«Թե՛ Սուրբ Սարգսի, թե՛ Սուրբ Վալենտինի տոները մեծ մարդասիրական խորհուրդ ունեն. երկուսն էլ նվիրված են սիրուն, պտղաբերությանը և բնության զարթոնքին, սակայն, ունենալով հինավուրց և շատ ավելի խորիմաստ Սուրբ Սարգսի տոնը, պետք չէ նշել օտարը, որը ներկայում Հայաստանում տարածված է որպես բիզնես»,- այսօր «Բլից ինֆո» մամուլի կենտրոնում խոսելով փետրվարի 14-ին նշվող Սուրբ Սարգսի տոնի մասին, ասաց ազգագրագետ ՌԱՖԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ` նշելով, որ երիտասարդների համար սուրբ Սարգսի խորհրդանիշներով կոնֆետներ և այլ պարագաներ ևս կարելի է պատրաստել:
Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վարդան քահանան էլ հավելեց, որ Սբ. Սարգսի տոնը հայերը հաճախ շփոթում են կամ նույնացնում Սուրբ Վալենտինի տոնի հետ, սակայն «պետք չէ ուրիշների տոնը կապել հայերի հետ, քանզի հայերն ունեն իրենց սիրելի տոնը»:
Քահանան հավաստիացրեց, որ Սուրբ Սարգսի տոնը գնալով մեծ թափ է առնում։ «Սուրբ Սարգսի տոնը շարժական է, և այս տարի այն սկիզբ կառնի փետրվարի 14-ի երեկոյան և կշարունակվի փետրվարի 15-ին: Բուն Բարեկենդանից երեք շաբաթ առաջ սկսվում է առաջավորած պահքը, որը տևում է հինգ օր, ուրբաթ այն ավարտվում է, իսկ շաբաթ սկսվում է Սուրբ Սարգսի օրը, այսինքն` Բուն Բարեկենդանից տասնհինգ օր առաջ»,- տեղեկացրեց նա:
Այս տարի սիրո բարեխոսի տոնը կնշվի լույս 15-ի գիշերը: Երեկոյան եկեղեցիներում մատուցվելու է սուրբ պատարագ: Երևանի Կարապի լճում փետրվարի 14-ին տեղի կունենա մեծ համերգ, ինչպես նաև տարբեր հաստատություններում կկազմակերպվեն ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ