ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

«Այսօր առաջնահերթ խնդիրը հայկական կինոյի տեսակ ստեղծելն է»

«Այսօր առաջնահերթ խնդիրը հայկական կինոյի տեսակ ստեղծելն է»
04.10.2017 | 17:39

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և ներկայացրեց այն ծրագիրը, որով հոկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին կինեմատոգրաֆիստների միությունում կայանալիք համագումարում հանդես է գալու ինքը՝ որպես կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու: Ծրագիրը վերնագրված է` «Վերջապես պետք է բացվի Կինոյի տան դուռը»: Այն բաղկացած է մի քանի ենթաբաժնից, որոնք ներկայացնում են Հ. Խաչատրյանի տեսլականը կինոմիության հեղինակության, առաջնահերթ անելիքների, սոցիալական և իրավական պաշտպանվածության, ծրագրային, կինոքարոզչության խնդիրների վերաբերյալ:


Իր ծրագիրը լրատվադաշտի ներկայացուցիչներին փոխանցելով՝ Հ. Խաչատրյանը նկատեց, որ թեև լրագրողներն իրավունք չունեն անմիջականորեն մասնակցելու ընտրության գործընթացին և իրենց ձայնը տալու այս կամ այն թեկնածուին, սակայն նրանք կարող են մեծապես օժանդակել այդ գործընթացին՝ օբյեկտիվորեն լուսաբանելով ամբողջ անցուդարձը:
«Կինոն հիմա գտնվում է մեծ դժվարությունների մեջ: Այսօր առաջնահերթ խնդիր է ստեղծել հայկական կինոյի տեսակը: Մենք «Ոսկե ծիրանով» ստեղծեցինք մի կինոմթնոլորտ, որով փորձեցինք առաջ տանել հայկական կինոն: Բայց սա բավարար չէր հայկական կինոյի տեսակն ստեղծելու համար: Հայաստանի կինոմիությունը շատ լավ գործեր է արել տարիների ընթացքում, բայց այսօր պետք է անել ավելին և կինոն դարձնել երկրի ու ազգի համար ինքնարտահայտման, աշխարհի հետ շփվելու հզոր միջոց»,- ի մասնավորի ասաց Հարություն Խաչատրյանը:


Հավելենք, որ «Իրատեսի» «Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի վերջին հրապարակման մեջ մանրամասնորեն ներկայացված են Հարություն Խաչատրյանի մտածումները մամլո ասուլիսում քննարկված թեմայի շուրջ:
Հանդիպմանը ներկա էր նաև նախագահության մեկ այլ թեկնածու՝ Վահե Գևորգյանցը: Լրագրողներից մեկը վկայեց, որ կինոգործիչների միության նախորդ համագումարի ընթացքում ինքը խորագույն հիասթափություն է ապրել ոլորտի ներկայացուցիչներից: Դատելով փաստից, որ նախագահության մեկ թեկնածուի հրավիրած մամլո ասուլիսին ներկա էր մեկ այլ թեկնածու, և կոռեկտության սահմանը, գոնե առերևույթ, չխախտվեց, հուսանք, որ առաջիկա համագումարը ևս կանցնի կոռեկտության, փոխհարգանքի մթնոլորտում:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ