Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Ժողովուրդն ու տնտեսությունը SOS են հնչեցնում

Ժողովուրդն ու տնտեսությունը SOS են հնչեցնում
08.11.2013 | 11:46

Նոյեմբերի 11-ից ԱԺ-ում քաղաքական կրքերը կրկին կբորբոքվեն, և գործադիրն ու օրենսդիրը կրկին կհիշեն ժողովրդին, նրա ծանր սոցիալական վիճակը. բարձր ամբիոնից կառավարությունը խոստումներ կտա, ընդդիմությունը կմեղադրի իշխանություններին, իշխանությունները կքննադատեն ընդդիմությանը, սակայն դրանից ժողովրդի կյանքը 2014-ին չի լավանա, հացը չի էժանանա։

Այլ կերպ ասած, դրական փոփոխություններ ակնկալելը դժվար կլինի, թեև կառավարությունը խոստանում է 2014-ին ունենալ 5 % տնտեսական աճ, բարձրացնել աշխատավարձերն ու կենսաթոշակները։ 2014-ին պետբյուջեի նախագծով նախատեսվում է սոցիալական ոլորտում ծախսերի ավելացում։ Մասնավորապես, առողջապահությունում ծախսերը կկազմեն 80695,9 մլն դրամ` 2013-ի համեմատ աճը կկազմի 12 %։ Սոցիալական ոլորտում 34 մլրդ դրամ տրամադրվելու է կենսաթոշակների բարձրացմանը։ Նախագծի համաձայն, շարունակվելու է «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագիրը և, ներդնելով ընտանեկան դրամագլխի նոր համակարգ, կանխիկ 500 հազար դրամ է վճարվելու նորածնին։
Ինչ խոսք, սոցիալական ծախսերի փոքր-ինչ ավելացումը նշանակություն ունի ոչ միայն բնակչության սոցիալական վիճակի բարձրացման համար, այլև կարևոր է իշխանությունների նկատմամբ վստահության բարելավման առումով։ Սակայն որքա՞ն է վերջինը հնարավոր, եթե պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման ֆոնին նախատեսվում է 2014-ին կրճատել նպաստները, իսկ շարքային աշխատողի աշխատավարձը բարձրանալու է ընդամենը 2-3 հազար դրամով։ Սա այն դեպքում, երբ, օրինակ, ՍԴ-ի նախագահի աշխատավարձը ենթադրվում է, որ կդառնա 1 միլիոն 568 հազար դրամ։
Սա, իհարկե, հարվածում է առաջին հերթին իշխանության վարկանիշին։ Մենք դեմ չենք, որ բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են տարբեր ոլորտների քաղաքականության համար, բարձր աշխատավարձ ստանան։ Հակառակը, համոզված ենք, որ նրանց աշխատավարձը շատ ավելի պետք է լինի, բայց միայն այն դեպքում, երբ ուսուցչի, բժշկի, գիտնականի, արվեստագետի, բանվորի սոցիալական կարգավիճակը միջինից ցածր չէ։ Մինչդեռ մեր բնակչության զգալի հատվածն այսօր հացի խնդիր ունի։
Առկա գնաճի պայմաններում ակնհայտ է, որ անգամ 5 հազար դրամի ավելացումը ընտանեկան բյուջեի վրա շոշափելի չի կարող լինել։ Եթե նկատենք նաև, որ, ըստ ՀԲ-ի տվյալների, մեր երկրում աղքատությունը 36 % է կազմում, իսկ դրան հակառակ պետական բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտները գնալով աճում են, շնորհիվ անձնական բիզնեսի, ապա այս իրավիճակում վերջիններիս աշխատավարձի բարձրացումը անհասկանալի է դառնում։ Ավելին, այն լուրջ հիմք է ժողովրդի համար իշխանություններին չվստահելու և չհարգելու առումով։ Այսինքն` պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը առկա սոցիալական լարվածությունը թեժացնելու հիանալի առիթ է։ Մնում է միայն կռահել, թե ում է այն ձեռնտու։
Բնականաբար, ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ այս հարցը չի անտեսվի և տարբեր շահարկումների ու վեճերի առիթ կտա։ Հաջորդ հարցը, որ կրքերը կբորբոքի, եկամուտների հավաքագրման խնդիրն է։ Սա լուրջ հարց է, քանի որ այն առաջին հերթին պայմանավորված է տնտեսության ակտիվությամբ, ինչը երկար ժամանակ է` Հայաստանում դանդաղել է։ Սա փաստ է, որի հետ հաշվի չնստել չի կարելի։ Անցնող տարի տնտեսությունում էական դրական զարգացումներ չեղան։ Փաստ, որը գրանցեց նաև ազգային վիճակագրական ծառայությունը։ Ըստ փորձագետների, այն պայմանավորված է գնաճային ճնշումների սպասողական վիճակով։ Գնաճը մեղմելու նպատակով գործադիրը հրաժարվեց բյուջետային ծախսերի ընդլայնողական քաղաքականությունից։ Սա, իհարկե, դրական գործոն է գնաճի մեղմացման հարցում։ Սակայն, միևնույն ժամանակ, այն բացասաբար է ազդում տնտեսական գործընթացների վրա։
Այսինքն, նշված քաղաքականությամբ կառավարությունը կամ սահմանափակում է բյուջետային ծախսերը, կամ էլ դանդաղեցնում է։ Այս մոտեցումը տնտեսագիտական լեզվով կոչվում է թաքնված սեկվեստր` նախատեսված ծախսերը օրենքով չեն կրճատվում, բայց չեն էլ կատարվում։ Որքան քիչ գումար է մտնում տնտեսություն, այնքան նվազում է ճնշումը գների վրա։ Ինչ խոսք, գնաճի համար սա դրական մոտեցում է, իսկ տնտեսության համար` ոչ։ Այն տուժում է, քանի որ կրճատվում են այն ֆինանսական հոսքերը, որոնք, մտնելով տնտեսություն, լրացուցիչ ակտիվություն են հաղորդում։ Մյուս կողմից, տնտեսության պասիվությունը պայմանավորված է նաև խոշոր ներդրումների ծավալի նվազմամբ, ինչպես նաև եղած ներդրումները տնտեսության իրական հատված չուղղորդելու քաղաքականությամբ։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին պետությունը դրսից ներգրավված վարկերն ուղղել է դեպի բանկեր և ոչ տնտեսության իրական հատված։
Այս ամենը լուրջ մտահոգության տեղիք է տալիս, քանի որ գնալով սոցիալական դժգոհությունը մեծանում է։ Ստեղծված իրավիճակում կառավարությունը հստակ քայլեր պետք է իրականացնի սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով, և այն պետք է ժողովրդի համար շոշափելի լինի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ