ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

MADE IN TURKEY (մաս 37-րդ)

MADE IN TURKEY (մաս 37-րդ)
23.02.2025 | 19:58

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին ՝ 2018-2025 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ 36-ՐԴ

(կամ` օլիմպիական հավակնություններով «իրեք մանեթանոց» լացի արժանի գռեհկաբանություն)

«Գովք հիմարության»

Փետրվարի 19, 2025 թիվ:

Արցախի վերածննդի և Ղարբաղյան շարժման

37-ամյակի նախօրե:

«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» վերտառությամբ, 55 րոպե տևողությամբ, 14 տխմար «դրույթների» թրքաշունչ ժանտաբույրով համեմված «ուղերձ»:

Անհավատալի հրաշք` կան նախադասություններ, բայց չկան մտքեր:

Ազատ ոճով գրված, հեղինակի խորհրդածություններով, սեփական աֆորիզմներով ու դրանց մեկնաբանություններով խտացած

էսսե- աջափսանդալ, որ առանց վարանելու կարելի է կոչել` «Գովք հիմարության»:

Անգամ Էրազմ Ռոտերդամցին կնախանձեր «հզորի» տաղանդին:

Ապաքաղաքական բովանդակությամբ, հակապետական մտքերի ու բառաբարդումների գավառական շքեղաշուք բենեֆիս:

Գեղական «կլուբին» հարիր ընթերցանություն, որից ակնկալվող «հասույթը» մասամբ, գուցե և ամբողջովին, ուղղված է սեփական նստավայրերից կառավարող հիմնական ռեժիսոր- բենեֆիցիանտներին:

Գլխավոր դերում երկրի կենսական երակներն ու աորտան իր «գաստրոնոմիական փիլիսոփայությամբ» ախտահարած, ապա և խցանած փողոցային բոսյակն է:

Մոնոբեմադրության գնահատականը.

օլիմպիական հավակնություններով «իրեք մանեթանոց» լացի արժանի գռեհկաբանություն, որի իսկական բնորոշումն է վուլգար մատերիալիզմ:

Խաղարկված սցենարի սեղմ անոտացիան.

տարբեր սկզբնաղբյուրներից թռցրած, բովանդակազուրկ ձևակերպումներով խճողված, բառակույտ-նախադասությունների ճապաղ շարադրանք, որը կրքոտ ժխտողականությամբ, զզվանքին ու թշնամանքին զուգորդված ատելություն էր արտածում դեպի հայկական պետությունն ու պետականությունը:

Առցանց զառանցանքի հիմնական նպատակը.

հերթական կապիտուլյացիա շնչող-արտաշնչող անգրագետ շարադրանքով «կադաստրի վկայական» և գոյության իրավունք տալ այն ծրագրին, որի համար իրեն բերել են արցախյան շարժման և նրա ծնունդ` Հայաստանի Հանրապետության գենետիկ թշնամիները:

Հայ ժողովրդի հոգևոր հոր հավակնոտ դիրքերից ներկայացված` Անկախության Հռչակագրի գերեզմանափորը դառնալու հայտի ենթատեքստում արտածված էր մեկ հիմնական միտք` ավարտին է հասցնելու թուրք-ադրբեջանական գլոբալիստական ծրագիրն ամբողջացնող իր «առաքելությունը»:

Այդ դիտավորությամբ էլ հայության ճակատագրով մտահոգներին, պողոսացած «հպարտ»-ներին, անտարբերներին, բոլորի՜ն-բոլորի՜ն հղեց «բարձր դռնից» իջեցված «վերդիկտը»` նոր Սահմանադրության ընդունումն այլընտրանք չունի:

Անցկացվելու է սահմանադրական հանրաքվե:

Որպես հերթական կապիտուլյացիոն քայլի հիմնավորում կբարբառի.

«Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները, առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս»:

Իհարկե «կմոռանա», որ գոյություն ունի «հանրային ընկալման» միայն մեկ չափանիշ` հանրաքվե:

Հետևաբար, առանց համաժողովրդական քվեարկության որտեղի՞ց իմացար, որ «հանրային ընկալման մեջ լեգիտիմության լրջագույն պակաս» կա:

Ավելի բարոյական չէ՞ր, եթե «հանրային ընկալման մեջ» ընդամենը 6-7 տոկոս վարկանիշ ունեցողը բացեիբաց խոստովաներ` նոր սահմանադրություն, որովհետև պետք է թաղեմ Անկախության Հռչակագիրը, քանի որ այդ են պահանջում Թուրքիո և Ադրբեջանի շահերը:

Գիտեմ` բարոյականության և ինքնահարգանքի հետ հաշիվները վաղուց ու վերջնականապես փակած շնչավոր գործիքին նման հարց չեն տալիս:

Բայց պարտավոր ենք ընդգծել ու սրա աչքը խոթել որոշիչ մի «բայց», որն ինքնաբերաբար դուրս է սպրդում որպես հիմնավորում իր իսկ ընթերցած պրիմիտիվ տողերից և բումերանգի նման շրխկացնում անամոթ գանգին:

Արձան ու դեռահաս պատանիներ բռնաբարող անպետք «մուզիկզնտ» -ը, որն իր դեֆորմացված ուղեղի խոտան «արտադրանքը» փորձում է սղղացնել որպես հայ ժողովրդի պաշտոնական գաղափարախոսություն,

այնքան է հրապուրվել լեզվաշարժությամբ, որ սրա ուշադրությունից սպրդել է իր համար ողբերգական, իսկ հայ էթնոսի համար որոշիչ մի հանգամանք:

Եթե գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված «նախկին բոլոր հանրաքվեները, առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս», ստացվում է` ինքն ի սկզբանե լեգիտիմ չէր:

Ասել է` ապօրինաբար բռնազավթել է ՀՀ վարչապետի աթոռը և պարտադրված է հրաժարական ներկայացնելու:

Իսկապես պահանջված քայլ, որից հետո շուշաթուղթ-«թավիշ»-ի հորն ազգովի փառահեղորեն կճանապարհենք Մոցարտի հանրահայտ ռեքվիեմի`«Լակրիմոզա»-ի ուղեկցությամբ:

Չնայած` Շոպենն էլ վատ չի հնչի: «Թաղման մարշ»-ը, օրինակ:

ԽՍՀՄ-ում քաղբյուրոյի անդամներին սգո հենց այդ «Մարշի» հնչյունների ուղեկցությամբ էին վերջին հանգրվան իջեցնում:

Ինչու հատկապես Մոցարտ կամ Շոպե՞ն:

Կարելի է և Բեթհովեն կամ Բորոդին:

Միայն թե «դասական» աշխարհից:

Պատճա՞ռը:

Մոռացե՞լ եք, ժամանակին, երբ դեռ «կրթվելը նորաձև» չէր, տիկին Առոչինչը Հայաստանում փորձում էր «զարկ տալ» դասական երաժշտության առաջընթացին:

Այնքա՜ն ոգևորվեց այդ նախաձեռնությամբ, որ գործողության կարգախոս դարձրեց իրեն անհայտ բանաստեղծի հայտնի տողերը.

- Հե՜յ, ձե՛զ մատաղ, բանվոր տղերք,

Մե՛կ էլ, մե՛կ էլ, մի զարկ տվեք…

Շարունակությունը չէր հիշում:

Բայց դա էական չէր: Կարևորը «զարկն» էր, որ դարձրեց հետագա գործողությունների նշանաբան:

Այնպիսի՜ զարկ տվեց, որ հազարավորներ զարմանքից բացված բերանները մինչ օրս չեն կարողանում փակել:

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին 30 գործարարներին մինչ այդ չլսված «ռեկետ»-ի ենթարկեց:

Յուրաքանչյուրից հաջողեցրեց շորթել 70 հազար դոլար:

Եվ «ռազմավարի» 2 միլիոն 100 հազար դոլարով ոչ միայն կատարեց, այլև գերակատարեց հայրենիքի առաջ ինքնակամ ստանձնած պարտավորությունը:

Արդեն չորս տարուց ավելի է` Հայաստանի 10253 օջախներում ու Եռաբլուրում առավոտից-երեկո դասական երաժշտություն ու սգո երգեր են հնչում:

Եվ Աստծո ամեն օր, սրանց անմիջական մասնակցությամբ , ավելանում է նման ունկնդիրների թիվը:

Շնորհակալություն անտես Հուշարարին:

Մոռացել էի կարևոր մի հանգամանք` սրանք թրքամոլ-թրքապաշտ են:

Հետևաբար, երբ գա երազանք դարձած պահը, որը, ի դեպ, սարերի հետևում չէ, «կրթատիկին» դարձածը

«ա լյա Թոնի Բրենքսթոն» ոճի զգեստը հագած (ոչինչ, որ փետրվար ամիսն է, հանուն սիրելի զուգընկերոջ ինչե՜ր չես անի), վերջին անգամ կբարձրանա կառավարության շենքի աշտարակ և երկրի գլխավոր ժամացույցի ֆոնին ձուլված բայաթի կկանչի և անկողնակցին կճանապարհի համապատասխան հաստատություն:

Հատկապես ո՞ր:

Ճիշտ ընտրությունը ուժային կառույցների` սպայի պատիվը դեռևս ոտնատակ չտված իսկական հայրենատեր-հայրենասերներ պրոֆեսիոնալների որոշելիքն է:

Մինչ կգա միլիոնավորների համար երանելի այդ պահը, ճակատագրով դատապարտված քայլող ստամոքսը, գռեհիկ մատերիալիզմի դիրքերից, դեռևս կշարունակի կարդալ իր երկնած ոչնչաբանությունը, կփիլիսոփայի «որտեղ հաց, այնտեղ կաց»-ի թեմայով ու կփորձի համոզել ակամա ունկնդիրներին` ոչ թե Հայաստանն է մեր տունը, որտեղ գլխավորն ազգային ինքնության և հայի ավանդական օջախի պահպանությունն է, այլ «իրական Հայաստանը»:

Հորինվածք, որտեղ չկա հազարամյակների անցյալ, չկան սահմաններ, ազգային և հոգևոր արժեքներ:

Չկա ոչինչ մեր իմացածից կամ դավանածից:

Ի՛նչ է «իրական Հայաստանը»:

«Մի գորշ, անհրապույր» աշխարհագրական տարածք:

Եթե կուզեք` ստամոքսա-աղիքային տրակտ:

Կամ` բերանի խոռոչից մինչև հետանցք ձգվող մարսողական խողովակ, որտեղ որոճացող երկոտանիների համար գլխավորն ուտել-խմելն է և, իհարկե, առօրյա կյանքի այդ պրոցեսի տրամաբանական շարունակությունը` չմարսված մնացորդների պարպումը ենոքավանցի պապի փոսի արտաքնոցում:

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈԻԿՅԱՆ)

Դիտվել է՝ 9161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ