Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շախմատային թագի հավակնորդների մրցապայքարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը փայլուն ոճով հաղթեց Վասիլի Իվանչուկին և երկու հաղթանակով ու մեկ ոչ-ոքիով գլխավորում է մրցումային առաջին եռօրյան: Նախորդ օրվա հաջողությունը չկարողացավ զարգացնել Թեյմուր Ռաջաբովը` պարտություն կրելով Պյոտր Սվիդլերից: Բորիս Գելֆանդ-Մագնուս Կառլսեն միկրոմրցամարտում հաղթանակի հնարավորությունը ձեռքից բաց չթողեց նաև նորվեգացին: Կառլսենի պարտության մասին նախնական ինֆորմացիան եղել է սկզբնաղբյուր հանդիսացած կայքէջի ապատեղեկատվության հետևանք, ինչի համար ներողություն ենք հայցում ընթերցողից: Ինչ վերաբերում է Վլադիմիր Կրամնիկ-Ալեքսանդր Գրիշչուկ դիմակայությանը, կողմերը խաղաղ դաշն են կնքել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ