«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Պարսպապատ հոգիներով քաղաքը

Պարսպապատ հոգիներով քաղաքը
07.05.2013 | 22:44

Ես սկսում եմ հասկանալ Երուսաղեմի առեղծվածը՝ ամեն ինչ բաց է, ափիդ մեջ, բայց ոչինչ ոչ սկիզբ ունի, ոչ վերջ: Պարիսպները: Հին քաղաքը՝ իր հավերժական պարիսպների մեջ: Յաֆֆայի դարպասները, որտեղից մեկնում են Յաֆֆա: Դամասկոսի դարպասները, որտեղից ուր էլ գնաս, հասնում ես Դամասկոս: Սիոնի դարպասները, որտեղից սկսվում է Հին Երուսաղեմի սիրտը: Հերովդեսի դարպասները, որ պաշտպանում են նրա պալատը: Հետո՝ Առյուծի, հետո Ստեփանոսի, հետո՝ Նոր: Ու դարպասների դարպասը՝ Ոսկե դարպասը, որից այս քաղաքը Երուսաղեմ դարձնելու համար Պոնտացի Պիղատոսի պրեֆեկտության և Հովսեփ Կայիափայի քահանայապետության օրոք, քաղաք է մտել Հիսուս Նազովրեցին: Ոսկե դարպասները այլևս փակ են՝ մինչև Հիսուսի վերադարձը: Երուսաղեմի ևս մեկ առեղծված՝ Ոսկե դարպասների առաջ՝ պարսպի ամբողջ երկայնքով հին ու նոր զինվորների գերեզմաններ են: Զինվորներ, ում հոգիները պիտի պաշտպանեն Երուսաղեմը ու որևէ մեկին, անգամ Հիսուսին, քաղաք չթողնեն: Սպիտակ քաղաք Երուսաղեմը պարսպապատ է: Գուցե ա՞յդ պատճառով է պարսպապատ հրեայի հոգին: Այսքան դարպասների, այսքան պարիսպների ու այսքան պատմության մեջ ապրելը պատյանում է կյանքդ ու քեզ պարտադրում իր գոյությունը, որտեղից էլ գաս ու ուր էլ գնաս: Ով էլ լինես:

Սուրբ Աստվածածնի տաճարը Երուսաղեմում այն վայրն է, որտեղ քեզ միանգամից համակում է հանգստությունը: Դրսից գուցե անշուք, Երուսաղեմի սպիտակ քարի մեջ տեղ-տեղ սև երանգներով, հազարամյակների մեջ կառուցված, ավերված, նորից կառուցված, ավերված ու նորից կառուցված: Այս բառերը Նարեկ սարկավագի շուրթերից, որ Երուսաղեմի մասին գիտի, թվում է, ամեն ինչ, այս օրերին հնչել են ու հնչել: Քառասունութ աստիճան քեզ վար են տանում՝ մինչև Սուրբ Կույսի գերեզմանը: Աշխարհի ամենատարբեր լեզուներով նրա գերեզմանաքարի վրա գրություններ են թողնվում ամեն օր: Ու ես չգիտեմ՝ որքանով է ճիշտ այս սքանչելի տաճարն անվանել գերեզմանատեղի, որովհետև հինգերորդ դարում կառուցված, ութերորդում ավերված, հետո նորից կառուցված այս եկեղեցին հիշատակի տաճար է՝ Սուրբ կույսը համբարձվել է նաև մարմնով: Նրան երկինք է տարել որդին: Դեպի Աստվածածնի գերեզմանատեղի տանող աստիճանների աջ ու ահյակ մատուռներում հանգչում են՝ աջում Աստվածածնի հայրը՝ Հովակիմը, մայրը՝ Աննան, ձախում՝ Հովսեփը: Եկեղեցին այսօր հայ-հունական է: Դեպի լեռան խորքը գնացող այս տաճարում ապրում է հանգստությունը և, եթե դու որոնում ես քեզ, այստեղ կգտնես քո անդորրը: Հոգու անդորրը:
Սպիտակ սալաքարերով ճանապարհի մի քանի ոլորան, ու դու Գեթսեմանի պարտեզում ես, ձիթենիների հազարամյա ոլորապտույտներով ճյուղերը պտղաբերում են մինչև այսօր: Նրանք տեսել են Հիսուսին ու Հուդային: Ֆրանցիսկյանների եկեղեցու բակում փայլուն ու տպավորիչ մի քարաբեկոր կա՝ Հիսուսի վերջին աղոթքի քարը: Ես չգիտեմ՝ արդյոք արև ու քամի, ձիթենի ու պատմություն ներծծած այս քարը իրոք հենց Հիսուսի ինքն իր ու իր Հոր հետ մենակության վկան է, վերջին վկան, բայց Նարեկ սարկավագը այնքան համոզիչ է արտաբերում Հիսուսի խոսքերը, հետո համբուրում քարը, որ չհավատալը մեղք է: Ֆրանցիսկյանների եկեղեցին անուն ունի՝ Բոլոր ազգերի եկեղեցի, որ թարգմանաբար նշանակում է Հիսուսի պատգամը իր աշակերտներին՝ գնացեք և աշխարհի բոլոր ազգերին տարեք ճշմարտության խոսքը: Ղպտիների «Հայր մեր» եկեղեցին իր պատերին ունի հարյուր հիսուն լեզւներով «Հայր մերը», հայերենը երրորդն է:
Իսկ ամենադաժանն այսօրվա պայծառ արևի ու անսպասելի քամու մեջ խրվեց Համբարձման լեռը: Այստեղից է Հիսուսը հեռացել, փոքրիկ մատուռում նրա երկրային վերջին ոտնահետքերը պահպանած քարը կա: Ու եթե դու ուզում ես տեսնել այդ քարը, դու պիտի մտնես մզկիթ, որովհետև ժամանակին Համբարձման լեռան վրա հայկական հոյակերտ տաճարը, Հեղինե թագուհու ձեռքով կառուցած, քանդվել է քրիստոնյաների ձեռքով: Երբ հազար ութ հարյուր քսան թվականին տաճարի գմբեթը փլվեց երկրաշարժից, Երուսաղեմի օրվա տեր թուրքերը որոշեցին պարզել ումն է եկեղեցին, որ թույլ տան կառուցել: Հայերը հիմնավորեցին իրենց իրավունքը ու կառուցեցին եկեղեցին, հետո հույներն ու լատինները գնացին թուրքերի դուռը ու հայտարարեցին, որ այդտեղ ընդհանրապես եկեղեցի չի եղել, եղել է մզկիթ: Ու Հիսուսի վերջին ոտնահետքը մզկիթում ստանում է բոլորովին այլ խորհուրդ՝ քրիստոնեությունը իր հզորության մեջ այնքան էր թուլացել, որ նոր ասպարեզ եկող ազգերը պիտի իրենց նոր կրոնն ունենային: Բայց որովհետև ընդլուսնյա աշխարհում ոչինչ նոր չէ, Հիսուսի նվիրական ոտնահետքերով ամենաուղիղ ու ամենախորհրդանշական ճանապարհով ի հայտ եկավ մահմեդականությունը: Եվ ամեն տարի հայ հոգևորականները Համբարձման լեռան վրա պղծյալ խորանի կարգ են անցկացնում՝ մինչև ժամանակները կամ վերադառնան իրենց ելակետին, կամ հասնեն վերջակետին:
Հուդայի անապատի միջով, բեդվինների բնակավայրերի կողքով, ձախից ունենալով աշխարհի ամենահին Երիքով քաղաքը, ճանապարհը տանում է դեպի սահման՝ սահման Հորդանանի հետ: Գետը փափուկ է, ինչպես միայն ինքը կարող է լինել: Ընկղմվելով Հորդանանի ջրերի մեջ՝ լիովին հասկանում ես ոչ միայն Հովհաննես Մկրտչին, այլև մկրտված Հիսուսին: Հետո հասկանում ես նաև մեկ այլ առեղծված՝ ինչու՞ է ջուրը միակ նյութն աշխարհում երեք վիճակներով՝ սառույց, ջուր, գոլորշի: Ինչու՞ է միայն ջրին տրված լինել երկնքում, երկրի վրա ու հողի տակ: Իսկ գուցե չես հասկանում ջրի առեղծվածը, գուցե ջուրն այսօր էլ Աստծո հետ իրական կապն է՝ աղոթքից ոչ պակաս հզոր ու հասանելի: Հորդանանի փափուկ ջրերի մեջ ջուրը կարծես չի շարժվում ու դու իրոք ընկղմվում ես հավերժության մեջ՝ հանդիպելու քո անցյալի, ներկայի ու ապագայի առեղծվածներին, որոնք հասկանալը նույնքան անհնար է, որքան հնարավոր: Եթե ջուրը ցանկանա: Եթե Տերը կամենա:
Սոդոմ և Գոմոր քաղաքները այսօր չկան, կա նորից ջուր՝ Մեռյալ ծովի տեսքով, որի ջրի բաղադրությունն ուսումնասիրած գիտնականները հայտնաբերել են հրաբխային կրակի մասնիկներ, իսկ այս վայրերում հրաբուխ չի գործել երբեք: Գուցե հենց այստեղ է Ղովտի կինը, իմանալով հանդերձ ինչ գին է ունենալու իր համար ակնթարթային հետահայացը, շրջվել դեպի հրդեհված Սոդոմ ու Գոմորը, որ իր հայրենիքն էր: Ղովտի կինը դարձել է աղե արձան: Մեռյալ ծովը աշխարհի ամենաաղի ծովն է: Անապատի մեջ: Չունի սկիզբ ու չունի վերջ: Ինքն իրեն է սկսում ու ինքն իրենով վերջանում է: Ափեափ կարող ես անցնել, եթե չխրվես տիղմի մեջ, իսկ եթե խրվես, ալիքները քեզ կմաքրեն ու դու աղաջրից դուրս կգաս մետաքսի ու ատլասի պես փայլուն ու փափուկ: Շնորհակալություն Ղովտի կնոջը:
Ընդամենը մեկ ժամից բլուր-բլուր կիտված անապատի ու արմավենիների օազիսների միջով ճանապարհը վերադարձում է սուրբ քաղաք, ու քեզ թվում է յոթ դարպասներից որով էլ մտնես, Երուսաղեմը բոլորովին այլ քաղաք է լինելու քեզ համար, որովհետև Հորդանանի ջրերով ու Մեռյալ ծովի ալիքներով անցնելուց հետո ինքդ արդեն բոլորովին այլ ես:
Սա պատմություն է մի երկրի մասին, որն ապրում է իր պարսպապատ պատմության մեջ՝ պարսպապատ հոգով: Եվ այդ հոգու աղոթքի մեջ այնքան սովորական ու առօրեական է խրվում ազանը, որ հասկանում ես՝ առանց պարիսպների այս քաղաքում ապրել հնարավոր չէ, իսկ ամենաանառիկ պարիսպները, որ հնարավոր չէ քանդել, մարդու հոգու մեջ են:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Երուսաղեմ
Հ.Գ.-Իսկ Ոսկե դարպասները բացվելու են: Միևնույն է, բացվելու են ու հենց այդ օրը քանդվելու են ամենաանառիկ պարիսպները:

Դիտվել է՝ 3852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ