Տնտեսագետների հավաստմամբ՝ «Հայաստանի տնտեսության նկատմամբ օտարերկրյա կապիտալի հետաքրքրության որոշակի աշխուժացում է նկատվում»:
Բայց չմոռանանք, որ ներդրումները կոնկրետ փողեր են, որոնք կա՛մ կան, կա՛մ չկան, որքան էլ ասենք «հալվա», դրանից բերան չի քաղցրանա: Ահա թե ինչու որոշեցինք գնալ այդ սպասվող փողերը փնտրելու ճանապարհով և հասկանալ, թե ինչից ելնելով են տնտեսագետները կանխատեսում ներդրումների աշխուժացում:
Օրերս Հայաստանում ներդրումային խոշոր ծրագրեր ֆինանսավորելու իր շահագրգռվածության մասին հայտնեց աշխարհում հայտնի Քուվեյթյան հիմնադրամը: Հետաքրքրական է, որ այս հայտարարությունն արվեց ՀՀ վարչապետի՝ արաբական երկրներ կատարած այցի շրջանակներում: Եթե հաշվի առնենք, որ Քուվեյթյան հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել քննարկելու տարբեր մեծածավալ նախագծեր, սկսած ենթակառուցվածքներից, վերջացրած գյուղատնտեսությամբ և առողջապահությամբ, ապա պետք է ենթադրել, որ հիմնադրամը լրջորեն է տրամադրված: Համենայն դեպս, նման կառույցները դատարկ տեղը խոսել չեն սիրում:
Հաջորդ հնարավոր ներդրումներն ակնկալվում են Կանադայից: Հիշեցնենք, որ վերջերս, կառավարությունում հանդիպման ժամանակ, ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քյուրին, ով գլխավորում էր Կանադայից ժամանած գործարարների պատվիրակությունը, հայտարարեց. «Կանադացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու հարցով»: Այս հայտարարությանը լրատվամիջոցները, կարծես, լրջորեն չվերաբերվեցին, սակայն նկատենք, որ հնարավոր ներդրումների առնչությամբ Կանադայի գործարարները հանդիպումներ են ունեցել հայաստանյան տարբեր շահագրգիռ գերատեսչությունների և գործարարների հետ, դեսպանն էլ իր խոսքում նշել էր, որ այդ հանդիպումների շրջանակներում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:
Հուսանք, որ խոսքը գործի կվերածվի, և Հայաստանը պահը բաց չի թողնի: Իսկ պահը շատ բարենպաստ է ներդրումներ կատարելու համար: Չմոռանանք, որ ԵԱՏՄ-ի ստեղծումով սահմանափակումներ են դրվել այլ երկրներից ապրանքների մատակարարման նկատմամբ: Եթե սրան էլ հավելենք, որ ՌԴ-ն, ի պատասխան եվրոպական տնտեսական պատժամիջոցների, իր պատժամիջոցներն է կիրառում եվրոպական ապրանքների վրա, ապա ավելի լավ տարբերակ, քան Հայաստանում օտարերկրյա ներդրումներով արտադրություն կազմակերպելը, դժվար թե գտնվի:
Գործնականում այս տարբերակը շահեկան է բոլոր կողմերի համար, և, որ ամենակարևորն է, մտավարժությունների շարքից չէ, այլ իրատեսական ծրագիր: Խնդիրը միայն մեկն է` կարողանալ օտարերկրյա կապիտալի համար ապահովել տնտեսաքաղաքական կայուն երաշխիքներ: Ի վերջո, փողը ազգություն չի ճանաչում և գնում ու հաստատվում է այնտեղ, որտեղ «բազմանալու» համար բոլոր պայմաններն ստեղծված են:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ