Մեր կողմերում մի տարածված խոսք կար և, հավանաբար, նաև ուրիշ շատ տեղերում, որ «բռյաու անող», այսինքն, «բարձրաձայն մյաու անող կատուն մուկ չի բռնի»։
Եվ հակառակը, սուսուփուս ու առանց ղալմաղալի իր գործն անողը՝ կբռնի։
Հիմա այնպես է ստացվել, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը ուկրաինական հարցում սուսուփուս համաձայնությունների են գալիս, քանի որ իրապես հզոր են, իսկ այս հարցում մեկուսացված թույլ Եվրոպան բարձրաձայն անում է այնպիսի հայտարարություններ, որոնք սազական են շատ ավելի ռազմաքաղաքական հզորություն ունեցողին։
Իսկ Եվրոպայի ռազմաքաղաքական հզորությունը անկում է ապրել առաջին և երկրորդ աշխարհամարտերի ու, մեկ էլ, անցյալ դարի երկրորդ կեսի գաղութային համակարգի փլուզումով, երբ առաջատար եվրոպական երկրները զրկվեցին իրենց հզորության հիմնական աղբյուրներից։
Դրանից բացի, երկրորդ աշխարհամարտից հետո ներկայի ԵՄ-ի արևմտյան մասը գտնվել է ԱՄՆ-ի տոտալ վերահսկողության տակ, իսկ արևելյան մասը՝ ԽՍՀՄ-ի։
Այսինքն, Եվրոպայի բոլոր երկրները միասին կամ էլ առանձին-առանձին զրկված են եղել լուրջ բնույթի որոշումներ կայացնելու հնարավորությունից։
Իսկ լուրջ որոշումներ կայացնելու հատկությունը այնպիսի բան է, որ եթե երկար ժամանակ չես անում, այն իսպառ մոռացվում է։
Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ հզորներին և գերիշխողներին միշտ ձեռնտու է իրենց ենթակա երկրների ղեկավարների պոստերում տեսնել թույլ ու անկամ մարդկանց, որը միարժեքորեն հեշտացնում է նրանց կառավարելու գործը։
Բայց այս փայտն ունի նաև մյուս ծայրը, այն է, որ եթե իրավիճակը փոխվում է այնպես, որ այդ թույլերն ու անկամները պետք է իսկապես կայացնեն լուրջ որոշումներ, ապա նրանք մոլորվում ու սկսում են իրենք իրենց վնաս տալու առեղծվածային քաղաքականությունը, այն, ինչ կատարվում է ներկայում ԵՄ-ի հետ։
Բացահայտորեն ԵՄ-ի ղեկավարության կարողությունների ու ունակությունների և մյուս կողմից էլ նրանց անելիքների բարդության միջև կա մեծ անհամապատասխանություն։
Տևական դիկտատի տակ գործունեության իմիտացիով յոլա գնացողները ստիպված են հիմա էլ լուրջ որոշումներ կայացնել, որը, բնականաբար, իմիտացիայից այն կողմ չի գնում, քանի որ միայն դրա փորձն ունեն։
Հատանշական է նաև Բրիտանիայի կողմից ԱՄՆ-ին դեմ կանգնելու աննախադեպ պահվածքը, որը, առեղծվածային լինելով, հավանաբար շատ ավելի խոր հիմքեր ունի։
Բացի դրանից, ԵՄ-ը պարզապես չի հասկանում, որ իր քաղաքականությամբ ինքն իրեն մեծ վնաս է հասցնում։
Ընդդիմանալով Թրամփի քաղաքականությանը և մեծացնելով ճնշումը նրա վրա՝ դրանով ԵՄ-ը ավելի է նպաստում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերի համընկնելուն։
Ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ-ի ճնշումը Ռուսաստանի ու Չինաստանի վրա նպաստեց վերջիններիս շահերի համընկնելուն։
Պավել Բարսեղյան