Այն, որ Ռուսաստանի մի շարք շրջաններում և ԱՄՆ-ում, Կանադայում անբնական բարձր և ցածր ջերմաստիճաններ են գրանցվել այս ձմեռ, երկրի մթնոլորտն ուսումնասիրող մասնագետների կարծիքով, պայմանավորված է Հյուսիսային Ամերիկայից ներխուժած արկտիկական ցիկլոնով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային մթնոլորտային ծառայության մասնագետ Գրեգ Կարբենը: «Պատճառներից մեկը, որ Ռուսաստանում սովորականից տաք է, պայմանավորված է արկտիկական ցիկլոնի` Կանադա և Միացյալ Նահանգներ տեղափոխվելու հանգամանքով: Այսպիսով, այն հեռացել է Կենտրոնական Ռուսաստանից: Ի դեպ, չի բացառվում, որ ռուսները մեկ կամ երկու շաբաթից նորից զգան խստաշունչ ցիկլոնի ազդեցությունը: Այդ ժամանակ ջերմաստիճանը կիջնի մինչև միջին ցուցանիշ կամ նույնիսկ ավելի ցածր»,- ասել է Կարբենը:
Այսպիսով, գիտնականն ընդգծել է, որ այս ձմռանն արձանագրված անոմալ տաք օրերը դեռևս չեն նշանակում, որ դա կլիմայի գլոբալ տաքացման դրսևորման հետևանք է: «Որպեսզի պնդենք հակառակը, անհրաժեշտ է մանրազնին վերլուծել առնվազն 100 տարվա ընթացքում հավաքված տվյալները, ինչը շատ դժվար է»,- ասել է ամերիկացի փորձագետը, ով զբաղվում է օվկիանոսային և մթնոլորտային հարցերի ուսումնասիրմամբ:
ԱՄՆ-ի բնակիչներն այս օրերին տեսան և զգացին ամենասաստիկ սառնամանիքները։ Նման բան չէին տեսել վերջին 17 տարիների ընթացքում: Երկրի Հարավային ափում և արևելքում ջերմաստիճանը տեղ-տեղ մինուս 30-ից ցածր էր: Եվրոպայում՝ ընդհակառակը, անսովոր և չափազանց բարձր ջերմաստիճան է դիտվել: Օրինակ, Ֆրանսիայում չորեքշաբթի 5-9 աստիճանով նորմայից բարձր ջերմաստիճան է արձանագրվել: Անոմալ տաք եղանակ է հաստատվել նաև Կենտրոնական Ռուսաստանում: Մոսկվայում հինգշաբթի գրանցվել է +2 աստիճան, ինչը նորմայից բարձր է 11 աստիճանով:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ