ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

«ՈՒրախացի՛ր, երիտասարդ, քո երիտասարդությամբ, թող սիրտդ քեզ զվարճացնի քո երիտասարդության օրերին»

«ՈՒրախացի՛ր, երիտասարդ,  քո երիտասարդությամբ,  թող սիրտդ քեզ զվարճացնի  քո երիտասարդության օրերին»
24.07.2012 | 03:05

Առակագրի խոսքի համաձայն` երիտասարդությունն այն տարիքն է, երբ մարդը հույժ ընդունակ է ուրախության, քանի որ ո՛չ երեխայի նման անկատար է, ո՛չ էլ ծերի նման ուժասպառ: Երիտասարդը երկու տարիքների միջև է, զգայարաններով առողջ է և կազմվածքով ուժեղ, կարողանում է վայելել կերակուրների համը և զգեստների գեղեցկությունը, պատերազմում քաջ է և միշտ ուրախ: Հենց դա է պատճառը, որ շատերը, ովքեր հրեշտակներ տեսան, երիտասարդ տարիքում էին: Ադամը ևս այդ տարիքում ստեղծվեց, Հովսեփն ու Դանիելը նույն տարիքում թագավոր դարձան, մեր Տերն էլ նույն տարիքում մկրտվեց: Նաև համընդհանուր հարության ժամանակ, ծեր թե երեխա, բոլորն էլ այս տարիքում են հարություն առնելու մեռելներից ըստ այս խոսքի. «Մինչև որ բոլորս հասնենք միևնույն հավատին և Քրիստոսի կատարյալ հասակի չափին» (տե՛ս Եփես. Դ 13):
Մինչ 30 տարեկան դառնալը մարդն անցնում է չորս յոթնյակ: Առաջին յոթ տարիներին ձևավորվում ու կազմավորվում են մարմնի անդամները (մանուկ): Երկու յոթնյակ լրանալիս` 13-14 տարեկանին մոտ, մարդու ցանկական ֆունկցիաներն ամբողջանում են, և կարող է ծնել իր նմանին (երեխա): Երեք յոթնյակ լրանալիս` 20 տարեկանին մոտ, ցասմնական մասն է ամբողջանում և լինում է զինվոր: Հենց այս պատճառով Մովսես մարգարեն 20 տարեկանից վեր էր ընդգրկում զինվորների թվում (պատանի): Իսկ չորս յոթնյակ լրանալիս` 30 տարեկանին մոտ, կատարելանում է մարդու բանական մասը, և կոչվում է երիտասարդ: Սա է մարդու կատարյալ տարիքը, քանի որ նրանում ամբողջացել են տնկական, ցասմնական, բանական ու իմացական կարողությունները, ամբողջապես կարգավորվել են ֆիզիկականն ու հասակը, առույգությունն ու իմաստությունը:
Եվ ո՞րն է այն ուրախությունը, որ Ժողովողը հորդորում է երիտասարդին ունենալ: ՈՒրախությունն անարատ կյանքն է ու մաքուր սիրտը, քանզի որտեղ մեղք չկա, այնտեղ տրտմություն էլ չկա, իսկ որտեղ մեղք կա, այնտեղ չի կարող իրական ուրախություն լինել: Մարդու ուրախությունն իր Աստվածն է, իսկ Աստված բնակվում է սուրբ սրտերում, ուստի երիտասարդն իր անարատ կյանքով ու սուրբ սրտով ուրախանում է իր Տեր Աստծով:
Երիտասարդն ավելի պետք է զգուշանա մեղքից ու մաքուր պահի խորհուրդները, քան ծերունին, քանի որ ծերը թշնամուն իր առջևն է տեսնում, այսինքն` մահվան օրը, և նախապատրաստում է իրեն, իսկ երիտասարդը` թիկունքի կողմից: Ինչո՞ւ պետք է ավելի զգուշանալ. որպեսզի հանկարծակի չհասնի այդ օրը: Ծերունին միայն արտաքին թշնամի ունի` աշխարհը և սատանան, իսկ երիտասարդը` ներքին և արտաքին: Ներքին թշնամի է մարմինը, որ եռում ու բորբոքվում է և հույժ հակվում դեպի մեղքը: Արտաքին թշնամին այս աշխարհն է, որ ավելի գրավիչ ու հեշտալի է երիտասարդի համար: Ծերունին ավելի հաստատակամ է որոշումների մեջ, քանի որ երկարամյա կյանքի փորձ ունի, իսկ երիտասարդն անհաստատ ու փոփոխական է: Ծերունին արդեն կազմավորված ու կայունացած անձնավորություն է, իսկ երիտասարդը նոր է ձևավորվում որպես անձ: ՈՒստի պետք է երիտասարդ տարիքից բարի սովորություններ ձևավորել սեփական անձի մեջ, այլապես հետագայում հարկ կլինի չարչարվել հոռի բարքերն արմատախիլ անելու համար: Երիտասարդի բոլոր բարի գործերը կամավորապես են ու կարողությամբ, քանի որ, եթե կամենում է, կարող է բարին գործել, պահք պահել ու աղոթել: Իսկ երբ ծերանում է, ամեն բարի գործ ակամա է և տկարությամբ, քանի որ ոչ թե ծերն է թողնում մեղքերը, այլ մեղքերն են թողնում նրան: Ծանրացել է մարմնով, տկարացել է և ուժը պակասել, չի կարող պահք պահել ու աղոթել: ՈՒստի երիտասարդն իր կատարած բարիքների համար ավելի վարձք կստանա, քան ծերը:
Երիտասարդն իր ճանապարհը պետք է անարատությամբ ընթանա: Անարատ լինել չի նշանակում միայն մի առաքինություն ունենալ, այլ ամբողջապես կատարյալ լինել, ինչպես Պողոս առաքյալն է մեր Տիրոջ մասին ասում. «Ինքն Իրեն մատուցեց որպես անարատ պատարագ Աստծուն» (Եբր. Թ 14): Նույնպես մենք էլ պետք է հոգով ու մտքով և բոլոր առաքինություններով կատարյալ լինենք, այսինքն` հոգին ու միտքը մեղքերից մաքուր պահենք և Աստծուն սուրբ ու հաճելի պատարագ լինենք: Մարդու հոգին արատավորում են ոչ միայն չար գործերը, այլև չար մտքերը, քանի որ Քրիստոս ցանկասիրությամբ կնոջը նայելը շնանալ է համարում, սրտում եղբոր վրա բարկանալը` մարդասպանություն, իսկ արծաթասիրությունը` կռապաշտություն:
Եվ ոչ միայն մեր միտքը, այլև զգայարանները պետք է մաքուր լինեն: Զգայարանները մեր մարմնի մեջ դրված են իբրև պատուհաններ: Որքան ժամանակ մենք արթուն ենք ու զգույշ, այդ պատուհաններով միայն լույս է մտնում, այսինքն` առաքինություններ, և լուսավորում մեր հոգին: Իսկ երբ չենք զգուշանում, գողերն ու ավազակներն են մտնում և թալան ու ավեր անում մեր տանը: Աստված աչքեր տվել է, որ տեսնենք արարածներին ու ճանաչենք Արարչին, ականջներ, որ Աստծու պատվիրանները լսենք ու կատարենք, լեզու, որ գոհություն մատուցենք ու օրհնենք Աստծուն, խրատենք և ուսուցանենք մյուսներին, քիթ, որ եկեղեցի այցելենք ու խնկի հոտ առնենք, ձեռքեր, որ խաչակնքվենք, աղոթենք ու կարիքավորների համար բարիք գործենք:
Իսկ երբ անգիտության խավարի մեջ ննջում ենք, այս պատուհանները` զգայարանները, դառնում են մահվան պատճառ. ձեռքերով հափշտակում ենք ու հարվածում, աչքերով` մեղք ցանկանում, ականջներով` չար խոսքեր լսում, քթով` մեղսալից հոտեր առնում, բերանով` անիծում ու հայհոյում:
Երիտասարդ են կոչվում ոչ միայն տարիքով երիտասարդները, այլև մկրտությամբ վերստին ծնված, ուղղափառ հավատով սնված, բարի գործերով մեծացած ու աստվածային սիրով արիացած քրիստոնյաները: Կենդանի հավատ ունեցող քրիստոնյաները, իրապես, հավատով երիտասարդ են, բարի գործով` առույգ ու կորովի, ընդդեմ մեղքի մտավոր պատերազմում` աննահանջ ու քաջ, աղոթքների մեջ` հաղթող ու երկնային պսակների արժանացող, հավիտենական կյանքի հույսի ու սիրո մեջ` մշտավառ: Այս է հոգով երիտասարդ քրիստոնյայի ճանապարհը, որ աստվածային առաջնորդությամբ տանում է դեպի երկնքի արքայություն:

Տ. Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տաթևի վանքի վանահայր

Դիտվել է՝ 2998

Մեկնաբանություններ