2014-ի հունվարից բարձրացվելու են կենսաթոշակները, ինչն առանձնապես չի ոգևորում ժողովրդին: «Ի՞նչ օգուտ, 2000 դրամով կբարձրացնեն, 10000 դրամով կյանքը կթանկանա: Ամեն ինչի գինը գնալով աճում է»,- մեզ հետ զրույցում նշում էին կենսաթոշակառուները:
Մյուս կողմից, եթե կառավարությունը չնախատեսեր կենսաթոշակների բարձրացում, ապա համոզված ենք, որ ժողովուրդը կրկին դժգոհելու էր, բայց այս անգամ կասեր. «Ամեն ինչի գինը բարձրանում է, թոշակները մնում են նույնը»: Այնպես որ, թեկուզ ոչ մեծ ծավալով, այնուհանդերձ, կենսաթոշակների բարձրացումը անհրաժեշտություն է: Միևնույն ժամանակ նկատենք, որ այն շատ ավելի շոշափելի կարող էր լիներ, եթե կառավարությունը խորհրդարան չբերեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը:
Եթե գործադիր իշխանությունը պատրաստ է եղած սուղ միջոցներն ուղղելու պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, որպեսզի նրանք երեք անգամ ավելի բարձր վարձատրվեն, նշանակում է, պետությունն ինչ-որ տեղ այդ ռեսուրսներն ունի: Կարծում ենք, ո՛չ, համոզված ենք, որ ճիշտ կլիներ այդ միջոցները ներդնել կենսաթոշակային հիմնադրամում, ինչի արդյունքում կենսաթոշակների բարձրացումն ավելի շոշափելի կլիներ, իսկ ժողովուրդն էլ կտեսներ, որ իշխանությունները մտահոգ են իր սոցիալական խնդիրներով: Իսկ այսպես ստացվում է, որ իշխանությունները հատուկ հարստացնում են առանց այդ էլ հարուստներին` «յուղոտ թիքեն յուղոտ տեղ ա գնում» տարբերակով:
Կենսաթոշակային խնդիրները լրջորեն քննարկվում են նաև նոր համակարգի ներդրման տեսանկյունից: 2014-ի հունվարի մեկից գործելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն տարբեր մտահոգություններ և անհանգստություններ է առաջացրել ոչ միայն ապագա կենսաթոշակառուների, այլև տասնյակից ավելի կազմակերպությունների շրջանում: Անհանգստություն, որը բաց նամակի տեսքով ուղղվել է ՀՀ վարչապետին:
Ո՞րն է անհանգստության պատճառը, ինչո՞ւ են մարդիկ ընդվզում նոր համակարգի դեմ, այն էլ այն դեպքում, երբ սա Հայաստանի մենաշնորհը չէ, այն գործում է արդեն մի շարք երկրներում: «Ճիշտ է, կան երկրներ, որտեղ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվել է տարիներ առաջ, սակայն այն դուրս է եկել գործադրումից, քանի որ իրեն չի արդարացրել»,- նշում են փորձագետները, մի շարք կազմակերպությունների էլ մտահոգում են համակարգի սահմանած կենսաթոշակի տարիքային շեմի և վճարվելիք տոկոսադրույքների հետ կապված հարցերը:
Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկվելու տարիքային պարտադիր շեմը սահմանվել է 1974 թիվը: Նախատեսվածի համաձայն` աշխատողը պարտավոր է իր աշխատավարձի 5 %-ը փոխանցել հատուկ այդ նպատակով բացված կուտակային հաշվեհամարին, ևս 5 % այդ նույն հաշվեհամարին փոխանցելու է պետությունը:
Լիբերալ թվացող այս համակարգը տարբեր հարցեր է առաջացնում: Վարչապետին ուղղված բաց նամակում, նոր համակարգն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, առաջարկվում է վերանայել մի քանի հիմնահարցեր: «Պարտադիր տարիքային շեմը 1974-ի փոխարեն սահմանել 1996 թ. ծնվածների համար, որպեսզի նոր մոտեցումը տարածվի բոլոր նրանց վրա, ում 18 տարեկանը նոր է լրանալու: Ինչ վերաբերում է պարտադիր սահմանված 5 % տոկոսադրույքին, այն կարելի է դարձնել 2,5 %: Եվ առավելագույն վճարը կենսաթոշակայինի հաշվին չպետք է գերազանցի 25000 դրամը»,- առաջարկված է բաց նամակում:
Նկատենք, որ առաջարկը տրամաբանական է: Իսկապես, նոր համակարգը ճիշտ կլինի կիրառել սկսած 18 տարեկանից, քանի որ այդպիսով նոր կյանք մտնող մարդը նոր համակարգում կընդգրկվի: Բացի այդ, 18 տարեկան քաղաքացին ընտանիք պահելու պատասխանատվություն չունի, հետևաբար իր առանց այդ էլ ոչ բարձր աշխատավարձից կատարված մասհանումը ավելի քիչ կծանրաբեռնի ընտանիքի բյուջեն: Ի դեպ, նկատենք, որ նոր համակարգի հետ կապված մտավախությունների հիմքում նախապատմություններ կան: Բնակչության գերակշիռ մասը անվստահություն ունի նոր համակարգի նկատմամբ, որը պայմանավորված է ոչ հեռու անցյալում, ընդամենը 22 տարի առաջ «Խնայբանկում» ներդրած ավանդների կորստով: Պարտադիր կուտակային համակարգի ներդրումից հետո քաղաքացու և պետության փոխանցումները կուտակվելու են առևտրային բանկերում, որոնց մի մասը, դարձյալ ոչ հեռու անցյալում, մեղմ ասած, «քցեց» ավանդատուներին։ Եվ պատահական չէ, որ այսօր մարդիկ իրենց ապագան շատ մշուշոտ են տեսնում:
Կհամաձայնի՞ կառավարությունն առաջարկվող փոփոխություններին, թե՞ ոչ, առաջիկայում պարզ կդառնա: Համենայն դեպս, վատ չէր լինի, եթե գործադիրը, մինչ նոր համակարգի ներդրումը, ևս մեկ անգամ հարցը քննարկեր այն կազմակերպությունների հետ, որոնք բաց նամակով դիմել են վարչապետին: Ինչպես ասում են` ավելի լավ է յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ