ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«Հմայակ Ավետիսյանը խիզախ հայ էր, նկարում էր այն, ինչը չէին ողջունում խորհրդային ժամանակներում»

«Հմայակ Ավետիսյանը խիզախ հայ էր, նկարում էր այն, ինչը չէին ողջունում խորհրդային ժամանակներում»
08.05.2015 | 10:22

«Իրատեսի» հյուրն է փիլիսոփայական գիտությունների թեկնածու ԱՆԱՀԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: Նրա հետ զրույցի թեման հիմնականում առնչվում է իր հոր՝ 20-րդ դարի անվանի նկարիչ Հմայակ Ավետիսյանի թողած մշակութային ժառանգությանը, որում գերիշխող են Հայոց ցեղասպանության, իր ծննդավայր Վանի, հայի հավաքական ճակատագրի վերաբերյալ արծարծումները:

«ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ԽԻԶԱԽ ՀԱՅ ԳՏՆՎԵՑԻՆ, ՈՐ ՉԽԶԵՑԻՆ ՀԱՅՐԻԿԻՍ ՀԵՏ ԿԱՊԸ՝ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԸ ԵՎ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ»


-Տիկին Անահիտ, լինելով նկարչի դուստր, առավելապես ուսումնասիրել եք արվեստի փիլիսոփայությունը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում ինչպե՞ս եք վերարժևորում Ձեր հոր՝ Հմայակ Ավետիսյանի՝ այդ թեմային առնչվող ստեղծագործությունները:
-Այսօրվա լեզվով եթե վերարժևորենք, պիտի ասենք, որ հայրս եղել է նվիրյալ: Նա այնպիսի ժամանակաշրջանում էր նկարում ցեղասպանությանը վերաբերող գործեր, երբ Խորհրդային Հայաստանում ոչ ոք չէր անդրադառնում այդ թեմաներին: Նրա «Երախտապարտ ենք» մեծադիր կտավը, որում Կոմիտասի, Սողոմոն Թեհլերյանի, Արամ Երկանյանի կերպարներն են, վտանգ էր պարունակում ոչ միայն իր, այլև ուրիշների համար: Մարդիկ վախենում էին գալ մեր տուն այդ կտավի վրա աշխատելու ընթացքում: Միայն երկու խիզախ հայ գտնվեցին, որ չխզեցին հայրիկիս հետ կապը՝ Երվանդ Քոչարը և Պարույր Սևակը: Հայրս չէր ցանկանում ինչ-որ ընդհանրացված կերպարներ ցույց տալ, նա կոնկրետ մարդկանց էր ուզում նկարել: Եվ հորս համար բերել էին Սողոմոն Թեհլերյանի ու Արամ Երկանյանի լուսանկարները, որոնք մինչ օրս պահվում են մեր տանը: Իհարկե, հայրս չէր ասում, թե ով է բերել: Նա ինձնից թաքցնում էր այն ինֆորմացիան, որը կարող էր ինձ վնասել: Հորս նկարում այդ երեք հայորդիների ոտքերի տակ հող չկար, արյուն էր ամբողջը: Պարույրը, որ երեք անգամ եկավ մեր տուն՝ նկարը տեսնելու, ցնցված էր: Գլուխը բռնած՝ ասում էր. «Հմայա՛կ, ո՞նց ես մի նկարում ամեն ինչ ցույց տվել»։ Այս նկարում և՛ եղեռնն է, և՛ մեր՝ հոգեպես անկոտրում լինելը: Ե՛վ Պարույրը, և՛ Քոչարը գալիս էին հորս մոտ այդ ընթացքում, որովհետև մարդ էին, հայ և արվեստագետ: Քոչարի և հորս միջև ոչ թե էմոցիոնալ, այլ մասնագիտական քննարկումներ էին լինում: Հայրս նրա կարծիքը շատ բարձր էր գնահատում: Քոչարը ուժեղ էր ոգով, և նրա մոտեցումները հայրս հաշվի էր առնում: Հայրս խիզախ հայ էր, թքած ուներ փողի վրա և նկարում էր այն, ինչը չէին ողջունում խորհրդային ժամանակներում: Այս իմաստով հատկանշական են նրա նկարած եկեղեցիները: Նա դրանք նկարում էր, որովհետև ասելիք ուներ: Նա մտածում էր, որ հոգին է կարևոր: Իսկ եկեղեցին այդ հոգու կրողն էր: Բոլոր եկեղեցիները նա նկարում էր բարձունքի վրա, դրանք դիտում և ցույց էր տալիս ամեն ինչից վեր կանգնած: Ազգը պահողը հավատն է, որը փրկում է գիշերվա մթից, ձմեռվա ցրտից:
-Նա փոքր երեխա է եղել, երբ գաղթել է իր ծննդավայրից՝ Վանի Մանդան գյուղից: Հետագայում ստեղծել է այդ գյուղի բնապատկերը: Դուք, որ եղել եք Արևմտյան Հայաստանում, տեսե՞լ եք այդ տարածքները Ձեր հոր պատկերած բնաշխարհի համատեքստում, թե՞ այն արդեն ուրիշ նկարագիր ունի:
-Հայրս նկարեց՝ ապավինած իր պատկերային մտածողությանը: Եվ տարեց մանդանցիները այդ նկարում ճանաչեցին իրենց գյուղը, շատ հուզվեցին: Ավելի շատ հուզված էր հայրս, որ իր մանկության հիշողությունը հասուն տարիքում չէր ջնջվել, փաստորեն: Նրա մեջ խոսում էր վրեժի զգացողությունն այդ գործերն անելիս: Նա առաջնորդվում էր այն մտայնությամբ, որ չպետք է մոռանալ այն գյուղը, որն արդեն չկա: Նա ցանկանում էր՝ թուրքերն իմանան, որ մենք չենք մոռացել մեր հայրենիքը: Իսկ ես ճամփորդության ընթացքում չեմ եղել այդ տարածքներում, դա ներառված չէր մեր տուրիստական երթուղում, ցավոք:
-Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում կա՞ հետաքրքրություն այդ գործերի նկատմամբ:
-Ազգային պատկերասրահում լինելու է ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված 100-րդ տարելիցին, որում պետք է ներառվի «Երախտապարտ ենք» կտավը: Սա լավ առիթ է հորս թողած ժառանգությունը ներկայացնելու առումով:

«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐԻՆ ԱՂՔԱՏՆԵՐ ՊԵՏՔ ՉԷԻՆ »


-Հմայակ Ավետիսյանը Հայաստանի ազատագրման խորհուրդը պատկերել է հայ ֆիդայու և կարմիր բանակայինի, Անդրանիկի և Գայի կերպարներով: Նկատի ունեմ «Ազատարարները» և «Ազատության զինվորները» մեծադիր գործերը: Սա նրա հավատա՞մքն էր:
-Հորս ամենամեծ խիզախությունն այն էր, որ նա իր կտավում ցույց է տվել Արևմտյան Հայաստանի հավաքական կերպարը՝ որբուկի տեսքով՝ «Ազատարարները» աշխատանքում: Դա մի կողմ քաշված, բոլորից անտեսված որբուկ է: Պետք էր գեղարվեստական բացառիկ տաղանդ ունենալ՝ ցույց տալու համար այդ պատկերը: Եվ ցույց տալու այնպես, որ կտավում այդ հատվածը համարժեք լիներ մյուս հատվածին, որում տասնյակ մարդիկ էին պատկերված՝ իբրև փրկված Խորհրդային Հայաստանի սիմվոլներ: Այստեղ պարզապես հայրենիք կորցրած հայի ցավը չէր արտահայտված, այլև նրա նկարչական վարպետությունը: Այս գործերը արժևորվել են մեր պետության կողմից: Երկուսն էլ պետական սեփականություն են: «Ազատարարները» պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ «Ազատության զինվորները», որում հայրս պատկերել է Անդրանիկին և Գային, պահպանվում է Վանաձորի պետական պատկերասրահում:
-Հմայակ Ավետիսյանը կարևորում էր հայ կնոջ առաքելությունը ազգի ճակատագրում: Ինչպե՞ս էր դա դրսևորվում գեղանկարչական աշխատանքներում:
-«Մուսալեռցի տատը» և «Անահիտի դիմանկարը», որում հայրս ինձ է ընտրել՝ իբրև բնորդուհի, այս վերաբերմունքի ցայտուն արտահայտություններն էին: Մուսալեռցի կինը՝ իր դաժան կենսափորձով, իր գլխով անցած ողջ պատմությամբ, ներկայացնում էր հայ կնոջ անցյալի ճակատագիրը: Հայրս շատ էր հուզվել, որ «Մուսալեռցի տատը» կտավը չէին ընդգրկել խորհրդահայ նկարիչների համատեղ ցուցահանդեսում՝ կազմակերպված 60-ական թվականներին: Պատճառն այն էր, որ չէր կարելի Խորհրդային Հայաստանում ապրողին ցույց տալ այդպիսի տեսքով, աղքատ հագուկապով, տառապած դեմքով: Բոլորը պիտի հարուստ, խնամված, երջանիկ լինեին: Հորս ներկայացրած կերպարը այդ չափանիշների մեջ չէր տեղավորվում: Խորհրդային երկրին աղքատներ պետք չէին:
-Այսինքն, խորհրդային քաղաքացիները պիտի անպայման «գլամուրայի՞ն» լինեին:
-Այո՛, կար այդպիսի բան, բայց երբ ժամանակները մի քիչ փոխվեցին, երբ արվեստի չափանիշներն այլ դարձան, «Մուսալեռցի տատը» մասնակցեց ցուցահանդեսների, ներկայացվեց և շատ լավ ընդունվեց: Ամեն անգամ, երբ այս կամ այն նկարը չէր ընդունվում, չէր հասկացվում, հայրս ասում էր. «Դրա ժամանակը կգա»: Եվ երբ 1970-ականներին արվեց հորս վերջին անհատական ցուցահանդեսը, բոլոր նրա կտավները ցուցադրվեցին և գնահատվեցին ըստ արժանվույն: Իսկ «Անահիտի դիմանկարում» ես իմ կերպարով մեր ազգի վերապրումի խորհուրդն էի ներկայացնում: Մեր բնաշխարհի ֆոնին ինքնավստահ կանգնած հայուհին վկայությունն էր այն բանի, որ կոտորածից, տեղահանությունից հետո մենք շարունակում ենք ապրել և տալ ուժեղ, կենսունակ սերունդ: Սա մեր թշնամիներին ուղղված մարտահրավեր էր: Եվ պատահական չէ, որ հայրս ցանկացավ ինձ նկարել կարմիր զգեստով:
-Կարմիրը նաև խորհրդային ենթատեքստ չէ՞ր պարունակում:
-Ո՛չ: Կարմիրն այս դեպքում հաղթանակի գույնն էր խորհրդանշում:

«ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԻՐ ԹՇՆԱՄՈՒՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՃԱՆԱՉԻ, ՔԱՆ ԸՆԿԵՐՈՋԸ»


-Լենինի դիմանկարն անելու շարժառիթը Հմայակ Ավետիսյանի համար խորհրդային գրաքննության բարեհաճությանն արժանանալու թաքուն նպատակ չէ՞ր հետապնդում:
-Ո՛չ: Եվ նա այնպես էր նկարել Լենինին, որ հենց այդ նկարը կարող էր վտանգել իրեն: Նա ասում էր, որ մարդը պետք է իր թշնամուն ավելի լավ ճանաչի, քան ընկերոջը: Նա ցանկացել էր այդ թաթարին պատկերել այնպես, ինչպես ոչ ոք չի պատկերել: Նրա նկարը չընդունեցին կենտկոմականները, վախեցան: Հետո նա որոշ բաներ փոխեց. Լենինի ոտքերը, որ սկզբում արյուն խորհրդանշող կարմիրի մեջ էին, պատկերեց թանձր սևության մեջ, որն իբրև գերեզմանային մթության խորհրդանիշ էր ներկայանում: ՈՒ պատահական չէ, որ հորս արած դիմանկարն ավելի պահանջված դարձավ, երբ անցան տարիներ, երբ Խորհրդային Միությունում փոխվեց մթնոլորտը: Այդ դիմանկարը շռնդալից հաջողություն ունեցավ ամբողջ երկրի մասշտաբով, մասնակցեց բազմաթիվ ցուցահանդեսների՝ Երևանից մինչև Մոսկվա, Լենինգրադ, ՈՒլյանովսկ: Դա արդեն մի ժամանակաշրջան էր, երբ սկսել էին քննադատաբար նայել Լենինի անձին ու գործին:
-Մենք այսօր կրկին փորձում ենք Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ կառուցել: Այս և այն ժամանակների՝ 20-րդ դարասկզբի Ռուսաստանը տարբե՞ր է:
-Իհարկե, տարբեր է: Փոխվել է ընդհանուր մթնոլորտը: Ռուսական հեռուստաալիքով հիմա ցույց են տալիս Վլադիմիր ՈՒլյանովին՝ ընդգծված թաթարական դեմքով: Հիմա Ռուսաստանում էլ են շատ լավ հասկանում՝ ով ով է:
-Բայց դրանից ի՞նչ է փոխվում մեզ՝ հայերիս համար: Մենք ուրիշ կե՞րպ ենք ընկալվում մեր երբեմնի մեծ եղբոր կողմից:
-Այստեղ շատ բան է որոշում քաղաքական շահը: Ռուսաստանը, օրինակ, զենք է վաճառում Ադրբեջանին: Թուրքերի հետ էլ սիրախաղ է անում: Մենք այդ հարցերին չենք կարող հանգիստ նայել:
-Եվ ո՞ւմ վրա պիտի լինի մեր հույսն այս պարագայում:
-Հույսը միայն մեզ վրա պիտի լինի միշտ: Պետք է հենվես քեզ վրա, ապավինես քո սեփական ուժերին: Մենք այդ ոգին ունենք: Արցախյան շարժումը դրա լավագույն վկայությունն է: Մենք պիտի մեր ուժը, մեր կազմակերպված բանակն ունենանք, որպեսզի պաշտպանված լինենք: Դրսի ուժերը կա՛մ կհասնեն մեզ օգնության, կա՛մ ճանապարհի կեսին կմնան, օտարները կա՛մ կօգնեն մեզ, կա՛մ կխանգարեն: Մենք մեզ վրա պիտի դնենք մեր հույսը, ոչ թե ռուսի, եվրոպացու, ամերիկացու: Մեր մասին մեկը լավ կխոսի, կգրի, մեկը՝ վատ: Մեկը կոգևորի մեզ, մեկ ուրիշը կճնշի: Մենք ինչո՞ւ պիտի կախված լինենք այդ բաներից, ինչո՞ւ պիտի սպասենք, թե Օբաման ինչ բառ կարտասանի, կընդունի մեր եղեռնը, թե ոչ: Հիմնական ուժը մենք ենք: Եթե մենք ուժեղ չլինենք, մեզ ոչինչ չի օգնի: Օրինակ՝ Ցարական Ռուսաստանը մեզ ավելի ճիշտ էր գնահատում: Մեր մեջ՝ իբրև քրիստոնյա կրոնի առաջին ընդունողների, տեսնում էր ամուր հենարան: Իսկ Խորհրդային Ռուսաստանն այլ կերպ էր մեզ նայում: Ո՞վ ստեղծեց Ադրբեջանը. թաթար Լենինը՝ իր կուսակիցների հետ: Խորհրդային իշխանությունից հետո մեր վիճակը վատացավ, որովհետև սկսեցին կյանքի կոչել պանթուրքական ծրագիրը:

«ԵԹԵ ՀԱՅ ԿԻՆԸ ՊԻՆԴ ՄՆԱ, ՄԵԶ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ ԼԻՆԻ ԾՆԿԻ ԲԵՐԵԼ»


-Ձեր հայրը կարևորում էր հայ կնոջ դերը նախախորհրդային և խորհրդային ժամանակաշրջանում: Այսօր այդ դերը պահպանե՞լ է իր կարևորությունը Ձեր աչքում:
-Այո՛: Ամեն տեղ, ցանկացած ասպարեզում (բանակ, գյուղատնտեսություն, գիտություն, մշակույթ, քաղաքականություն և այլն) հայ կինը հոգի է դնում: Եթե հայ կինը պինդ մնա, մեզ հնարավոր չի լինի ծնկի բերել: Այսօր էլ հայ կինը չի դավաճանել իր գենին: Մենք այսօր նույնն ենք, ինչ զենքը ձեռքին պայքարող մուսալեռցի, վանեցի կանայք: Հայկական գենը երկրագնդի ամենահին գեներից է, եթե ոչ՝ ամենահինը: Վերջերս ռուսական մի հեռուստաալիքով էլ հաղորդում ցուցադրվեց, որում խոսվեց հայկական գենի՝ իբրև ամենահին գենի մասին աշխարհում: Ըստ այդ հաղորդման հեղինակների՝ հայկական գենը համարվում է եգիպտական գենից երեք ու կես հազար տարով ավելի հին: Եվ մենք հազարամյակների ընթացքում մեր տեսակը չենք փոխել:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ