Կառավարությունը և ընդհանրապես իշխանությունը ԿԲ-ի «քաշվածն» են: Մեկ ամիս առաջ ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանը պաշտոնապես հայտարարեց, որ դեպի Հայաստան դրամական փոխանցումները չեն նվազել: Այսօր արդեն ԿԲ-ն, երևի թե, ստիպված կլինի այլ երգ երգելու:
Անհնար է ակնառուն չտեսնելու տալ և փաստերը կոծկել կամ էլ փորձել ֆինանսական նկարչությամբ զբաղվել: Արդեն փաստ է, որ դրամական փոխանցումները նվազել են, և այդ միտումը դեռ կշարունակվի: Ե՞րբ վիճակը կկայունանա, կամ ե՞րբ աճի միտում կգրանցվի, ոչ ոք այս հարցին չի կարող պատասխանել: Քանզի նույնն է, թե գտնվի մեկը, ով վստահաբար կասի, թե երբ ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կվերացվեն, ուկրաինական ջրբաժանի խնդիրը կլուծվի, և ՌԴ-ի տնտեսությունը կզարգանա: Եթե այս բոլոր հարցերին հստակ պատասխան տվող լինի, կլինի միակը, ով կկարողանա կանխատեսել նաև, թե երբ կավելանան դեպի Հայաստան դրամական փոխանցումները: Փոխանցումներ, որոնք դարձել են Հայաստանի բյուջեի անբաժանելի մասը: Սակայն, ինչպես ասում են, «խևին խրատն ինչ կանի, սևին՝ սապոնը»: Ասվածը բնորոշ է մեր երկրի բոլոր կառավարություններին:
Դեռևս 98-ից սկսած պետբյուջեի վերաբերյալ իմ հրապարակումներում ասել և մինչ օրս էլ ասում եմ, որ դրամական փոխանցումները տնտեսական կատեգորիա չեն: Հետևաբար, այն ընդգրկել պետբյուջեի եկամտային մասում, նույնն է, թե մարդն իր ընտանեկան բյուջեն կառուցի հարևանի եկամուտների հիման վրա:
Եվ քանի որ մեր երկրի իշխանավորները լրագրողի խոսքին ականջալուր լինելու բնավորություն չունեն, հույս ունեի, որ կհետևեն տնտեսագետների հորդորին, բայց… Այստեղ ևս տեղին է հիշել հայտնի ասացվածքը. «Գելի գլխին ավետարան կարդացին, ասաց՝ ոչխարը սարը գնաց»:
Եվ այսպես, 2015-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթին կողմ քվեարկեց միայն ՀՀԿ-ն: Այլ կերպ ասած, երկրի և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի համար հաջորդ տարվա միակ պատասխանատուն իշխող կուսակցությունն է: Սակայն արդյոք կհաջողվի՞ հանրապետականներին այս ծանր լծի տակից պատվով դուրս գալ։ Իսկապես ծանր հարց է, քանի որ, մի կողմից, Հայաստանի տնտեսությունը դեռ դուրս չի եկել ճգնաժամից, մյուս կողմից՝ Ռուսաստանը «ճկռում» է տնտեսական պատժամիջոցների տակ: Իսկ դա նշանակում է, որ ՌԴ-ից ՀՀ դրամական փոխանցումները գնալով կնվազեն, մինչդեռ դրանք կենսական անհրաժեշտություն են Հայաստանի բյուջեի եկամտային մասի ապահովման համար:
Հաջորդ կարևոր և բարդ գործոնը, որը լուրջ խնդիրներ է առաջացնելու ոչ միայն տնտեսության, այլև բնակչության համար, դրամ-դոլար հարաբերակցությունն է, որը հաջորդ տարվա պետբյուջեում հաշվարկված է 412 դրամ, իսկ այսօր այն արդեն նվազում է: Եվ դա ոչ մի կապ չունի սեզոնայնության հետ:
Եվ այսպես, Հայաստանում կառավարությունները փոխվում են, բյուջեի նկատմամբ մոտեցումը՝ ոչ: Սակայն ակնհայտ է, որ ուրիշի հաշվին ապրողը չի շահում, և ոչ միայն չի շահում, այլև ծուլանում է աշխատել: Այդ օրին հասավ նաև մեր տնտեսությունը: Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք: Այս բարդ իրավիճակում իշխող կուսակցությունը պետք է շատ ճկուն տնտեսական քաղաքականություն իրականացնի, որ երկրում ձևավորված սոցիալական լարվածությունը էլ ավելի չսրվի:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ