տասնմեկ րոպեից հետո «Յունայթեդը» խաղը շահում էր 2:0 հաշվով: Հասկանալի է, որ «Չելսիի» համար սա կատարյալ մղձավանջ էր, մանավանդ որ Անգլիայի գավաթը Աբրամովիչի թիմի համար, փաստորեն, միակ մրցաշարն է, որտեղից ընթացիկ մրցաշրջանում հնարավոր է առաջին դեմքի կարգավիճակով ինչ-որ բան պոկել: Քսանհինգերորդ րոպեին Չեխը վերջնականապես կարող էր հանդիպումը լուծել հօգուտ մրցակցի, սակայն, բարեբախտաբար, կրկնակի սեյվով կարողացավ ոչ միայն նախորդ գոլերի մեջ (Չիչարիտո, Ռունի) ունեցած մեղքի իր բաժինը որոշակիորեն քավել, այլև թիմին դեմքը փրկելու մասին մտածելու հնարավորություն տալ: Երկրորդ խաղակեսում «Չելսին» դաշտ մտավ ամբողջովին վերափոխված, կարողացավ ոչ-ոքիի հանգրվան հասցնել դիմակայությունը (Ազար, Ռամիրես): Այս խաղի մարտական ոչ-ոքին հանդիպումը տեղափոխեց կրկնախաղ, որը կայանալու է արդեն «Ստեմֆորդ Բրիջում»: Ինչ վերաբերում է առաջնության շրջանակներում կայացած «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» մրցակցությանը, տանտերերն առավել հաջողակ գտնվեցին (3:2), ինչը, հաղթելու դեպքում, «Չելսիին» հնարավորություն կտա նորից վերադարձնել աղյուսակի երրորդ հորիզոնականը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ