«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Ինչպես հայտնի է, արքա կարող է լինել միայն մեկը

Ինչպես հայտնի է, արքա  կարող է լինել միայն մեկը
24.05.2013 | 12:20

Վաղն ընթացիկ տարվա ֆուտբոլային Եվրոպայի խոշորագույն տոնն է: Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած գերմանական երկու թիմերը` Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան», անգլիական լեգենդար «ՈՒեմբլի» մարզադաշտում միմյանց միջև կպարզեն, թե իրենցից որն է հին աշխարհամասի ուժեղագույն ֆուտբոլային ակումբը:

Սկսենք նրանից, որ զարմանալի ոչինչ չկա նրանում, որ գերմանական թիմերն են միմյանց մեջ որոշելու Եվրոպայի թիվ մեկ ակումբը, ու սա ավելի քան շատ պարզ պատճառով: Այս երկրում ֆուտբոլը հասցված է պաշտամունքի աստիճանի ու դրա մասին ավելի քան առարկայական խոսում է մարզադաշտեր մարդկանց միջին հաճախման ցուցանիշը: Այսպես, եթե իսպանական առաջնությունում այդ ցուցանիշը կազմում է քսանինը, անգլիականում` երեսունհինգ հազարի կարգի թիվ, ապա Գերմանիայում այն հավասար է քառասուներեք հազարի:
Գերմանիայի պատմությանն ու տվյալ դեպքում, որպես առաջինի ածանցյալ, գերմանական ֆուտբոլի պատմությանը քաջածանոթ ընթերցողը սրանում գուցե առանձնապես արտառոց բան չտեսնի` սույնը բացատրելով պատմական ինչ-ինչ գործոններով (մեկ այլ հարմար առիթով խոստանում եմ դրանց մանրամասն անդրադառնալ բավականին հետաքրքիր փաստերի հրամցումով) ու, իբրև դրանց արդյունք-օրինաչափություն, դերբիների առատությամբ:
Կանխազգալով ընթերցողի մեջ արդեն գլուխ բարձրացնող հեղափոխական տրամադրությունները, հատկապես վերջին գործոնի առնչությամբ, պիտի շտապեմ սառը ցնցուղի ֆունկցիա վերցնել վրաս, որքան էլ Հայաստանում մարդկանց ավանդաբար ընդունված է ջրել Վարդավառի ժամանակ:
Եթե, ի մասնավորի, դերբիների առատությունը պիտի նկատի ունենանք մարդկանց բացահայտ ապակողմնորոշման տանող սխալականում, ապա, որքան մեզ հայտնի է, Հայաստանի առաջնությունից ավելի շատ դերբիներ ունեցող չկա, սակայն, ինչպես համոզչորեն տեսնում եք, դրանից ամանումն էլ բան չկա: Հայաստանյան ֆուտբոլային մրցակցությունները գերմանականը հիշեցնում են միայն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մականվան զուգահեռումով, բայց ոչ երբեք մեկ խաղին «ընկնող» մեկուկես հանդիսականով: Այնպես որ, խնդիրն արմատական ուրիշ բաներում է ու, մասնավորապես, խաղի որակի մեջ, ենթակառույցների, մարզչական կադրերի հետ տարվող աշխատանքի։ Լավ, եկեք առանձնապես չխորանանք հարցի մեջ, թե չէ էլի ստիպված կլինենք վերքեր փորփրել, որից միայն տրամադրության անկում է գրանցվելու, իսկ մենք դեռ չենք հասցրել մոռանալ վաղվա ֆուտբոլային տոնի, այդ տոնին առանձնապես տրամադրվող ֆուտբոլասերի մասին ու, հանգամանքների բերումով բարոյական պատասխանատվություն ենք կրում նրա յուրաքանչյուր ԶՏԿԷՄ-ի` զուր տեղը կորցրած էներգետիկ միավորի համար:
Թիմերին եզրափակիչ բերած ուղուն, բնականաբար, չենք անդրադառնա, որովհետև ավելորդ է խոսել մի բանից, որից դիմացինդ քեզնից լավատեղյակ է, ուստի գնանք մեկ այլ ճանապարհով, որն ընթերցողին ավելի հետաքրքրական կարող է ներկայանալ:
Վնասվածքի պատճառով դորտմունդցիներից հանդիպմանը չի մասնակցի քսանամյա Մարիո Գյոտցեն: Խաղին չմասնակցելու այս երիտասարդի պարագան, ի մասնավորի, շեշտադրում ենք նրանով, որ արդեն իսկ նոր մրցաշրջանից նա կրելու է «Բավարիայի» մարզաշապիկը, մինչդեռ ափսոս, ավելի քան հետաքրքրական կլիներ հանգուցային այս խաղում գերմանական ֆուտբոլի ծագող աստղին տեսնել իր ապագա ակումբի դեմ մրցակցելիս:
«Եզրափակչին մասնակցելն իմ նպատակն էր, և վերականգնվելու համար ես շատ ջանացի: Ինձ համար անասելի ցավալի է, որ նման կարևոր խաղում չեմ կարողանա օգնել «Բորուսիային», սակայն բացարձակ վստահ եմ թիմի հարցում: Լոնդոն եմ մեկնում տղաներին աջակցելու»,- ասել է նա: Եկեք բավարարվենք այսքանով ու մեղավոր հոգիներիս վրա հավելյալ մեղք չվերցնենք` կասկածելով` Գյոտցեի վնասվածքն իսկապե՞ս լուրջ է, թե՞ սա էլ իր տեսակի մեջ յուրօրինակ քաղաքականություն է:
Ձայնի իրավունք տանք «Բորուսիայի» ևս մեկ ներկայացուցչի: «Սա աներևակայելի իրադարձություն է ֆուտբոլիստների ու ամբողջ ակումբի համար,- ի մասնավորի ասել է կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին:- Մեզնից քչերն են նախկինում հնարավորություն ունեցել մասնակցելու նման եզրափակչի: Այս խաղը կդառնա ամբողջ մրցաշրջանի գագաթնակետը, որը մենք ունեցանք չեմպիոնների լիգայում: Կարծում եմ, որ այս եզրափակիչը մեզ համար կլինի երջանիկ, ու մենք կդառնանք սպասվող մրցակցության հաղթող: Նախորդ մրցաշրջաններից գլխավոր տարբերությունն այն է, որ մեզ վերջապես հաջողվեց կոլեկտիվ կազմավորել: Մրցակցի նկատմամբ մեր առավելությունը սրանում է: Այս խաղում ամեն ինչ կորոշի այն, թե ով ինչ մարզավիճակով է մոտեցել հանդիպմանը: Մենք գիտենք ինչպես խաղալ «Բավարիայի» դեմ, հարգում ենք նրան, որովհետև այն բարձր կարգի թիմ է, սակայն մենք նմանապես գիտենք մեր ուժը և հնարավոր ամեն ինչ կանենք մեր վարպետությունը ցույց տալու համար: Ըստ իս, խմբային փուլում մենք հրաշալի խաղեր ենք ունեցել «Մանչեստր Սիթիի», «Ռեալի», «Այաքսի» դեմ: Դա հանգուցային պահ էր, երբ մենք, որպես թիմ, հավատացինք, որ ի զորու ենք ամեն ինչի»:
Ինչպես տեսնում ենք, լավատեսական տրամադրությունների պակաս չկա դորտմունդցիների շարքում, իսկ թե ինչ զգացողություններ ունեն մյունխենցիները, լսենք Ֆրանկ Ռիբերիին. «Ես տպավորված եմ նրանից, թե ինչպես «Բորուսիան» լուծեց «Ռեալի» հարցերը, սակայն մենք պարտավոր ենք մտածել միայն մեր մասին: Մենք պարզապես ուժեղ ենք «Բորուսիայից»: Եթե մենք պատրաստ ենք լինում հարյուր տոկոսով, անպայմանորեն հաղթում ենք: Հույժ կարևոր է, որ ինքներս մեզ վրա ուժեղ ճնշում չգործադրենք: «Բորուսիան» շատ լավ պաշտպանվում է ու իրենից ներկայացնում է հզոր թիմ: Ինչ էլ լինի, մենք ամեն ինչ կանենք ավարը Մյունխեն բերելու համար»:
Եթե դեմ չես, սիրելի ընթերցող, բավարարվենք այսքանով, մանավանդ որ խաղի ավարտից հետո մեզ սպասում է մեծ հանդիպում թերթի հաջորդ համարում, իսկ մինչ այդ միայն ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Բավարիան» դեռևս չի պարտվել «Բորուսիային»: Մյունխենցիները երկու անգամ հաղթել են, մի հանդիպում ավարտել ոչ-ոքի: Ի դեպ, այդ ոչ-ոքին գրանցվեց այն բանից հետո, երբ երկուսն էլ հաղթական կիսաեզրափակիչներ ունեցան իսպանական գերակումբների հետ և սկզբունքորեն առանձնապես արյուն թափելու խնդիր չունեին մի հանդիպումում, որը կողմերին հավասարապես ոչինչ չէր տալիս, քանի որ այդ հանդիպումից դեռ շատ առաջ «Բավարիան» լուծել էր չեմպիոնության, «Բորուսիան»` փոխչեմպիոնության հարցը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ