Նախ, մինչ կանցնենք հաշվելուն, մեկ հարց: Ո՞վ իրականում դիմավորեց Էսհաղ Ջհանգիրին` Իրանի փոխնախագահին: Դեֆակտո` Հովիկ Աբրահամյանը: Իսկ պատահակա՞ն էր պարոն փոխնախագահի այցին զուգահեռ նույն օրը մեկ այլ «էմիսարի»` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ասուլիսը, որը վերածվեց ոչ միայն օրվա տրենդի, այլև «ցնցեց» հայոց քաղաքական դաշտն ու սոցցանցերը:
Հաջորդ հարցը. կարո՞ղ է Հովիկ Աբրահամյանը իրապես կատարել իր «խոստումը», այն է` Հայաստանը պետք է դառնա կամուրջ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև: Ապա և` Ռուսաստանն այդ հարցում ավելի շատ ո՞ւմ կվստահի` Հովի՞կ Ա-ին, թե՞ Արա Ա-ին: Իսկ Հայաստա՞նը: Այժմ հավաքենք այդ բոլոր հարցադրումների ծայրերը:
Այսպիսով` այո՛, ամենևին պատահական չէր, որ նույն օրը հյուսիսը հանդիպեց հարավին` Իրանը` Ռուսաստանին` հայոց հողի վրա: Բանն այն է, որ Ռուսաստանը չէր կարող անտարբեր լինել Ջհանգիրի այցի, Իրանի` տարածաշրջանում նոր դերակատարության հանդեպ, երբ վերջինս գրեթե ունի Արևմուտքի քարտ-բլանշը, երբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ուժգնացման ֆոնին վերացվում են այդ երկրի հանդեպ պատժամիջոցները, երբ տարածաշրջանում տեղի են ունենում լրջագույն վերադասավորություններ:
ՈՒ հենց այդ փուլում Պուտինի հետ համատեղ բիզնես ունեցող, մի քանի անգամ Վլադիմիր Վլադիմիրովիչի վստահված անձ Արա Աբրահամյանի «հայտնությունը» հենց այնպես չէր կարող լինել: Ասել է` Ռուսաստանը փորձում է նոր խաղացող մտցնել հայաստանյան քաղաքական դաշտ, որը նաև, այո, մի՛ զարմացեք, տարածաշրջանային «ուրույն» խաղացող է` իր տեսակի մեջ:
Ահավասիկ` ՌԴ Պետդուման և ՌԴ ԱԳ նախարարությունը դիմեցին Արա Արշավիրի Աբրահամյանին (կարդում ենք «Վիքիպեդիայում») Նիգերիայում ձերբակալված ռուս նավաստիների հարցով: Նիգերիական բարձր իշխանության հետ իր կապերի շնորհիվ Արա Աբրահամյանն ազատեց աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված ռուս նավաստիներին: Հաջորդիվ` Գվինեայից ազատեց-բերեց այնտեղ ձերբակալված ռուս օդաչուներին: Նա եղել է Քադաֆիի ընկերը (դե` հիմա): Ժակ Շիրակը պարգևատրել է Պատվո լեգեոն շքանշանով: Ջոն Քերիի ընկերն է, մասնակցում է նրա ծնունդին և այդպե՜ս շարունակ: Բայդենի` նույնպես:
Հիմա նայենք «ինտեր-տղային» հայաստանյան և, իհարկե, հայոց իշխանությունների ուղղահայացից:
Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի հաշվողական էքստրիմն ու ոսկերչական կարողունակությունները, նաև մարգարեական խոսքերը` «Արա, մի արա, Արա, դու Հայաստանում կունենաս ընդամենը երկու տոկոս ձայն», սույն գործչին, կուսակցություն ստեղծելու, Հայաստանում «կայանելու» համար պետք է նաև հայոց, իսկ առավել ստույգ` սարգսյանական մեկենասությունը` քաղաքական առումով:
Կարվի՞ դա: Որոշակի հաշվարկի դեպքում` այո: Նախ` Արան Հայաստան կբերի փող, շա՜տ փող, ինչն այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է տնտեսական կոլապսից խեղդվող Հայաստանին: Արան Հայաստան կբերի կապեր, ինչպես ինքն է ասել` լուրջ բիզնեսմեններ: Ինչը Հայաստանին «չխանգարա»:
Սակայն մեր աչքին Արա Աբրահամյանը մեկ այլ մեծ «հմայք» ունի. եթե նա և Սերժ Սարգսյանը գան «ստվերային» համաձայնության, և Արայի ստեղծելիք կուսակցությունը լինի ճշգրիտ կառուցված` կադրային տեսանկյունից, տյունինգ կարվի նաև ՀՀԿ-ն` ազատվելով քյարթ-անհասկանալի «տարրերից» (դե ՀՀԿ-ի այդ շերտին կասվի` մրցակցությանը դիմակայելու համար մենք ևս պետք է նորոգվենք-տրանսֆորմացվենք, «բավ սիրեցինք զձեզ, մնաք բարյավ»):
Այս դեպքում արդեն Աբրահամյան 2-րդը կունենա ոչ միայն «գեղագիտական»` տեսանելի, այլև պատմական` անգնահատելի նշանակություն:
Իսկ ինչո՞ւ ոչ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ