ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

«Առաջարկի նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունների կանխարգելումը»

«Առաջարկի նպատակը ոչ թե պատժիչ  համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների  նկատմամբ ոտնձգությունների կանխարգելումը»
29.09.2017 | 01:58

ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանը և Հրայր Թովմասյանը նախապատրաստել են ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որը նախատեսում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքում սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Նույն արարքը, որը կկատարվի բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, կպատժվի ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:
Օրենսդրական նախաձեռնության շուրջ խոսելով՝ օրինագծի համահեղինակ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ նկատում է, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում հստակ սահմանված են բժշկական ծառայությունների մատուցման ոլորտում ներգրավված սուբյեկտների շրջանակը և իրականացվող գործունեության բնույթը: Մասնավորապես, սահմանվել են բուժաշխատողների սպառիչ բնութագիրը, առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեության տեսակները և հիմքերը: Սահմանվել են նաև բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները: Օրենքը հստակ սահմանում է նաև այն գործունեությունը, որն իրականացնում է բուժաշխատողը: Ըստ պարոն Ավագյանի՝ բժշկի պարտականությունները ֆիքսված են օրենքով, սակայն բուժաշխատողների նկատմամբ վիրավորանքի կամ բռնության դեպքերի համար համապատասխան պատժամիջոցներ չեն կիրառվում։


ԱԺ պատգամավորը նշում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը բազմիցս բարձրաձայնել է խնդրի հրատապությունը և հորդորել իրավապահ համակարգին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: Սակայն, առանց իրավական բազայի ապահովման, խնդիրը չի ստանա իր համակողմանի լուծումը: «Հայաստանի Հանրապետությունում չունենք պաշտոնական վիճակագրական տվյալներ, որոնք թույլ կտան հստակ եզրակացություն անել բժիշկների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների մասին թվային արտահայտմամբ: Այս հանգամանքը ևս խոսում է քննարկվող ոլորտին հատկացված ոչ բավարար ուշադրության մասին: Սակայն պրակտիկայի և հարուցված քրեական գործերի ուսումնասիրությունից ինքնին պարզ է դառնում նման դեպքերի հաճախականության հանգամանքը: Վերջին տարիներին բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ բուժաշխատողների նկատմամբ բռնություն է կատարվել, նրանց վիրավորել են, ծեծել, իսկ Գյումրիում շտապօգնության բժշկի այցն ավարտվեց վերջինիս մահով»,- ասում է Կարեն Ավագյանը, հավելելով, որ բուժաշխատողի նկատմամբ իրականացվող ցանկացած ոտնձգություն խոչընդոտում է նրա մասնագիտական և աշխատանքային պարտականությունների կատարմանը, ինչը կարող է հանգեցնել հիվանդի առողջության վատթարացմանը:


Հայաստանում բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու համար 3-7 տարի ազատազրկում սահմանելը արդյոք շատ խիստ չէ՞. այս հարցին ի պատասխան՝ Կարեն Ավագյանը վկայակոչում է տարբեր երկրների փորձը։ Մասնավորապես, ՌԴ Պետդումայում քննարկվում է բուժաշխատողների նկատմամբ իրականացվող բռնությունների վերաբերյալ նախագիծ. սույն օրենսդրական նախաձեռնությամբ սանկցիան սահմանում է 12-ից մինչև 20 տարվա ազատազրկում: Ավստրալիայի օրենսդրությամբ բուժաշխատողի նկատմամբ ցանկացած բնույթի ոտնձգություն կատարած անձ պատժվում է 14 տարվա ազատազրկմամբ:
Կարեն Ավագյանը շեշտում է, որ ներկայացված առաջարկի հիմնական նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կանխումն ու կանխարգելումը: Շատ հաճախ վարսավիրը, ավտոմեխանիկը շատ ավելի լավ վերաբերմունքի են արժանանում, քան բժիշկը, որից կախված են մարդու առողջությունը, կյանքը, և այս օրինագիծը նպատակ ունի հասարակության մեջ փոխելու բժշկի նկատմամբ եղած պատկերացումներն ու վերաբերմունքը։ Քրեական օրենսգրքում համապատասխան լրացումներ կատարելով՝ հասարակական ընկալման մեջ նկատելի տեղաշարժ կարձանագրվի բուժաշխատողների և նրանց գործունեության նկատմամբ, վստահ է պատգամավորը:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ