Այս տարվա պետբյուջեն «թեթևացավ»։ 13 դպրոցների հիմնանորոգման հարցը հանվեց շրջանառությունից։ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր այս առաջարկը հիմնավորեց կատարած ուսումնասիրություններով, որոնք իրականացվել են վարչապետի հանձնարարականով, և հիմք են ընդունվել ՎՊ-ի ուսումնասիրության զեկուցագրերը։ Կառավարության նիստում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն առիթը օգտագործեց և կրկին թվերի լեզվով հնչեցրեց նախորդ տարվա իրենց ուսումնասիրությունների արդյունքները. «Դպրոցաշինության ծրագրի համար ընդհանուր առմամբ հատկացված է եղել 33 մլրդ դրամ, որից 22 մլրդ-ը ծախսվել է, իսկ 11 մլրդ դրամը մնացել է շինարարական աշխատանքներ իրականացնելու համար»։ Թեև թվերը խոսում են, սակայն աշխատանքները լիարժեք չես անվանի, քանի որ հաճախ դպրոցի հիմնանորոգումը տևում է 6-7 տարի։ Գուցե այս քաղաքականությունը պայմանավորված է եղել նրանով, որ քաղաքաշինության նախարարությանը բաժին էին հասնում միայն դպրոցաշինության ծրագրե՞րը։ Ինչևէ։ Այս խնդիրը լուծելու և պետական միջոցները ճիշտ ուղղորդելու նպատակով քաղաքաշինության նախարարն առաջարկեց 13 դպրոցների հիմնանորոգման աշխատանքները տեղափոխել 2016-17 թվականները։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ