Միանգամից բացենք օտարահունչով դեկադա կոչվող տասնօրյակի առանձնապես չունեցած գաղտնիքն ու նոր հանգիստ խղճով անցնենք առաջ, թե չէ ընթերցողների մեջ հնարավոր է լինեն մի քիչ հին ժամանակների մարդիկ, ովքեր նոստալգիայի ուժով հանկարծ կարող է մտածեն, թե վերադարձել են խորհրդային ժամանակներն ու, առանց նյութի բուն ասելիքի մեջ խորանալու, ոգևորված, ծակուծուկերից հանեն Լենին պապիկի թաքնված դիմապատկերներն ու առավոտ կանուխ շտապեն Հանրապետության վերանվանված Լենինի հրապարակ` շքերթի: Չէ, մոլորյալ բարեկամներս: Նախ` մոռացեք «հին ու բարի ժամանակները», որովհետև մեզ մոտ վաղո՜ւց մարդակեր կապիտալիստների հասարակարգ է, երկրորդ` այս գիշատիչները զուտ բնազդի ուժով ձեզ թույլ չեն տա իրենց տիրածին հետողորմյա անել, և, երրորդ, խոսքն ընդամենը ֆուտբոլի մասին է, իսկ ավելի կոնկրետ, մայիսի 15-ին կայացած ամստերդամյան եզրափակչի «Բենֆիկա»-«Չելսի» հանդիպման, որտեղ, եթե հաղթեր լոնդոնյան ակումբը, ապա տասն օրով կդառնար երկու լիգաների գավաթների տիրակալը:
ԱՄՍՏԵՐԴԱՄԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ
Միանգամից ասենք, որ եզրափակիչում «Բենֆիկան» 1:2 հաշվով զիջեց «Չելսիին», հաղթական գոլը խփվեց մրցավարի ավելացրած րոպեների վերջին վայրկյաններին ու այդպես անիրականանալի մնաց պորտուգալացիների մարզիչ Ժորժե Ժեզուշի` լիգաներից որևէ մեկում հաղթած մարզիչ դառնալու երազանքը:
Խաղի մանրամասներին դեռ կանդրադառնանք, սակայն մինչ այդ հիշեցնենք, որ եթե սրանից հիսունմեկ տարի առաջ Նիդերլանդների մայրաքաղաքում կայացած եզրափակչում պորտուգալացիներին հաջողվեց հաղթել Մադրիդի «Ռեալին» ու տիրանալ գավաթին, սույնը դեռևս չէր կարող նշանակել, որ պատմությունը կարող է կամ պարտավորված է նույնությամբ կրկնվել, ու ինչպես հիսունմեկ տարի առաջ, այնպես էլ նույնքան տարի հետո «Ամստերդամ Արենայում» հանրահռչակ Էյսեբիոյի ներկայությունը (առաջին դեպքում` որպես ֆուտբոլիստ, երկրորդ դեպքում` որպես հանդիսատես) իր հայրենակիցների համար դեռևս չէր նշանակում երաշխավորված հաղթանակ: Այնպես որ` Ամստերդամի հաջող կամ անհաջող քաղաք լինելու մասին դատողությունները զուտ պայմանականության ոլորտից էին, որոնցով լրագրողները սիրում են ինտրիգին լրացուցիչ ինտրիգ հաղորդել` խաղալով ֆուտբոլասերի առանց այն էլ պրկված նյարդերի վրա:
Դառնանք եղածին:
Խաղը փառահեղ էր, կրքերով, դրամատիզմով հարուստ, եզրափակչին միանգամայն վայել հանդիսություն, որն անգամ քար սրտերին ստիպեց արագացված ռիթմով աշխատել: «Բենֆիկան» լավն էր ամբողջ իննսուն րոպեի կտրվածքով, մինչդեռ «Չելսին» համ ու հոտ թողեց միայն երկրորդ խաղակեսում: Քառասունհինգ րոպեն, բնականաբար, իննսուն րոպե չէ, բայց արի ու տես, որ իր կրկնակի քիչ ծավալով միանգամայն բավարար եղավ հանդիպման ելքը վճռելու համար:
Եթե հետահայացով փորձենք հասկանալ, թե որն էր լոնդոնցիների հաջողության գլխավոր հաղթաթուղթը, պիտի միանշանակ արձանագրենք Ռաֆայել Բենիտեսի տղաների անհամեմատ բարձր կարգը: Չեմ կարծում, որ առանձնապես դեմ կլինեք, եթե խոսքի աղը պահպանելու համար համեմատություններով փորձեմ խոսել:
Հայտնի խոսք է, որ պատից կախված դատարկ հրացանը տարվա մեջ գոնե մի անգամ կրակում է: Հիմա, ամբողջ մրցաշրջանի արդյունքով գոհ եք-գոհ չեք Տորեսի խաղից, փաստը մնում է փաստ, որ մարդն ամենակարևոր պահին իր անելիքն անում է: Եթե մոռացել եք, հիշեցնեմ, որ այս «հրացանն» առանձնահատուկ թուլություն ունի մասնավորապես հանգուցային ու հատկապես եզրափակիչ խաղերի նկատմամբ: Գուցե կրկնում եմ, բայց ոչինչ. պատասխանեք` նման առավելություն ունեցող քանի՞ խաղացող գիտեք համաշխարհային ֆուտբոլում:
Պայմանավորվենք` մինչ դուք հետևողականորեն կքրքրեք ձեր հիշողության մոռացության մատնված դարակները, զուտ ժամանակ խնայելու առումով ես անցնեմ առաջ:
Չէ՞ր դիմանում «Չելսին» «Բենֆիկայի» արագ ֆուտբոլին:
Չէր դիմանում:
Պորտուգալացիների համեմատությամբ քնած դշխուհինե՞ր էին անգլիացիները:
Քնած դշխուհիներ էին:
Ես այս երկուսն ասացի, դուք ձեր իմացած կամ տեսած մնացած բաներն էլ հավելեք, սակայն վերջում չմոռանաք հիշել, թե գոլ խփելու քանի հնարավորություն ունեցան պորտուգալացիներն ու քանիսն արդյունավետ օգտագործեցին, և նույն դիտարկումը չմոռանաք անել նրանց մրցակցի առնչությամբ:
Հիմա տեսնո՞ւմ եք, թե շան գլուխն իրականում որտեղ է թաղված:
Թե չէ, գլուխներդ կորցրած, մտածում եք` տեսնես հայաստանյան թիմերը ե՞րբ Եվրոպայի կամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլում հանդես գալու հնարավորություն կունենան` նաիվորեն կարծելով, թե իրենց ունեցածն էլ է չեմպիոն, մեր ունեցածն էլ:
Նախ` միամտորեն մի խաբվեք այն խոսքին, թե առյուծն առյուծ է` որձ լինի, թե` էգ, որովհետև դա իսկական առյուծներին է վերաբերում, երկրորդն էլ… Կասեի, թե երկրորդն էլ ինչ, բայց թե առանձնապես մի բան էլ չէ, երբ ամեն ինչ ծամած դնում են մարդու բերանը: Եթե ուրիշ բան էլ չլինի, մեջտեղում հիգիենայի հարցը կա ու կա: Այնպես որ, թույլ տվեք առողջապահական հարցերի քննարկումը թողնել մի կողմ ու անցնել առաջ:
ԱՄԵՆԱՀԱՋՈՂ ՁԱԽՈՂԱԿԸ
Այո, այո` կռահեցիք: Ասելիքս Ռաֆայել Բենիտեսին է վերաբերում:
Իսպանացի այս մասնագետն էլ իր նախորդի նման «Չելսիի» ղեկավարությունը ստանձնեց մրցաշրջանի կեսից ու նրա հանգույն թիմը բերեց հասցրեց հաղթական եզրափակիչ: Դի Մատեոն դա արեց Չեմպիոնների լիգայի կտրվածքով, Բենիտեսը` Եվրոպայի լիգայի:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Չելսիի» տարած հաղթանակը մարզչին հնարավորություն տվեց թիմը գլխավորելու նաև հաջորդ` ընթացիկ մրցաշրջանում, թեև ակումբի սեփականատիրոջ հետ պայմանը մինչև անցած մրցաշրջանի վերջ գլխավորելն էր: Սակայն եկեք Մատեոյին թողնենք հանգիստ: Մրցաշրջանի կեսից նրան փոխարինած Բենիտեսը, ինչպես գիտեք, թիմը մարզելը ստանձնեց մինչև այս մրցաշրջանի ավարտ հասցնելու պայմանով: Գիտեք նաև, որ մրցաշրջանն ավարտվում է: Համենայն դեպս, վերջն այնքան էլ հեռու չէ: Հիմա ի՞նչ է ստացվում, թիմը Եվրոպայի լիգայի հաղթական եզրափակիչ բերած մարզչին ասում ենք` մնաս բարո՞վ:
Ես էլ չեմ խոսում Անգլիայի առաջնությունում «Չելսիի» հաջողություններից:
Այստեղ պիտի միջանկյալ խոսքի իրավունք խնդրեմ` ներքին առաջնությունում ունեցած հաջողությունների ու Եվրոպայի լիգայում արձանագրածի միջև անպարկեշտորեն հավասարության նշան դնելս բացատրելու համար: Բանն այն է, բարեկամներս, որ ցանկացած մեկ այլ երկրի պարագայում դա այդպես էլ կարող է անպարկեշտություն ընկալվել, բայց ոչ երբեք իր յուրօրինակ օրենքներով ու սկզբունքներով ապրող Բրիտանիայի պարագայում, որի համար սեփական ամեն ինչն է առավել ցանկացած ընդհանրականից:
Այս փոքրիկ բացատրականից նորից անցում կատարենք վերը հիշատակված «մնաս բարովին», որի մեջ այս անգամ իսկապես անպարկեշտորեն հավասարության նշան էինք դրել մեր ու Ռոման Աբրամովիչի միջև, իբր թե նրա պես մենք էլ հավասարապես հարցեր լուծող ենք, Բենիտեսին գործից ազատողներից մեկն էլ մենք ենք` ձեզ հետ:
Հիմա տեսնո՞ւմ եք, որ աշխարհն իսկապես չոփով է ծածկված:
Մեկը հաղթում է, թիմը հաջողությունների է հասցնում` վերցնում-ազատում են, մյուսը կոլեկտիվին մի ողջ երկրի հետ խաղք ու խայտառակ է անում, պաչում, դնում են գլխներին` որպես անփոխարինելիի:
Հիմա ինձ կարո՞ղ եք հոդաբաշխ բացատրել, թե որն է Բենիտեսի մեղքը:
Որ իր հարուստ տեսական, պրակտիկ գիտելիքներով մարզիչ է ու մարզչի ծաղր չէ՞:
Որ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ չէ Ռոման Աբրամովիչի հե՞տ:
Որ հաղթող մարզիչ լինելով հանդերձ` փոխարինելի՞ է, ու անփոխարինելի է պարտվո՞ղը:
Հը՞:
Ինչ ասի՜՞ք:
Պահո՜: Էս ինչե՜ր անցան Ձեր մտքով:
Էդ ո՞վ ասաց, որ բրիտանականի կողքին ես հայաստանյան իրականությունը նկատի ունեմ:
Եթե այդպես եք մտածում, ուրեմն, մենք նույն ուղղությամբ չենք նայում: Իսկ եթե նույն ուղղությամբ չենք նայում, ի՞նչ եք կարծում, այս զրույցը շարունակելն իմաստ ունի՞: Դուք ոնց որ թե արդեն պատրաստվում եք լրջորեն կասկածի տակ առնելու հայկական ֆուտբոլի պապայության կադրային քաղաքականությունը, մինչդեռ ես, անկեղծ ասեմ, դեմ եմ ձեր ռևիզիոնիստական հայացքներին: Շատ էլ դեմ եմ, ինչպես կասեր Մուրադ Փարսադանիչի կողակից Արուսյակ Վարդանյանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ. Գ. -Հանճարեղ լոռեցին որքա՜ն դիտունակ էր, երբ ասում էր. «Միշտ մի փորձանք, մի վնաս, գալիս է մեզ անպակաս»: Էնքա՜ն ասելիք ունեի «Չելսի»-«Բենֆիկա» խաղից, նույն այդ Ռոման Աբրամովիչից ու Ռաֆայել Բենիտեսից, ի՜նչ սիրուն անցում էի կատարելու Մոուրինյո ու Հայնկես, մայիսի քսանհինգին սպասվելիք «Բավարիա»-«Բորուսիա» հանդիպում… Ո՞ր մեկն ասեմ: Է, թողեցի՞ք, որ ասեմ: Չմոռանաք, որ սույնն ինքներդ կամեցաք: