«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

«Խաչատրյանի մրցույթի ժյուրիի անդամներն ամբողջ ընթացքում համակարծիք են եղել»

«Խաչատրյանի մրցույթի ժյուրիի անդամներն ամբողջ ընթացքում համակարծիք են եղել»
15.06.2018 | 01:29

Ամփոփվեց Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը։ Հիշեցնենք, որ այս տարի մրցույթն անցկացվեց հունիսի 6-14-ին, այս անգամ՝ թավջութակ մասնագիտությամբ: Ժյուրին գոհ է հեղինակավոր ստուգատեսի արդյունքներից: Միջազգային մրցույթների դափնեկիր, մենակատար, կամերային երաժիշտ ՎԻԿՏՈՐ ՈՒԶՈՒՐԸ, որն այս տարվա խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամ է, փաստում է՝ ժյուրին մրցույթի բոլոր փուլերի ընթացքում համակարծիք է եղել:


«Շատ է պատահում, որ տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ են ունենում, բայց մեր պարագայում չեն եղել այլ կարծիքներ. այստեղ իսկական ներդաշնակություն էր տիրում: Ժյուրիի անդամներս շատ գոհ ենք այն առումով, թե ինչպես ենք քվեարկել, գոհ ենք արդյունքներից»,- մեզ հետ զրույցում նշեց է Վիկտոր ՈՒզուրը (Սերբիա/ԱՄՆ):
Միջազգային մրցույթների դափնեկիր երաժիշտը, ում, ի դեպ, Fanfare Magazine-ը որակում է որպես ֆենոմենալ թավջութակահար, վերահաստատում է՝ խաչատրյանական մրցույթը կազմակերպչական առումով շատ բարձր մակարդակ ունի:


«Ինձ առաջին հերթին շատ դուր է եկել մասնակիցների կատարողական մակարդակը, այն բարձր է, շատ տաղանդավոր երիտասարդներ են մասնակցել մրցույթին: Հաճելի էր բոլորին լսել: Երբեմն դժվար էր որոշում ընդունել, բայց ժյուրին լավ աշխատանք կատարեց: Կազմակերպչական մակարդակը բարձր էր, ամեն ինչ շատ լավ էր իրականացված: Սա իսկապես միջազգային մակարդակի մրցույթ է»,- հավելեց ՈՒզուրը:
Նա առաջին անգամ է Հայաստանում, հասցրել է որոշ տեսարժան վայրեր այցելել: Հայաստանով հրապուրված է, փաստում է՝ շատ գեղեցիկ երկիր ունեք, մարդիկ էլ շատ հյուրընկալ են: Հայաստանին ծանոթ է նաև «անուղղակի» ձևով՝ բազմիցս կատարել է Արամ Խաչատրյանի գործերից, ծանոթ է նրա երաժշտությանը: Արտիստը սովորել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում, որտեղ Խաչատրյանի երաժշտությունն ուսումնական ծրագրերում միշտ գերիշխող դիրք ունի:


Անդրադառնալով այն փաստին, որ խաչատրյանական մրցույթի եզրափակիչ փուլ անցած չորս երաժիշտներից երկուսը ռուսական կատարողական դպրոցի ներկայացուցիչներ են, ՈՒզուրը փաստեց, որ Ռուսաստանը բարձր մակարդակի երաժիշտներ է կրթում: Բայց հատուկ շեշտեց՝ տարբեր երաժշտական դպրոցներ չի համեմատելու, քանի որ այնքան էլ կարևոր չէ, թե արտիստը որ երկրի երաժշտական դպրոցն է ներկայացնում. ավելի կարևոր է, որ երաժիշտը տեխնիկապես փայլուն տիրապետի գործիքին, կատարողական և արտիստական վարպետություն ունենա, ինչպես նաև՝ տաղանդ:


Հիշեցնենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթն անցկացվեց ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ