«Իմ հաշվարկներով, տարեկան հավաքված գումարը 200 միլիոն դոլարին համարժեք գումար է կազմելու, որը մեր պետության համար խոշոր գումար է: Ամենատխուրն այն է, որ, պարզվում է, մենք անշնորհք ենք, և օտար ափերում պիտի գտնենք շնորհքովների, որ կառավարեն մեր գումարները: Եթե այդ գումարները ծառայեին մեր երկրին, 25 տարի անց, եթե մեզ էլ չտային, մենք գոնե հաջողությունները կտեսնեինք: Սովետական երկիրը, որ երաշխիքային առումով աշխարհում ամենաուժեղն էր, չկարողացավ ավանդները հետ տալ: Ո՞նց վստահ լինենք, որ 25 տարի անց այդ գումարները մեզ հետ կտան, եթե ես այսօր անգամ ապրելու սուղ հնարավորութուններ ունեմ»,-այսօր, «Հենարան» մամուլի ակումբում, անդրադառնալով կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին, ասաց տնտեսագետ, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ` հույս հայտնելով, որ վաղը կայանալիք հանրահավաքը կտա իր արդյունքը, որ ի վերջո իշխանությունը կհրաժարվի այս օրինագծից. «Բոլոր որոշում կայացնողները ինչքան էլ չլսեն, չլսեն, ի վերջո, պիտի լսեն, քանի որ եթե չլսեն` վատ է լինելու: Կարծում եմ, հունվարի 18-ի հանրահավաքը արդյունք կտա: Հուսամ` կառավարության գործունեության մեջ իրատեսությունը, խոհեմությունը կգերակայեն, և իշխանություն ուզողը կհասկանա, որ պետք է զիջումների գնա»,-հավելեց Բոստանջյանը; Նրա ձևակերպմամբ` կենսաթոշակային կոչված բարեփոխումները անհեթեթություն են, հատկապես սոցիալ-տնտեսական իրավիճակի առումով. «Հասկանում եմ, որ կուտակային բաղադրիչի «բարեփոխումը» չի կարող որպես այդպիսին լինել: Բյուջեի եկամուտները պակասեն, ավելանան` կապ չունի, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պարզապես անհեթեություն է այս պահի համար: Միգուցե ես չեմ ուզում հասնել այդ տարիքին, ուզում եմ մեռնել, ինձ պետք չէ այդ համակարգը»,-ասաց տնտեսագետը. Նրա համոզմամբ, որպես հարցի լուծում պետք է բարձրացնել քաղաքացիների եկամուտները: «Ես կարծում է, որ ոչ թե ընդհանապես չի կարելի այս օրենքը կյանքի կոչել, այլ պարզապես պետք է ստեղծել երաշխիքների այնպիսի համակարգ, որ մարդիկ գնան դրան: Իսկ մեր երկրում իշխանության հանդեպ կա վստահության մեծ դեֆիցիտ»,-շեշտեց բանախոսը:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին, ԲՀԿ-ական նախկին պատգամավորն ասաց. «Քոչարյանն այնպիսի մարդ է, որ երբ գա վերադարձի պահը, ինքն այդ մասին կասի»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ