Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Դավիթն առողջական խնդիրներ ուներ, ինչ փաստաբանը փոխվել է, նրա հետ չենք կարողացել կապ հաստատել». բացառիկ հարցազրույց՝ Դավիթ Իշխանյանի կնոջ հետ

«Դավիթն առողջական խնդիրներ ուներ, ինչ փաստաբանը փոխվել է, նրա հետ չենք կարողացել կապ հաստատել». բացառիկ հարցազրույց՝ Դավիթ Իշխանյանի կնոջ հետ
07.03.2025 | 20:01

-Դավիթ Իշխանյանի գերի ընկնելու մասին տարբեր վարկածներ են շրջանառվում, ասում են՝ նա առհասարակ չի եղել Ադրբեջանի պահանջած անձանց ցանկում, ինչպե՞ս ստացվեց, որ ընտանիքի հետ դուրս չեկավ Արցախից և 3 նախկին նախագահների հետ նա ևս ձերբակալվեց, Ձեզ ի՞նչ է հայտնի։

-Մենք էլ միայն այդ վարկածների մասին գիտենք։ Ինքը մեզ հավատացնում էր, որ իր անունն Ադրբեջանի պահանջած անձանց ցուցակում չկա, ասում էր, որ անհոգ լինենք, չմտահոգվենք, դուրս գանք Արցախից, իսկ ինքն անպայման կգա։ Այլ տեղեկություն չունենք, որովհետև երբ հասանք Երևանք, այլևս չէինք կարողանում կապվել Դավիթի հետ, կապ չկար։ Մեր երեխաներն իրենց ընտանիքիների հետ սեպտեմբերի 28-ին են դուրս եկել Ստեփանակերտից, իսկ ես՝ սեպտեմբերի 30, պայմանավորվել էինք, որ ինքն էլ հոկտեմբերի 3-ին է դուրս գալու։

-Իսկ ինչպե՞ս կազմակերպեցիք Արցախից Երևանը գալը։ Ընտանիքը դժվարություններ ունեցա՞վ Հակարիի անցակետում։

-Ինչպես բոլոր արցախցիները, այդպես էլ մենք ենք դուրս եկել Արցախից։ Որպես Դավիթ Իշխանյանի ընտանիք հատուկ դժվարություններ չեն եղել։

-Դավիթ Իշխանյանն Արցախում առողջական խնդիրներ ունե՞ր, այժմ ի՞նչ խնդիրներ ունի, ի՞նչ տեղեկություններ ունեք նրանց պահման պայմանների ու դատավարության ընթացքի մասին։

-Այո, ուներ առողջական խնդիրներ։ Ուներ ողնաշարի, լեղապարկի, մարսողական համակարգի խնդիրներ։ Չեմ կարող ասել, թե ինչ վիճակում է, Դավիթը չի սիրում տրտնջալ, գիտի, որ շատ մտահոգ ենք իր համար: Երբ խոսում ենք, ասում է, որ լավ է, ամեն ինչ նորմալ է։ Պահման պայմանների մասին էլ ասում է՝ ամեն ինչ լավ է։ Հիմա փաստաբանը փոխվել է, սակայն նախորդը մեզ հետ պարբերաբար կապվում էր, ինչ-որ պետք էր, հասցնում էր, իսկ նոր փաստաբանը չի կապվում մեզ հետ։ Փաստաբանը փոխվել է նախքան դատավարության մեկնարկը։ Նախորդ փաստաբանն առողջական խնդիրներ է ունեցել, նույնիսկ երկար ժամանակ չէր կարողանում այցելել Դավիթին, իսկ նոր փաստաբանի հետ դեռևս չենք կապվել։

-Ադրբեջանական մամուլում տեղեկություն է տարածվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մասին, բայց ռազմագերիների շփումն ընտանիքների հետ, ծանրոցների, նամակների փոխանցումն այս կառույցն է կազմակերպում, ԿԽՄԿ-ի փակվելուց հետո ո՞վ պիտի զբաղվի այդ հարցերով։

-Այդ լուրը շատ ցավալի է, որովհետև Կարմիր խաչը հսկայական գործ է արել՝ նամակներ, նկարներ, տեղեկություն՝ առողջության մասին, այս ամենը այդ կազմակերպության միջոցով էինք անում։ Իսկ թե ով է զբաղվելու նրանցից հետո այդ ամենով, դեռևս չգիտենք։ Սա մեզ համար չափազանց մտահոգիչ է։

-Հայաստանի կառավարությունից ի՞նչ ակնկալիքներ ունեք, ասում են՝ լուռ են, բայց շարունակում են աշխատանքն այդ ուղղությամբ, այդ աշխատանքը Ձեզ համար տեսանելի՞ է։

–Ոչ մի աշխատանք էլ տեսանելի չէ, բայց ուզում ենք հավատալ, որ աշխատում են, սակայն որևէ արդյունք չենք տեսնում։ Ակնկալում ենք ավելի ակտիվ աշխատանք։

@ABC MEDIA

Նորություններ Արցախից ՖԲ էջից

Դիտվել է՝ 1834

Մեկնաբանություններ