Խորհրդարանական հանրապետության առաջին ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել` ուղիղ մեկ տարի, սակայն հայրենի քաղաքական դաշտը դեռևս խոր լեթարգիայի մեջ է, վերաձևավորումներն էլ այնքա՜ն դանդաղ են ընթանում, որ քիչ է մնում մտածես` դա ևս ինչ-որ մեկը պլանավորել է:
Բանն այն է, որ հիմնական խաղացողների` ՀՀԿ-ՀՅԴ-ի շուրջ մյուսները պետք է «շարվեն», ընդ որում, ընդունվելիք նոր օրենսգրքով: Սակայն երկու գործընթացների նկատմամբ էլ հետ-առաջ սկզբունքն է կիրառվում` չկա ու չկա դեռևս տարփողվող ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը, ամեն օր ասում են` «завтра, а может после завтра»: Իսկ Ընտրական օրենսգրքի մասին ընդհանրապես խոսք չկա. ե՞րբ կմտնի այն ԱԺ, ե՞րբ կքննարկվի-կքվեարկվի, որ, ըստ այդմ էլ, այն անհատ-լիդերները, ովքեր ցանկանում են կուսակցություններ ստեղծել, ընդդիմադիր, խաղից դուրս մնացած, խիստ արմատական տրամադրված գործիչներին հավաքել մի տեղ, նախապատրաստվել ընտրություններին, դաշինքներ կազմել` հասկանալու իրենց տեղն ու դերը սպասվելիք զարգացումներում, իրենց անելիքը չգիտեն:
Ասել է` իշխանությունը, ի տարբերություն վերջիններիս, մոտավորապես գիտի իր անելիքը և անում է ամեն ինչ, որ մնացյալ խաղացողները չկարողանան արագ կողմնորոշվել։ Իսկ ժամանակն իսկապես «սեղմում» է:
Հաջորդ քայլով էլ իշխանությունը փորձում է ընդդիմադիր դաշտը ձևավորել` իր պատկերով, և, ի տարբերություն ՀՅԴ-ի, ընդդիմություն է «գործուղում» այս պահին խորհրդարանի երկրորդ ուժ ԲՀԿ-ին, որը, Գագիկ Ծառուկյանին կորցնելուց հետո, այլևս չունի «նախկին էնտուզիազմը»: ԲՀԿ-ին ընդդիմություն գործուղելու պատճառները մի քանիսն են. նախ` իշխանական «սուփրի» վրա այդքան տեղ չկա, որ ԲՀԿ-ի բերաններն էլ ավելանան (էն էլ ի՜նչ բերաններ, որ ինքնակամ ելել-գնացել են Հովիկ Աբրահամյանի մոտ, թե` «տուր զմեզ պաշտոնս հանապազօրյա»): Եվ հետո՝ ԲՀԿ-ն արդեն կազմալուծված է, և փոքրիկ քամին իսկ կքշի նրան` տարրալուծելով-անդամալուծելով կուսակցությունը «ցմրուր», եթե իշխանությունները կամենան: Եվ վերջապես, Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան վերջին տարընթերցումների, հարաբերությունների լարվածության ֆոնին վերջինիս խիստ քաղաքավարի ցուցանում են յուր տեղը քաղաքական զարգացումներում և սպասումներում` ԲՀԿ-ին հրելով դեպ ընդդիմադիր դաշտ, ուր, խոշոր հաշվով, ԲՀԿ-ն անելիք չունի, քանզի վարկածը, թե ԲՀԿ-ն կարող է տեր կանգնել այն բողոքական էլեկտորատին, որն ուներ Գագիկ Ծառուկյանը, առանց Ծառուկյանի միֆ է և «ուղեղի մորմոք»:
«Մորմոքուն» է նաև հաջորդական խաղացողներ Վարդան Օսկանյանի և Արա Աբրահամյանի սպասվելիք ընդդիմամարտը: Եվ որքան էլ Վարդան Օսկանյանը փորձի կուսակցություն ստեղծել, վերաքարտեզագրելով հայաստանյան ընդդիմադիր աշխարհագրությունը, դեռ հապաղում է: Ընդ որում, ստեղծելու դեպքում էլ միայնակ ոչնչի չի հասնելու, քանզի արդեն իսկ լուրեր են պտտվում, թե Արա Աբրահամյանը հետ է կանգնել իր գաղափարից, իսկ ընդդիմադիր դաշտում այլ սատելիտ ուժեր արդեն իսկ փորձում են ինքնուրույն խաղալ և միանալ Վարդան Օսկանյանին, կարծում ենք, չեն ցանկանա: Խոսքն առաջին հերթին Էդմոն Մարուքյանի նորաստեղծ կուսակցության մասին է, որի նկատմամբ, կարծես, ֆորտունան խիստ բարեհաճ է, որքան էլ վերջինս ժխտում է իր կապը «Տաշիր Գրուպի» հետ:
Բայց եթե ընդդիմադիր դաշտում արևմտյան վեկտորի ներկայացուցիչները փորձեն դաշինքով հանդես գալ («Ազատ դեմոկրատներ», Նիկոլ Փաշինյան, մասամբ` «Ժառանգություն», նաև՝ Վարդան Օսկանյան, ինչո՞ւ ոչ՝ ՕԵԿ-«Հայկական վերածնունդ»), ապա հնարավոր է՝ ինչ-որ բան ստացվի:
Սակայն նման միավորումը խիստ անհավանական է: Հետո էլ` հենց այդ և այլ կարգի միավորումները բացառելու համար է, որ իշխանությունն այսպես ձգում ու ձգում է դադարը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ