Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Համալսարանի ամենալավ գովազդը նրա շրջանավարտներն են

Համալսարանի ամենալավ գովազդը  նրա շրջանավարտներն են
10.07.2015 | 11:06

Արտերկրի հետաքրքրությունը ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) նկատմամբ տարեցտարի մեծանում է։ Ընդլայնվում է ոչ միայն համագործակցության աշխարհագրությունը, այլև օտարերկրյա ուսանողների ներգրավվածությունը։ Եթե մինչև վերջերս ՃՇՀԱՀ-ում սովորում էին Իրանից, Սիրիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից ժամանած ուսանողներ, ապա այժմ նկատվում է Հնդկաստանի ուսանողների հետաքրքրությունը համալսարանի նկատմամբ։
«Իմ մաման և պապան որոշեցին, որ պետք է սովորեմ էստեղ։ Այսօր ավարտեցի բակալավրիատը՝ երկու տարի կաշխատեմ Հնդկաստանում, հետո կգամ էստեղ կշարունակեմ մագիստրատուրան։ Շատ գոհ եմ դասախոսներից։ Չեմ մոռանա Ռուբեն Համբարձումյանին, Լուսինե Կարապետյանին, Քնարիկ Ստեփանյանին, բոլորը, բոլորը շատ լավն են։ Բարձր մակարդակով սովորեցրել են մեր մասնագիտությունը։ Այս համալսարանի դիպլոմով ես կարող եմ հանգիստ աշխատել շատ երկրներում։ Հանրակացարանն էլ շատ լավն էր»,- մեզ հետ զրույցում ասաց ՃՇՀԱՀ-ի բակալավրիատի շրջանավարտ Լենին Ֆրանկլինը Հնդկաստանի Մադրաս քաղաքից։ Իսկ ինչո՞ւ է մեր զրուցակցի անունը Լենին. «Պապիկս կոմունիստ չի, բայց սիրում ա Լենինին»,- պարզաբանեց նա։
Այս տարի ՃՇՀԱՀ-ի ավարտական դիպլոմներ ստացան 62 արտասահմանցի շրջանավարտներ, բակալավրիատն ավարտածները 37-ն են, մագիստրատուրան՝ 25-ը։ Բակալավրիատի 37 շրջանավարտների թվում 20-ը՝ ճարտարապետության, 12-ը` շինարարության, 4-ը` դիզայնի և զբոսաշրջության, 1-ը` կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետների շրջանավարտներ էին: Նշենք, որ ճարտարապետներից երեքը վաստակել են կարմիր դիպլոմներ: Մագիստրատուրայի 25 շրջանավարտներից 13-ը ճարտարապետներ են, որոնցից 4-ն ավարտել են գերազանցությամբ, 11 շրջանավարտ դարձել է շինարար, 2-ը՝ գերազանցությամբ, 1 շրջանավարտ ավարտել է դիզայների որակավորմամբ։
Հատկանշական է, որ համալսարանի օտարերկրացի ուսանողների մեջ զգալի է ոչ հայազգի ուսանողների թիվը։ ՃՇՀԱՀ-ի ճարտարապետական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Ավինի գնահատմամբ՝ դասավանդումն իրականացվում է բարձր մակարդակով, մտադիր է ուսումը շարունակել և ավարտել այստեղ։ Ինչո՞ւ են նախընտրում ՃՇՀԱՀ-ն։ «Մեր ընկերները, որոնք ազգությամբ հայ չեն, ընտրում են այս համալսարանը, որովհետև մենք մեր երկրներում պատմում ենք Հայաստանի, մեր պատմական հող ու ջրի, այս համալսարանի մասին։ Նրանք գալիս են Հայաստան, տեսնում են, որ մեր պատմածը իրականություն է, և ցանկություն են ունենում ուսում ստանալու այստեղ»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց ՃՇՀԱՀ-ի այս տարվա շրջանավարտ, իրաքահայ Լևոն Վարդանյանը։
Ինչ խոսք, ցանկացած համալսարանի ամենալավ գովազդը նրա շրջանավարտներն են։ Այս առումով ՃՇՀԱՀ-ը բազմիցս ապացուցել է միջազգային պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու իր արհեստավարժ կարողությունը։ Պատահական չէ, որ այս համալսարանի ճարտարապետություն մասնագիտության դիպլոմը ճանաչել է Ֆրանսիայի կառավարությունը։
Համալսարանի միջազգային ճանաչման մասին են վկայում նաև 61 միջազգային համագործակցության պայմանագրերն առաջատար համալսարանների հետ, ինչպես նաև Իտալիայում, Ֆրանսիայում, Երևանում, Ռուսաստանում պարբերաբար կազմակերպվող մրցույթ-ստուգատեսները, որտեղ համալսարանի ուսանողները միշտ առաջատար դիրքերում են։
Հավելենք, որ օրերս Դանիայի թագավորության արվեստների ակադեմիայի դասախոսները՝ ճարտարապետ Ռոբերտ Գասների, արվեստաբան Մարտին Սոպերգի գլխավորությամբ, ուսանողների հետ իրենց նախաձեռնությամբ ճանաչողական այցով համալսարանում էին, որից հետո ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանին համագործակցության առաջարկ արեցին։
Ի դեպ, համալսարանի նախաձեռնությամբ է անցկացվել «Ճարտարապետություն և շինարարություն. արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որի համակազմակերպիչներն են Չինաստանը, Լեհաստանը, Ռուսաստանը, Չեխիան, Իտալիան: 2016-ին նրանց կմիանա նաև Անգլիան:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ