«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«Նույնականացման քարտերին և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրային համակարգին անցում կատարելը ինքնանպատակ չէ»

«Նույնականացման քարտերին և կենսաչափական տվյալներ պարունակող  անձնագրային համակարգին անցում կատարելը ինքնանպատակ չէ»
06.03.2014 | 23:34

Երկու ամիս է` գործում է անձնագրերի նոր կարգը, սակայն մարդկանց համար անհասկանալի է, թե ինչու են կապույտ անձնագրերը պարտադիր փոխարինվում նույնականացման քարտերով: Ի՞նչն էր խանգարում կապույտ անձնագրերի կիրառմանը: Այս և անձնագրերի հետ կապված հասարակությանը հուզող այլ հարցերի շուրջ զրույցի հրավիրեցինք փոխոստիկանապետ, գեներալ-մայոր ԱՐԹՈՒՐ ՕՍԻԿՅԱՆԻՆ։

-Նույնականացման քարտերին և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրային համակարգին անցում կատարելը ինքնանպատակ չէ,- ասաց պարոն Օսիկյանը:- Դեռևս 2001 թ. Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդն ընդունել է 1373 բանաձևը, համաձայն որի, ահաբեկչության դեմ միջազգային պայքարի շրջանակներում պետությունները պետք է ձեռնարկեն արդյունավետ միջոցներ անձը հաստատող փաստաթղթերի և արտասահմանյան անձնագրերի պատրաստման ներպետական մեխանիզմների նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունն ուժեղացնելու, անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Թեպետ, նույնականացման քարտ ստանալիս մատնահետքերը չեն ամրագրվում նույնականացման քարտի էլեկտրոնային պահոցում, այնուամենայնիվ, փաստաթուղթ ստանալու դիմում ներկայացնելիս այն ունի մեծ նշանակություն: Մատնահետքերը պահպանվում են էլեկտրոնային բազայում, ինչն էլ թույլ չի տալիս անձանց այլ տվյալներով դիմելու կեղծիքի և ստանալու կեղծ տվյալներով անձը հաստատող փաստաթուղթ: Այսինքն, գրեթե անհնարին է դարձնում փաստաթղթի կեղծման հավանականությունը: Բացի վերը նշված կարևոր նախապայմանից, նույնականացման քարտերի համակարգի ներդրումն ունի նաև մի շարք առավելություններ.
. Հանրային ծառայություններ մատուցող իրավասու մարմինները երբեմն պահանջում են հանրային ծառայությունների համարանիշ: Նույնականացման քարտ ունենալու դեպքում անձը ստիպված չի լինի այցելելու ոստիկանության անձնագրային բաժին` հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար, քանի որ այն ամրագրվում է նույնականացման քարտում:
. Հաշվի առնելով այն, որ նույնականացման քարտի էլեկտրոնային պահոցում կան հատուկ պաշտպանական ապահովումներ, էլեկտրոնային ստորագրությունը նույնականացման քարտում պահպանելն առավել ապահով է, քան այլ եղանակով այն ստանալը և օգտագործելը:
. Էլեկտրոնային կառավարման բնագավառի զարգացմանը զուգահեռ հետագայում նախատեսվում է նույնականացման քարտում կուտակել նաև քաղաքացու վերաբերյալ այլ տվյալներ, ինչն անձի վերաբերյալ այլ տեղեկություններ ներկայացնելու պահանջի դեպքում նվազագույնի կհասցնի քաղաքացի -վարչական մարմին շփումը:
. Հին անձնագիր ստանալու համար քաղաքացին, լրացուցիչ ծախս կատարելով, անձնագրային ծառայություն էր ներկայացնում երկու լուսանկար: Նույնականացման քարտ և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար անձը լուսանկար չի ներկայացնում, այլ լուսանկարահանումը կատարվում է տեղում, առանց լրացուցիչ գանձում կատարելու:
. Նույնականացման քարտը, որպես պլաստիկ քարտ, ի տարբերություն թղթային հին անձնագրի, առավել դիմացկուն է և երկար է օգտագործվում: Փորձը ցույց է տվել, որ շատ դեպքերում հին անձնագիրը ինտենսիվ օգտագործելու դեպքում, մինչև դրա վավերականության ժամկետի լրանալը, մի քանի անգամ փոխվում էր` օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով, այսինքն, քաղաքացին կատարում էր լրացուցիչ ծախս և ժամանակի ավելորդ վատնում:
Բացի այդ, կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի ներդրմամբ նվազագույնի է հասցվում անձը հաստատող փաստաթղթի կեղծման հավանականությունը, քանի որ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալիս անձը մատնադրոշմներ է հանձնում, և դրանք պահպանվում են էլեկտրոնային պահոցում։
Հավելեմ նաև, որ հնարավոր է դարձել առավել պարզ, ավտոմատացված եղանակով իրականացնել անձի նույնականացման գործընթացը, մեծացնել անցանկալի անձանց հայտնաբերման հավանականությունը:
Միաժամանակ, կենսաչափական անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի մասին նշումներ չեն կատարվում: Այսինքն, հին անձնագրով ճամփորդելիս նշված փաստաթղթի վավերականության ամբողջ ժամկետի համար քաղաքացին ստիպված է լինում կատարել վճարում 10000 ՀՀ դրամի չափով, իսկ նշված գործողությունը օտարերկրյա պետության դիվանագիտական ծառայության կողմից կատարելու դեպքում վճարի ընդհանուր չափը կկազմի 40000 ՀՀ դրամ: Իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում, երբ մոտակա բնակության վայրում բացակայում է ՀՀ դիվանագիտական ծառայությունը, անձնագրում օտարերկրյա պետության վավերականության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացին ստիպված է լինում լրացուցիչ ծախսեր կատարելով այցելել այլ բնակության վայր, որտեղ գործում է ՀՀ դիվանագիտական ծառայություն:
Ի դեպ, հարկ է նշել, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 2011 թվականի սեպտեմբերին հրապարակված տվյալների համաձայն, Միավորված ազգերի կազմակերպության 193 անդամ երկրներից 93-ը անցում են կատարել կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգին, 21 պետություն էլ առաջիկա 12-48 ամիսներին պարտավորվել է անցում կատարել նշված համակարգին:
-Թվում է, թե այդ կերպ քաղաքացու համար հեշտացվում են պայմանները, սակայն այժմ նա պետք է երկու անձնագիր ունենա` տեղական նշանակության և արտերկրի: Ո՞րն է սրա տրամաբանությունը, ի՞նչ է այն տալիս մարդուն:
-Նույնականացման քարտի, որպես ներքին շրջանառության փաստաթուղթ, պատրաստման համար պահանջվում է էականորեն նվազ ծախս, քան ճամփորդելու համար նախատեսված կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը (անձնագիրը բաղկացած է 40 էջից): Ներքին օգտագործման և ճամփորդական փաստաթղթեր նախատեսելու առավելությունն այն է, որ ճամփորդելու ցանկություն չունենալու դեպքում անձը ստիպված չի լինի կատարելու լրացուցիչ ծախս, այլ կդիմի միայն Հայաստանի Հանրապետության տարածքում որպես ինքնությունը հավաստող փաստաթուղթ` նույնականացման քարտ ստանալու համար: Բացի այդ, լինում են օրենքով նախատեսված դեպքեր, երբ անհրաժեշտություն է առաջանում սահմանափակելու անձի ելքը պետության տարածքից` հետախուզման մեջ գտնվելու կամ այլ իրավական հիմնավոր պատճառներով պայմանավորված: Նշված պարագայում, եթե անձը չի ստացել կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր, այն վերջինիս չի տրամադրվում, իսկ եթե ստացել է, առգրավվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից: Իսկ նույնականացման քարտը, որպես անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, չի առգրավվում քաղաքացուց, և որևէ դեպքում չի սահմանափակվում այն տրամադրելը:
-Մարդիկ շփոթության մեջ են և ուզում են վերջապես հասկանալ կենսաչափական տվյալների և հանրային ծառայության համարանիշի տարբերությունները` որը ի՞նչ տիպի տեղեկություն է պարունակում:
-Կենսաչափական տվյալները «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքով նախատեսված տեղեկություններ են, որոնք բնութագրում են քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, հնարավորություն են տալիս քաղաքացուն նույնականացնելու (լուսանկար, ստորագրություն, աջ և ձախ ձեռքերի ցուցամատերի մատնադրոշմներ, օրենքով նախատեսված դեպքերում` աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմ) և ամրագրվում են անձնագրի էլեկտրոնային պահոցում:
Հանրային ծառայությունների համարանիշը թվային տասը նիշերի համակցություն է, որը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների` սեռի, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի հիման վրա, ինչպես նաև ներառում է օժանդակ հերթական եռանիշ համար և ճշգրտող մեկ նիշ: Համարանիշը եզակի է և փոփոխության չի ենթարկվում: Հանրային ծառայությունների համարանիշը թույլ է տալիս անհատական տվյալների տեղեկատվական բազաները վարելիս նույնականացնել անձանց վերջիններիս անհատական, թեկուզ և փոփոխված, տվյալներով: Այսինքն, կյանքի ընթացքում փոխելով ծննդյան ամսաթիվ, անուն, ազգանուն կամ այլ անհատական տվյալներ, հանրային ծառայությունների համարանիշը մնում է անփոփոխ:
Ի դեպ, հանրային ծառայությունների համարանիշը, ունենալով տարբեր անվանումներ, բազմաթիվ երկրներում կիրառվել է տարիներ շարունակ` յուրաքանչուր երկրում ունենալով իր գործառնական նշանակությունը:
-Հանրային ծառայության համարանիշից հրաժարված քաղաքացիներին, ըստ օրենքի, տրամադրվում է նույնականացման քարտ, առանց հանրային ծառայության համարանիշի: Սակայն համակարգը առանց շտրիխ կոդի չի կարող գործել. դա գիտությամբ ապացուցված փաստ է, ինչպես նաև շտրիխ կոդերը առանց 666 թվի չեն կարող լինել, ինչի համար էլ մարդիկ հրաժարվում են հանրային ծառայության համարանիշից: Ինչպես սոցքարտերում, այնպես էլ նույնականացման քարտի մեջ ներառված հանրային ծառայության համարանիշը շտրիխ կոդով է ներկայացված: Հիմա, եթե համակարգը առանց շտրիխ կոդի չի կարող գործել, ապա ինչպե՞ս է ստացվել, որ առանց հանրային ծառայության համարանիշի նույնականացման քարտեր են տրվում:
-Նույնականացման քարտում շտրիխ կոդ չի ամրագրվում և փաստաթղթի տպագրման համար գործող համակարգում չեն կիրառվում նմանատիպ պարամետրեր: Եթե 666 թվի առկայության հարցադրումը վերաբերում է հանրային ծառայությունների համարանիշում ամրագրվելուն, թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում դա հնարավոր չէ, քանի որ օրենքի պահանջ է:
«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հանրային ծառայությունների համարանիշը ձևավորելիս «6» թիվը չի կարող հաջորդաբար երեք անգամ կրկնվել:
-Ինչո՞ւ 16 տարին լրացրած տղաներին տրվում է սովորական կապույտ անձնագիր, իսկ աղջիկներին պարտադրվում է նույնականացման քարտ:
-16 տարին լրացած արական սեռի զինապարտ ՀՀ քաղաքացիներին կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը տրամադրվում է մինչև զորակոչային տարիքը լրանալը (մինչև 18 տարեկան), այսինքն, մինչև 2 տարի ժամկետով` կապված 16-18 տարեկան ժամանակահատվածում դիմելու պահից, իսկ 16 տարին լրացած իգական սեռի ՀՀ քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Երկու դեպքում էլ պետական տուրքի վճարը նույնն է` 25000 դրամ: Հաշվի առնելով նշվածը, 16 տարին լրացած արական սեռի նախազորակոչային տարիքի զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն ընձեռվեց իրենց ցանկությամբ ստանալու հին նմուշի անձնագրեր, ինչը խոչընդոտ չէ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար:
-Անձնագրային բարեփոխումները, կարծես, փուլերով են իրականացվում: Ի՞նչ փոփոխություններ են սպասվում առաջիկայում:
-«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, 2015 թվականի հունվարի 1-ից սկսած, նախատեսվում է նույնականացման քարտի հետ տրամադրել պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե, ինչը հնարավորություն կընձեռի օրենքներով նախատեսված դեպքերում պաշտոնական ծանուցումներն ուղարկել էլեկտրոնային փոստի հասցեով:
Մոտ ապագայում կքննարկվի նաև նույնականացման քարտի էլեկտրոնային պահոցում անձի վերաբերյալ այլ տեղեկություններ զետեղելու հարցը, օրինակ, վարորդական իրավունքի վկայականը և այլ անհատական տվյալներ ու փաստաթղթեր, ինչը զգալիորեն կբարձրացնի մատուցվող հանրային ծառայությունների որակը` պետական մարմին-քաղաքացի շփումը հասցնելով նվազագույնի:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ