«Մենք հանդիպեցինք, զրուցեցինք, ու թեև ծրագիրը մասնավոր է և չի իրականացվում պետական կարիքների շրջանակներում, այնուհանդերձ, կարևորում ենք 150 մարդու բնակարանային խնդրի լուծումը։ Մենք վստահեցրինք, որ պետությունն իրենց կողքին է, և թույլ չենք տա, որ խնդիրը չկարգավորվի»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը։
Մայիսի 20-ին «Տոնուս» ընկերության կողմից խաբված բնակիչները բողոքելու էին եկել ֆինանսների նախարարություն, և նրանց ընդունել էր նախարարի խորհրդականը։ Հիշեցնենք, որ «Տոնուսը» 150 մարդու համար կառուցում էր բազմաբնակարան շենք, սակայն սնանկացել էր։ «Արցախ» բանկը սնանկ է ճանաչել ընկերությունը, և մարդիկ էլ մնացել են անտուն։ Ինչ խոսք, լավ է, որ ֆինանսների նախարարությունը խոստանում է մենակ չթողնել բնակիչներին, բայց ինչպե՞ս։ «Մենք բանակցել ենք «Արցախ» բանկի հետ և եկել համաձայնության, որ բանկը միակողմանի քայլ չպետք է անի»,- պարզաբանեց նախարարի խորհրդականը։ Եթե նկատենք, որ իսկապես այս ծրագիրը պետական կարիքների ծրագրի շրջանակում չէ, ապա նշված քայլը զգալի օգնություն է պետության կողմից։
Լարված իրավիճակը սոցիալ-տնտեսական դաշտում շարունակվեց նաև մայիսի 20-ին. կարկտից տուժած համայնքների բնակիչները փակել էին Երևան տանող մայրուղին` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համոզում էր մարդկանց, որ պետությունը զբաղվում է իրենց խնդրով և հնարավորինս կաջակցի, գյուղացուն մենակ չի թողնի։ Այլ կերպ ասած, ժողովուրդը կրկին հավատաց պետական պաշտոնյայի խոստմանը, սակայն արդյո՞ք այդ խոստումը կկշտացնի գյուղացուն, ավելի արդյունավետ չէ՞ր լինի, եթե կառավարությունը հայտարարեր, որ սառեցնում է բանկից վերցրած վարկերը։ Այսինքն, այդ պարտքը բաշխում է իր ժողովրդին։ Եթե այդպիսի որոշում լինի, այս պահին գոնե գյուղատնտեսության ոլորտում սոցիալական լարվածությունն ու դժգոհությունը կմեղմվի, գուցե նաև վերանա։ Իսկ այս պահին գյուղացին հարց է տալիս. «Մենք իրենց վստահելով մեծ վարկ վերցրինք բանկերից, որովհետև ասացին` լավ, էժան պայմաններով է։ Հիմա էդ էժանն էլ չենք կարողանում տալ։ Սաղ կարկուտը տարավ։ Մեր վերջը ո՞նց է լինելու»։
Կառավարությունն էժան վարկերի հորդորն արեց երկու խնդիր լուծելու համար։ Առաջին` բանկերի ֆինանսական հոսքերի ակտիվացումն էր, քանի որ գլոբալ ճգնաժամի հետևանքով տնտեսություն-բանկ հարաբերությունը «սառել» էր։ Երկրորդ` գործադիրը վարկերի միջոցով փորձում էր խթանել գյուղատնտեսության զարգացումը։ Բայց, ինչպես ասում են, «մարդը ենթադրում է, Աստված որոշում»։ Կանխատեսել բնության քմահաճույքները կառավարությունը չէր կարող։ Սակայն ստեղծված իրավիճակում կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ գյուղացու ողնաշարը չջարդվի վարկի «լծի» տակ` «կարկուտը տարած» եկամուտների պայմաններում։
Կարծում ենք, գոնե այս ոլորտում գործադիրն ի զորու է կոնկրետ քայլեր կատարելու, ինչը դժվար է ասել գազի գնի բարձրացման հարցում։ Ինչ խոսք, ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է, և շատերն այն կարծիքին են, որ Ռուսաստանը չպետք է գազի գինը յուրաքանչյուր տարի բարձրացնի։ Գուցե և այդպես լիներ, եթե ի սկզբանե Հայաստանը Ռուսաստանի հետ ավելի ճիշտ գործընկերային հարաբերություններ կառուցեր և ոչ թե` «Ռուսաստանն ինչ ասի, մենք խաչակնքենք»։ Թեև գուցե դեռ այնքան էլ ուշ չէ` առողջացնելու այդ հարաբերությունը։ Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ 67 %-ով առաջարկվում է բարձրացնել գազի գինը։ Այդ առաջարկից երկու օր հետո խանութներում անմիջապես բարձրացան պարենային ապրանքների գները` 100-200 դրամով։ Հետ չմնացին նաև գյուղարտադրության մթերքները. կանաչին 50 դրամից դարձավ 250-350 դրամ, ելակը 850 դրամից` 1000-1200 դրամ։ Եվ սա դեռ թանկացումների «նախերգանքն» է, իրական թանկացումները դեռ առջևում են, երբ վերջնականապես կհաստատվեն գազի և էլեկտրաէներգիայի գները։ Ճիշտ է, կառավարությունը խոստացավ, որ սոցիալապես անապահով խավի համար գազի գինը 30 %-ով կսուբսիդավորվի, բայց արդյո՞ք դա բավարար կլինի նրանց խնդիրները թեթևացնելու համար։ Ոչ միայն բավարար չի լինի, այլև սոցիալապես ապահոված խավի համար գազի թանկացումը լուրջ խնդիրներ կստեղծի։ Մի պարզ պատճառով` արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, տրանսպոտի ոլորտում գների կտրուկ բարձրացում է տեղի ունենալու։ Բացի այդ, տնտեսությունը, որ առանց այդ էլ լուրջ խնդիրներ ունի գլոբալ ճգնաժամի պատճառով, վտանգված է, այն էլ լրջորեն։ Այս ամենը բողոքի ալիքի տեսքով ուղղվելու է իշխանությանը։ Ստեղծված լարված իրավիճակում հստակ քայլերի է սպասում ժողովուրդը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ