Ապրիլի 21-ին Փարիզի հանրահայտ Լուվր թանգարանում մեկնարկեց ռուս մեծ շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի առաջին հուշամրցաշարը, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել տասը գրոսմայստեր, այդ թվում` Լևոն Արոնյանը, ով բոլորովին վերջերս չորրորդ տեղը գրավեց աշխարհի թագի հավակնորդների մրցաշարում: Ասենք, որ հուշամրցաշարն անցկացվելու է երկու փուլով: Ապրիլի 26-ին կավարտվի փարիզյան մրցաշարը, որին կհետևի մեկօրյա դադարը, մինչև շախմատիստները տեղափոխվեն Սանկտ Պետերբուրգ` ոչ պակաս հանրահայտ Ռուսական թանգարան, որտեղ էլ շարունակվելու է մրցավեճը:
Վիճակահանության արդյունքով մեր շախմատիստի առաջին մրցակիցը Դինգ Լիրենն էր: Ցավոք, Արոնյանն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ ու պարտվեց սև ֆիգուրներով: Տուրնիրը պարտությունով սկսեց նաև աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը` սպիտակներով զիջելով Մայքլ Ադամսին: Առավել հայտնիներից հաջող մեկնարկեց Վլադիմիր Կրամնիկը` սպիտակ խաղաքարերով իրացնելով Վիտյուգովի նկատմամբ առավելությունը: Ոչ-ոքի են ավարտվել Սվիդլեր-Գելֆանդ, Վաշիե-Լագրավ-Ֆրեսինե դիմակայությունները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ