ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Նահատակները

Նահատակները
27.08.2025 | 17:15

Դանիել Վարուժան և Ռուբեն Սևակ

1915 թվականի հենց այս օրը՝ օգոստոսի 26 -ին, Չանղըր բնակավայրի մոտ դաժանաբար սպանվել են Դանիել Վարուժանը և Ռուբեն Սևակը:

Չանղըրըի ոստիկանական զորքերի հրամանատար Նուեդդինի, ոստիկանապետի և իթթիհատական կոմիտեի հանձնարարությամբ Իսմայիլը մեկնեց Թյունեյ, ուր մեկ ժամի չափ ժողով արեց: Մերձակա քրդական գյուղերից եկան 6-7 հրոսակներ՝ Հալոյի գլխավորությամբ: Ընտրվեց ոճրի վայրը, քննարկվեցին բոլոր մանրամասները: Լուսաբացից առաջ կառապան Հասանին քնից հանեցին՝ դնելով «ոստիկանության տրամադրության տակ»:

Աքսորականները արթնացան ոստիկանների տուն մտնելուց: Աքսորակններին հրաժեշտ տալու համար բավականաչափ մարդիկ էին հավաքվել կամրջի մոտ: Բազմության մեջ հեծկլտոցներ լսվեցին: Վարուժանին, Սևակին, մյուս երեքին նստեցրին առաջին կառքը, երկրորդում տեղավորվեցին ոստիկանական պաշտոնյա Սուլեյմանը և մի քանի ոստիկան զինվորներ: Հասանին հրամայվեց շարժվել:

Սևակը երազում տեսել էր, իբր Յաննին նիհարել ու տգեղացել էր, մինչդեռ Լևոնիկը մեծացել, Շամիրամի հետ դպրոց էր գնում: Մտովի մնաս բարով է անում Վարուժանը, աչքերի առաջ պարզ տեսնում է Արաքսիին, Վերոնին, Արմենին և տակավին չծնված կամ արդեն ծնված զավակին, որին այդպես էլ բախտ չունեցավ տեսնելու, համբուրելու:

Օգոստոսյան բարկ արևը ալարկոտ պոկում է գլուխը Թյունեյի զառիվերից: Դաղձն ու ուրցը ծաղկել, անուշ բուրումներով լցրել են սարերի փեշերը: Այս ամենին անտարբեր կառապանները մտրակ են շաչեցնում ձիերի մեջքերին, կառքերը, փոշու մեջ թավալված, բարձրանում են Թյունեյի զառիվերը:

Ի՞նչ է անում հիմա Արաքսին. խեղճը քանի՜ դռներ է ծեծել: Քանի՜ անգամ նրա գեղեցիկ աչքերը հույս ու հավատով են ճառագել, ապա հիասթափության մուժով վարագուրվել...

Հայացքը փախցրեց ընկերներից, մտովի գնաց Գենտ: Հիշեց Բրգնիկը, մոր անուշ դեմքը, գոգնոցից բուրող հացի հոտը, հոր տխուր նայվածքը, եղբայրների աղմուկ-աղաղակը՝ իրեն դիմավորելիս: Հիշեց Սեբաստիան. առջևը նորափթիթ բարդու նման դողով բռնված սանուհուն՝ Արաքսի Թաշճյանին, որ հայացքը փախցնում էր ուսուցչից և հազիվ զսպում էր ձայնի թրթիռը...

Հանկարծ ձիերը խրտնեցին: Ձայներ հնչեցին: Ժայռաքարերի հետևից ճանապարհը կտրեցին քրդերի զգեստներով 7-8 ավազակներ: Թուրք ոստիկաններն ու զինվորները հրացաններն ուղղեցին նրանց կողմը: Կառքերի ուղևորները ետ քաշեցին վարագույրները, սփրթնած նայեցին դուրս:

Հրացանների փողերը ցած իջան: Կառապաններին կարգադրեցին իջնել և 50 քայլ հեռանալ կառքերից: Սրանք շփոթահար ենթարկվեցին: Հեռացան նաև ուղեկցող ոստիկանները: Քրդերը բացեցին կառքերի դռները, հերթով ցած բերեցին, շրջապատեցին աքսորյալներին և քաշքշելով հեռացրին կառքերից, տարան դեպի ծառերը:

Հրամայեցին հանել զգեստները:

Քուրդ Հալոն գետնին տապալեց Սևակին, ոտքով հարվածեց, քաշեց-հանեց զգեստները: Դանիելը հանկարծ պոկվեց ձեռքերից, երկու խոշոր քայլ գցեց և հուսահատի անզուսպ կատաղությամբ մի շառաչուն ապտակ հասցրեց քրդի քրտնած երեսին: Հալոն ընկավ: Ետևից բռնեցին իր ձեռքերը, գլխին բութ հարված հասցրին: Աչքերը մթնեցին, քուրդը ելավ, հանեց դաշույնը: Ու մինչ գերյալներին ծեծելով կապում էին ծառերին, դաշույնը մխրճվեց Դանիելի որովայնը:

Ճոճվող բռունցքներ, մերկ մարմիններ, հայհոյանք, արյունով լցված աչքեր, ծանր հարվածներ, տնքոց ու հառաչանք, արյանը խառնված փոշի: Սևակը շաղված աչքերով տեսավ, թե ինչպես ծակծկեցին Դանիելի մարմինը, դուրս թափեցին փորոտիքը, սկսեցին դաշույններով փորփրել աչքերը: Բութ հարված հասցրին իր գլխին, կուրծքը տաքացավ: Արյունը շիթով զարկեց:

Ծառերը սրսփացին սոսկահար, պապակ արմատները արյուն կլլեցին: Հացթուխ Արթինը արնաթաթավ թպրտում էր, ապա անշարժացավ՝ չռված աչքերով: Օննիկ Մաղազաճյանի թավ բեղերը ներկվեցին ջախջախված գանգից հոսող արյունով: Այլանդակված գլուխը քարի տակ ցրիվ եկավ: Տեոքմեջի Վահան Քեհայանը հասցրել էր թքել Հալոյի դեմքին ու ոտքով հարվածել մի ավազակի: Նրա պարանոցին փայլեց դանակի շեղբը, ապա մարմինը փլվեց ցած: Դանիելի մութ աչքերի առաջ աշխարհը կորավ, ականջին մանկան սուր ծղրտոց հասավ... Իր զավակի առաջին կանչն էր գուցե՝ հոր վերջին հառաչին խառնված...

Արև չկար... լույս չկար... Այնտեղ՝ հեռվում, ծղրտաց մանուկը: Մի երկրում, ուր բանաստեղծ են սպանում... արև են սպանում... այնտեղ դեռ երկար կտիրի խավարը...

(Հայկազ Հակոբջանյանի «Առկայծ ճրագ» կենսագրական վեպից)

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 7390

Մեկնաբանություններ